ԳլխավորԼուր

Դակարի պատանեկան Օլիմպիական խաղեր. Աստղիկ Փանոսյանին «մեկ քայլ» չբավականացրեց եզրափակիչին հասնելու համար  

Դակարի պատանեկան Օլիմպիական խաղեր

Աստղիկ Փանոսյանը Դակարի պատանեկան Օլիմպիական խաղերի 100 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 12,83 վայրկյան արդյունքով զբաղեցրել է հինգերորդ տեղը, իսկ կիսաեզրափակչի մասնակիցների ընդհանուր հաշվարկում ՝ տասներորդը ու չի անցել եզրափակիչ (այնտեղ մասնակցելու իրավունք են ստացել 9 մարզիկ)։

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին մեկնարկած խաղերում Հայաստանը ներկայացված է 5 մարզիկով չորս մարզաձևերում՝ լող, բռնցքամարտ, թաեքվոնդո և ատլետիկա:

Նոյեմբերի 1-ին լողորդ Վլադիմիր Վարոսյանը զբաղեցրել էր 20-րդ տեղը, նոյեմբերի 4-ին լողորդուհի Մարգարիտա Գևորգյանը՝ 50-րդ տեղը։

Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը մինչև 65 կգ քաշային կարգում հասել է 1 / 4  եզրափակիչ ու այսօր կմենամարտի Եգիպտոսի ներկայացուցչի հետ։ Այսօր 1 / 4 եզրափակիչում կմենամարտի նաև թաեքվոնդոիստ Դավիթ Գրիգորյանը (մինչև 55 կգ)։

4-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև նոյեմբերի 13-ը: Դրանց մասնակցում են 206 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 2700 երիտասարդ մարզիկներ: Նրանք մեդալներ կխաղարկեն 25 մարզաձևերում։

Հավելենք, որ պատմության մեջ առաջին անգամ են օլիմպիական խաղերն անցկացվում աֆրիկյան մայրցամաքում: