ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Արամ Գևորգյան. «Հայելու մեջ»

Արամ Գեւորգյան

Արամ Գևորգյանը մասնագիտությամբ մարքեթոլոգ է, ազատ ժամանակ սիրում է արդի թեմաներով պատմվածքներ գրել։ «Հայելու մեջ»-ը նրա առաջին պատմվածքների ժողովածուն է։

Գիրքը կազմված է 4 պատմվածքներից + 1 մանրապատումից, որոնք գրված են տարբեր ժանրերի մեջ, յուրաքանչյուրն ունի իր առանձին սյուժեն ու կերպարները։ Բոլոր պատմվածքները միավորում է դինամիկ պատմասացությունը (storytelling), որի շնորհիվ գիրքը կարդացվում է մեկ շնչով։

Ներկայացնում ենք հատվածներ համանուն պատմվածքից, իսկ գիրքն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։

***

Փաբը, որտեղ փորձում էի գրել պատմվածքս, կահավորված էր փոքր կլոր սեղաններով, անկյուններում դարակների վրա հետաքրքիր արձանիկներ էին շարված, պատերին կախված էին ժամանակակից արվեստի գործեր։ Հնչում էր Դեյվիդ Լինչի միքսը Լայք Լիի հետ։ Աշխատանքային օրվա այդ ժամին քիչ հաճախորդներ կային, ու մթնոլորտը տրամադրում էր ստեղծագործելու։ Բերեցին մենյուն, բայց ես միայն կոֆե էի ուզում։ Կոֆեինի ազդեցությունն իմ համար կենսական է, երբ պետք է կենտրոնանալ գրելու կամ առհասարակ գործ անելու վրա։ Հույս ունեի, որ էս անգամ էլ կօգնի կենտրոնանալ պատմվածքիս վրա, բայց մտքերս անընդհատ շեղվում էին։ Մի ժամից Եվան պիտի գար, ու ես փորձում էի պատկերացնել ինչպիսին կլինի մեր առաջին հանդիպումը։

Երկար սպասելու կարիք չեղավ, նա սպասվածից շուտ եկավ։ Ողջագուրվեցինք ու նստեցինք դեմ առ դեմ։ Եվայի հետ ծանոթացել էի ֆեյսբուքով։ Իրական կյանքում այլ մարդ էր, քան նկարներում։ Հավանաբար, ինչպես աղջիկների մեծ մասը, տարվում էր հեռախոսի ֆիլտրերով։ Թեև ժպտում էր, բայց շարժուձևից զգացվում էր, որ խառնաշփոթ հոգեվիճակում էր ու ինչ-որ պահի տրամադրության ուժեղ անկում էր ապրելու։

— Ո՞նց ես, — սկսեցի մեր խոսակցությունը։

— Տատանողական զգացողություններով, — պատասխանեց Եվան, — լինում են, չէ՞, պահեր, երբ տրամադրությունդ կտրուկ փոխվում ա։ Մուդսվինգինգ էլի։

— Ըհը։ Սովորաբար թվում ա, թե անպատճառ ա, բայց ես կարծում եմ՝ պատճառը մի բանի հանդեպ ակնկալիքներ ունենալն ա ու վախենալը, որ խոչընդոտների ես հանդիպելու։ Անկախ քեզնից տրամադրությունդ ընկնում ա, բայց մինչև ծավալվելը, ի՞նչ կցանկանայիր խմել,- հարցրեցի՝ մատուցողին նշան անելով, որ բերի մենյուն։

Եվան առանց տատանվելու կապուչինո պատվիրեց։ Իմ պես կոֆեի սիրահար էր, իր խոստովանությամբ, օրվա ընթացքում հինգ բաժակից ավել էր խմում։

— Ամեն օր զարթնում եմ ու որոշում, որ էսօր երեք բաժակից ավել չեմ խմելու, բայց հետո զգում եմ, որ չեմ դիմանա ու տենց անցնում եմ իմ լիմիտը։ Չես պատկերացնի՝ երեկ խմել եմ յոթ բաժակ ու արդեն զգում էի, որ կոֆեինի քանակությունն օրգանիզմումս էնքան շատ ա, որ ձեռքերս դողում էին լարվածությունից։

— Հիմա էլ եմ ինչ-որ լարվածություն զգում քո մոտ։ Ինչի՞ հետ ա կապված։

— Ձախողված հարաբերությունների։ Երկու տարուց ավել հարաբերությունների մեջ էի ամուսնացած տղամարդու հետ ու էս վերջերս հասկացա, որ նա կնոջն ա սիրում։

