Հայաստանի հանրային գրադարանների ամենապահանջված գեղարվեստական գրքերի հոկտեմբեր ամսվա ցուցակում առաջատար են Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը», Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Սասունցի Դավիթ» էպոսի տարբեր հրատարակությունները, Աննա Ջեյնի «Երկրպագուն» և Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։
Երևանյան գրադարանների առաջատար տասնյակը կազմելուն մասնակցել են Իսահակյանի անվան քաղաքային, ինչպես նաև Աջափնյակի Շառլ Ազնավուրի անվան, Էրեբունի, Կենտրոնի, Նոր Նորք, Նուբարաշենի, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն համայնքների գրադարանները։ Երևանում նույնպես առաջատար հեղինակը Աշոտ Աղաբաբյանն է, որի «Կարդինալը» առաջատար է երևանյան թոփ տասնյակում։ Ռուբեն Եսայանի և Աննա Ջեյնի վերը նշված գրքերը կան նաև Երևանի գրադարանների առաջատար հնգյակում, ինչպես նաև Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն և Արիստոտելի «Պոետիկա»-ն։
Երևանյան գրադարաններում հոկտեմբերին ընթերցողների մեծ պահանջարկ են ունեցել նաև Արիստոֆանեսի «Ամպեր» և «Գորտեր» կատակերգությունը, Չեխովի «Ճայը» պիեսը։ Հավանաբար Արիստոտելի, Արիստոֆանեսի և Չեխովի դրամատուրգիայի նկատմամբ ընդգծված պահանջարկը թելադրված է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների ակտիվությամբ։
Այս ամիս բարձր պահանջարկ են ունեցել Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ», Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը», Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» և Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» մոտիվացիոն գրքերը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



