ԳլխավորԼուր

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները հասանելի են օրական 24 ժամ

Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, որոնք մայիսի 9-ից խափանվել  էին, վերականգնվել են և հասանելի են 24 ժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

«Նախորդ ասուլիսին կարևոր շեշտադրումներ արեցինք: Նշեցինք, որ բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի  ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահված են եղել: Երկրորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, որովհետև դրանց  կոշտ սկավառակները փորձաքննությունից հետո հանել էինք, բացել և տեսել, որ ոչ մի պլատա վնասված չէ: Դա մեզ հնարավորություն էր տալիս եզրակացնելու, որ հնարավորությունը փոքր է, որ այդ սերվերները հնարավոր չլինի գործարկել»,- ասաց նա:

Այժմ իրազեկում են, որ ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են շուրջօրյա ռեժիմով:

Սարիբեկյանի խոսքով՝ հենց սկզբից չեն բացառել, որ խափանման պատճառը կարող է նախապես ծրագրված լինել: Դեպքի առթիվ դեռ փորձաքննություն է իրականացվում  և դեռ չի հերքվել մարդկային դիտավորության, միջամտության գործոնը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն։

Comment here