Ակամայից ժպտացի, Եվան դա նկատեց ու միանգամից լարվեց։

— Ի՞նչ որ քմծիծաղ եմ տեսնում դեմքիդ․․․

— Չէ, իրականում անեկդոտ հիշեցի, որ ակտուալ ա էս պարագայում։ Կարող ա լսած լինես․․․

— Իմ ցավի վրա փորձում ես աղ լցնել՝ անեկդոտ հիշելով։

— Չկա նման բան։ Իմ կարծիքով հարաբերություններ պահպանելն էս կյանքում ամենաբարդ բանն ա, մանավանդ, երբ երկու հոգի միավորվում են ու դառնում մեկ մարդ։ Հարցն էն ա, թե նրանցից ո՞վ ա դառնում էդ մեկ մարդը։

***

Փաբում մթնոլորտը դեռ հանգիստ էր։ Վախենում էի, որ մարդաշատ կլինի ու ստիպված կլինենք գոռալով խոսել, որ լսենք իրար, բայց մեր բախտը բերեց․ երաժշտությունը ցածր էր, քիչ մարդ կար, ու ինձ դուր էր գալիս, թե ինչպես էին միմյանց հետ խոսում, առանց ամեն վայրկյան ստուգելու իրենց հեռախոսները, նույնիսկ սեղանների մեծ մասի վրա հեռախոս չնկատեցի։

Մի այսպիսի չգրված կանոն կա․ եթե որևէ մեկի հետ հանդիպելուց (էական չէ՝ լինի դա ընկեր, պոտենցիալ կողակից, թե պարզապես թեթև ծանոթություն) հեռախոսը երեսնիվայր ես դնում կամ առհասարակ սեղանին չես դնում, ապա դրանով դիմացինի ժամանակն ես գնահատում ու ձեր շփման կենտրոնը նա է լինում։ Կան նրբերանգներ, որոնք պետք է զգալ, դիսցիպլինան պետք է զարգացնել, իսկ երբ մարդը յուրացնում է դիսցիպլինայի արվեստը, նրա դեմ խաղ չի լինում։

Բացի այդ էլ, բազմիցս ապացուցվել է, որ սոցհարթակները մարդկանց չեն միավորում, այլ հակառակը՝ բաժանում են։ Հինգից չորս դեպքում, սոցհարթակների վատ ազդեցության պատճառով, կորցնում են այն մարդուն, ում համարում են մտերիմ, հարազատ կամ հետաքրքիր։

— Ես կարող եմ սկսել նրանից, թե ինչո՞ւ գնացի էդ քայլին, — լռությունը վերջապես խախտեց Եվան, — ու նաև ընթացքում կարող եմ վերլուծել որոշ բաներ, որոնք ժամանակի ընթացքում ինձ դրդել են էդ քայլին։

Եվային քաջալերելու համար գլխով արեցի ու դիրիժորի պես ձեռքերս շարժեցի, հասկացնելով որ կարող է սկսել։

— Հարաբերությունների ընթացքում հասկացա, որ ես էն կանանցից եմ, որ նախընտրում են քնել էն տղամարդկանց հետ, ովքեր կնոջ հետ են ապրում, բայց ոչ նրանց հետ, ովքեր մոր հետ են ապրում։

Նման անկեղծ խոստովանությունից հոնքերս վեր թռան, բայց որոշեցի չընդհատել նրան։

— Ճիշտ հարաբերությունները նման են արվեստի, բայց մեր ժամանակներում գերակշռող մասը չի կարողանում արվեստ ստեղծել, ի վերջո այն քչերին է հասու։ Ինձ թվում էր, ես էլ էի էդ քչերից, բայց պարզվեց՝ ոչ։

— Շատերիս ա թվում, որ ունիկալ ենք ինչ-որ տեղ, այնինչ բոլորս էլ նույն բանն ենք անում։

