ԳլխավորԼուր

«Օգոստոսյան մի օր մարդն անհետացավ». Ազգային գրադարանը ներկայացնում է օգոստոսյան «գրահավաքածուն»

Դաշտ, ամառ

«Օգոստոսյան մի օր մարդն անհետացավ: Նա որոշել էր արձակուրդն անցկացնել ծովափին, ուր գնացքով կարելի էր հասնել ընդամենը մեկ օրում: Դրանից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չիմացավ: Թե ոստիկանության որոնումները եւ թե լրագրերում զետեղված հայտարարությունները որեւէ արդյունք չտվին»:

Այսպես է սկսվում ճապոնական արձակի մեծագույն ներկայացուցիչ Կոբո Աբեի հանրահայտ «Ավազուտների կինը» վեպը:

Այսպես է սկսվում նաև «Օգոստոսը գրականության մեջ» խորագրով գրքերի՝ Հայաստանի ազգային գրադարանի ցուցադրության մասին նյութը՝ փորձելով ամրագրել օգոստոսյան թեմատիկայով միավորված գրքերը, որպեսզի «անհետացվածության, մոռացվածության նշույլ իսկ չլինի հանկարծ»։

«Այս «փիլիսոփայական զեղումից» հետո պատմենք, թե ինչ սկզբունքով է կազմվել օգոստոսյան «գրահավաքածուն», ու առհասարակ ինչպես ենք կազմում մեր «Գրքային ամիս» ընդհանուր խորագրով ամենամսյա ցուցահանդեսները (մեր ընթերցողն արդեն ծանոթ է «Հուլիսը գրականության մեջ» թեմատիկ ցուցադրությանը)։

Գրքերը բնականաբար հեշտ է ընտրել, եթե դրանց վերնագրում կամ դրանցում ընդգրկված ստեղծագործություններից որևէ մեկի մեջ կա «օգոստոս» բառը։

Այդպիսի գրքերից են Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոս» ժողովածուն, Վանո Սիրադեղյանի «Չոր օգոստոս» պատմվածքը՝ «Ծանր լույս» ժողովածուից, Հովհաննես Հովակիմյանի «Չոր օգոստոս» պատմվածքը՝ «Չվեպ» ժողովածուից, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Օգոստոսյան վախեր» («Августовские страхы») պատմվածքը «Двенадцать рассказов-странников» ժողովածուից և այլն։

Որոշ գրքերում շատ իրադարձություններ հենց օգոստոսին են կատարվում. Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրքի մի շարք գլուխներում, Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները», «Օդապարուկ թռցնողը», Ալեսսանդրո Բարրիկոյի «Մետաքս» վեպերում, Ուիլյամ Սարոյանի «Իմ անուշ փոքրիկ», Ռեյ Բրեդբըրիի «Լիճը և ուրիշ պատմվածքներ», Խուլիո Կորտասարի «Դեղին ծաղիկ» ժողովածուների պատմվածքներից մի քանիսում և այլն։

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գրքում Տաթևից Անդրանիկն ու իր զորքը Գորիս են շարժվում օգոստոսին։ (Ի դեպ, շնորհակալ ենք Ազգային գրադարանի ընթերցողին՝ հուշումների համար)։

Գրքեր էլ կան՝ տեղով օգոստոս են ու ամառ. Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի»-ն, Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»-ը և այլն։ Չմոռանանք նաև օգոստոսյան թեմայով բանաստեղծությունները (Հովհաննես Գրիգորյան, Հակոբ Մովսես, Ներսես Աթաբեկյան, Ավագ Եփրեմյան և ուրիշներ)։

Օգոստոսյան, ամառային ցանկն իհարկե, այսքանով չի սահմանափակվում։ Դո՞ւք ինչ գրքեր կավելացնեք, սիրելի ընթերցողներ»,-նշված է Ազգային գրադարանի գրառման մեջ։