ԳլխավորԼուր

Նոյեմբերի ամենաշատ ընթերցված գրքերն Ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանը ներկայացնում է նոյեմբերի ընթացքում գրադարանում  ամենաշատ ընթերցված գրքերի տասնյակը։ Գրքերի ընտրությունն արվել է ըստ սպասարկման բաժնում հաշվառված ընթերցողական պատվերների։ Այսինքն, այստեղ ընդգրկված են այն գրքերը, որոնք ընթերցողները պատվիրել են թամանյանական մասնաշենքի ընդհանուր ընթերցասրահում, ինչպես նաև գրադարանի գիտական ընթերցասրահներում։ Առաջին անգամ ցանկում ընդգրկվել են ոչ միայն գեղարվեստական, այլև բոլոր թեմաներով գրքերը։

«Գրադարանում գրքերի տասնյակը ձևավորվում է ընթերցողական պահանջարկի համաձայն։ Այն զգալի չափով պայմանավորված է բուհերի ուսանողների կիսամյակային հանձնարարություններով։

Հավանաբար նոյեմբերին ուսանողների մի մեծ խումբ իրավական թեմայով առաջադրանք է ստացել, որի հետևանքով ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է «Հայաստանի Հանրապետությունում մարդու թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական հիմունքները» գիրքը։

Հակոբ Մարթայանի «Աստուածաշունչը եւ աշխարհաբարը» և Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» գրքերը վստահաբար ԵՊՀ սև շենքի ուսանողների պատվերների ցանկից են, իսկ Թորոս Թորամանյանի «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» ժողովածուն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների նախընտրությունն է։

Երկու գիրք՝ Արտակ Վարդանյան «Նժդեհյան մասունքներ» եւ Ավագ Հարությունյանի «Գարեգին Նժդեհի 1921 թ. Թավրիզի դատավարությունը», թեմայով կապված են և, հավանաբար, դրանց ցուցակում հայտնվելը դարձյալ պայմանավորված է ուսանողական հանձնարարություններով։

Տասնյակի չորս գիրք գեղարվեստական է։ Ֆրանսիացի վիպագիր Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում», աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», հայ ժամանակակից հեղինակ Մելիք Հակոբյանի «Թղթախաղ» և ամերիկացի Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպերն էլ հենց ամսվա ամենընթերցված գեղարվեստական գրքերն են»,-տեղեկացնում են Ազգային գրադարանից։