— Իրականում, մեր դարում ոչինչ չի փոխվել, ուղղակի ավելացել են նոր ոճի հագուստն ու զարգացել են տեխնոլոգիաները։ Սոցհարթակում հետևորդների բանակ ունենալուց մեզ թվում ա, որ մենք տարբերվում ենք, բայց երբ բախվում ենք իրական կյանքի հետ, հասկանում ենք, որ ամբոխից չենք տարբերվում։ Ինձ նման շատ այլ աղջիկների էլ են գրավում ամուսնացածները կամ էլ «կոտրված» տղաները։ Ամուսնացածի դեպքում մեզ թվում ա, որ նա դժբախտ ա կնոջ հետ ու մենք կարող ենք նրան փրկել, իսկական սեր տալ, «կոտրված» տղաներին էլ կարող ենք փոխել, ավելի լավը դարձնել, բայց ինչ որ պահի հասկանում ենք, որ մեզ չեն գնահատում ու դառնում ենք չհասկացված։ Ես հարաբերությունների ընթացքում ապրում էի ներկայով, ու հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք նրա համար զուտ քմահաճույք էի, ում հետ ժամանակ էր անցկացնում, թե ինչ որ պահ կար, որ իրոք սիրում էր, կամ որտե՞ղ եմ սխալ թույլ տվել, որ ամեն ինչ էսպես ավարտվեց։ Նմանատիպ հարցերը տանում են փակուղի, բայց երբ սպառիչ ու անկեղծ պատասխաններ եմ տալիս, ինձ փակուղուց դուրս եմ հանում։

***

 — Խնդիր չկա, — ժպտաց Եվան, — ես կարող եմ հիմնավորել թե ինչի այլևս չեմ գնա ամուսնացածի հետ հարաբերությունների։ Նախ՝ էլ երբեք չեմ ուզի երկրորդական դերում լինել, և երկրորդ՝ թռչունը շատ թանկ ա հատուցում, երբ թափանցում ա ձկան համար նախատեսված թագավորություն: Ցանկացած մարդ իր զարգացման վերջնակետին կհասնի էն ժամանակ, երբ գիտակցի, որ անհատականություն լինելը ամենակարևոր նախապայմանն ա բոլոր ասպարեզներում։

Երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ եղել եմ սիրուհու դերում, բայց հարաբերությունների ընթացքում ոչ մի սխալ չեմ արել, չի եղել իրավիճակ, որտեղ ինձ սխալ պահած լինեմ։ Բայց դա կարևոր էլ չի, երբ ամեն ինչ վերջացած ա, էլ պետք չի նայել հետ ու փորձել հասկանալ քեզ սիրում էին, թե չէ, ի վերջո, ինչ եղել ա, արդեն ավարտվել ու էլ նշանակություն չունի։ Կարևոր չեն սկզբնական մտադրությունները, բայց կարևոր ա վերջնական արդյունքը։ Ու պետք չի հավատալ խոսքերին, փոխարենը պետք ա ուշադրություն դարձնել գործողություններին։

— Սովորաբար մենք մեր հարցերի պատասխաններն ունենք, ուղղակի վախենում ենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել, — ասացի ես։

— Համաձայն եմ, բայց երբ վերլուծության արդյունքում գտնում ես պատասխանները, նոր հարցեր են ծագում՝ արդյո՞ք էդ պատասխանները սպառիչ են։ Մյուս կողմից էլ դու չես կարող կիսվել մարդկանց հետ, որովհետև ամեն մեկն ունի իր ճշմարտությունը։

Գլխով համաձայնվում էի նրա ասածների հետ, երբ վերջացրեց, հարցրեցի․

— Կուզեի՞ր նորից լինեիր հարաբերությունների մեջ։

— Կարծում եմ, վաղ թե ուշ նորից հարաբերությունների մեջ եմ հայտնվելու, բայց դեռ չեմ պատկերացնում ինչպես կստացվի։

— Գիտես, ինձ թվումա դու լավ տղայի հետ չես ուզի հարաբերություններ ունենալ, կձանձրանաս։

Եվան ձեռքով փակեց աչքերը, ու ես նկատեցի որ քմծիծաղ է տալիս։

— Էդ հարցում ճիշտ ես, պատասխանեց նա,- Չեմ սիրում լավ տղաներին։ Նրանք ռոմանտիկ են, իսկ ռոմանտիկները նրանք են, ում կյանքում սերն ավելի հաճախ ա պատահում, քան ինտիմը,- ապա շարունակեց, — Տեսնես կկարողանամ իմ փորձն ի շահ երկարատև հարաբերությունների կառուցման օգտագործել։ Ինչքան էլ ցանկանաս, միևնույն ա, չես կարող թաքցնել քո ապագա կողակցից, ի վերջո, եթե քեզ ընդունում են, ուրեմն քեզ ամբողջությամբ պիտի ընդունեն՝ քո բոլոր թերություններով ու առավելություններով։ Լինում են դեպքեր, երբ մինչև լիովին չճանաչեն քեզ, վստահություն չես ներշնչի, էդ դեպքում ավելի լավ ա լրիվ անկեղծ լինել, ու համոզված եմ, կլինեն մարդիկ, ովքեր ըմբռնումով կմոտենան։

— Հավանականությունը մեծ ա, որ կհանդիպես նման մարդկանց, բայց նաև կհանդիպես մարդկանց, ովքեր քեզ լիովին ճանաչելուց հետո կթողնեն, նոր ադրենալին փնտրելու նպատակով, բայց նախօրոք դժվար ա իմանալ։ Պետք ա փորձել, մինչև գտնես։

Ժամը 11-ն էր մոտենում, Եվան հեռախոսին նայեց, ու ես հասկացա, որ մեր հանդիպումը մոտենում է իր ավարտին։

— Կյանքը հիասքանչ ա, եթե ճիշտ ընտրես անտիդեպրեսանտները, -ասեց նա հեռախոսը մի կողմ դնելով։

***

— Տանել չեմ կարողանում օֆիսային կյանքը։ Նախ անիմաստ ժամանակ ա ծախսվում օֆիս հասնելու վրա, հետո, երբ նույնիսկ գործդ արելվերջացրել ես, ստիպված ես սպասել մինչև ժամը գա, նոր կարողանաս դուրս գալ, դուրս գալուց հետո էլ էներգիա ու ցանկություն չի մնում ինչ-որ բանով զբաղվելու։ Ու էսպես օրեցօր ու տարեցտարի, մինչև կյանքը կողքովդ չի անցնում։ Այնինչ պետք ա էնպիսի կայուն ճանապարհ բռնել, որը թույլ կտա օգտվելու կյանքի հաճույքներից, զարգացնելու քո հետաքրքրությունները ու իրագործելու քո երազանքները։ Միայն էդ դեպքում կզգաս, որ չես գոյատևում, այլ ապրում ես։ Գիտե՞ս՝ ինչ ա պետք դրա համար։

— Ի՞նչ, — խորաթափանց հայացքով հարցրեց Յանան։

— Ու՜ժ, — բռունցքներս վերև տանելով՝ ասեցի ես,- ամեն ինչի հիմքը ուժն ա։ Առանց ուժ ոչինչ հնարավոր չի։ Կան ինքնակրթող գրքեր, որ լիքն են մոտիվացնող ցիտատներով, ու կարդալուց քեզ թվում ա, որ դու ուժ ես ձեռք բերում, բայց գիրքը փակելուց հետո մոռանում ես, ինչն էր քեզ էդպես մոտիվացրել։ Պատճա՞ռը։ Նպատակ չունես։ Դոֆամինի պակասը լրացնում ես՝ քեզ ներշնչելով, որ առանց ջանք գործադրելու կստացվի օֆիսից դուրս գալ, ձեռք բերել էն բալանսը, որին ձգտում ես։ Բայց նման բան չկա, քանի որ առաջին քայլն անելը ամենադժվարն ա։ Մեզ միշտ թվում ա, թե նստած տեղից վեր կենալը հեշտ ա։ Էդ էլ ա սխալ։ Քա՜նի-քա՜նի անգամ ա եղել, որ փորձել ես վեր կենալ, բայց ալարել ես։ Ուժը գալիս ա տրամադրվելուց, կայունություն ստեղծելուց։ Էդքանը գիտակցելուց հետո հասկանում ես, որ առջևում շատ աշխատանք կա անելու։

Երկուսով խորը շունչ քաշեցինք, մի քանի րոպե լռությունից հետո Յանան խոսեց․

— Գիտեմ դժվար ա, բայց քեզ պիտի ստիպես տրամադրվել։ Հետագայում լավ կլինի, թե վատ՝ արդեն էական չի, որովհետև գործել ա պետք, թե չէ հետո զղջալու ես, որ ոչինչ չես արել։ Իհարկե ընթացքում տրամադրությունդ անընդհատ փոփոխվելու ա, բայց քանի նպատակը կա, պետք ա առաջ շարժվել։

— Ի դեպ ասեմ՝ ինչի եմ ատում մեր գործատուների աշխատելաոճը, — մի փոքր շեղվեցի թեմայից ես, — գործատուների մեծ մասը երբեք չի հասկանալու, որ համակարգչի դիմաց գործ անելու համար պարտադիր չի օֆիս գնալ, կամ 9-6-ը փտել։ Մյուս կողմից, չգիտես ինչի, օգտագործում են «մենք մի ընտանիք ենք» արտահայտությունը, որը իրականում թունավոր միջավայրի ազդանշան ա։ Եթե գնում ես աշխատանքի ընդունվելու, ու քեզ հարցազրույցի ժամանակ ասում են, որ իրենք մի ընտանիք են, էլ մի մտածի, միանգամից փախի։

***

-Ի դեպ, մարդկանց ուսումնասիրելուց հասկացել եմ, որ, նրանց հաճախ նորություն ա պետք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են «լոքշ» զույգերը բաժանվում, որովհետև իրենց կյանքում դրամա չկա, իսկ անառողջ հարաբերություններում գտնվող մարդիկ տարիներով միասին են մնում, քանի որ ֆիլմ չեն դիտում, այլ ֆիլմ են ստեղծում։ Ռեժիսորը հնարավոր ա փոխվի, բայց դերասանները միշտ մնում են նույն դերում։ Հիմա մենք ապրում ենք մի դարում, որտեղ ոչ մի դոգմա չկա։ Չկա կարծիք, թե ուշ ա քեզ համար մի բան ստեղծել, նոր հարաբերություններ սկսել, առավել ևս ուշ ա քեզ համար նոր բան փորձել։ Չկա էդպիսի բան, քանի որ հնարավորությունները ամենուրեք բաց են յուրաքանչյուրի համար։

— Բայց, երբ էդ հնարավորությունները ստեղծում ենք ու հասնում կարևոր կետին՝ պահել ու զարգացնել, գնալով դժվար ա դառնում, — ասաց Յանան, ես էլ գլխով հաստատեցի։

Մութն ընկել է, բայց կտուրը լուսավորված էր, մի պահ նկատեցի էն անվտանգության աշխատակցին, ում տեսել էի մինչև բարձրանալը։ Վիսկիից հետո մտածում էի, ռոմ ու տեկիլա փորձել, բայց հետո հասկացա, որ պետք չի խառնել ու փոխարենը բաժակիս մեջ նորից լցրեցի վիսկի։ Ինձ դուր էր գալիս անջատվելու պահը, Յանան էլ էր իմ օրին, մենք իրար երկար նայում էինք ու քմծիծաղ տալիս՝ հասկանալով, որ իրոք «մեռած» վիճակում ենք։

— Յանա, — մի կերպ ինձ հավաքելով՝ հարցրեցի, — իսկ ծանոթությունների կայքում գրանցվելը քեզ ինչ-որ օգուտ տվե՞ց։

— Էսպես ասեմ, մնացածը դու կարող ես գուշակել։ Դու էլ գիտես, որ մենք, որպես սոցիումի մասնիկներ, միայնակ չենք կարող լինել։ Ես ունեմ կարիերա, ունեմ անկախություն, բայց բավականաչափ լիարժեք չեմ զգում։ Որոշում եմ հարաբերությունների մեջ լինել, բայց միանգամից գալիս են դժվարությունները, մյուս կողմից պատասխանատվությունը։ — Կյանքը տեղով դժվարություններ է առաջացնում, որոնք շատ դեպքերում չես կարողանում հաղթահարել, անընդհատ պայքարի մեջ ես լինում։ Պատկերացրու, երբ մեր ձեռքում են բոլոր խաղաքարտերը, կյանքը որոշում ա շախմատ խաղալ, — հարբած փիլիսոփայեցի ես։

Յանան ժպիտով նայեց ինձ ու շարունակեց․

— Կա նման բան։ Կառուցողական հարաբերություններ հաստատելու համար, ես հասկացել եմ, պետք չի լինել պահանջատեր։ Չնայած, ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ծանոթության կայքերը պարզապես իլյուզիա են։ Թվում ա, որ արագ կստանաս էն, ինչ ուզում ես, բայց ունենում ես տարբեր փորձեր ու հասկանում, որ ոչինչ արագ չի լինում, ոչինչ միանգամից չի տրվում։ Իմ փորձառությունն ինձ օգնում ա հասկանալ, որ ամեն ինչ հնարավոր ա, եթե ճիշտ օգտագործեմ իմ ձեռքի տակ եղած գործիքները, բայց մյուս կողմից հարաբերությունները նենց բան են, որ միակողմանի ոչինչ չես կարող անել, այնինչ ծանոթության կայքերը փորձում են հակառակը համոզել։