Ներկայացնում ենք արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի (8.12.1955-8.01.2014) «Անձրև» պատմվածքը։
***
Գործակալը զանգահարեց նրանց տուն ու հայտնեց, որ խաղարկության ժամանակ նրանց խնայդրամարկղի գրքույկը շահել է։ Ամուսնության երրորդ ամսին բաժանվել էին ծնողներից ու Ախալքալաքից եկել մայրաքաղաք։ Հազար ռուբլի ծնողներն էին տվել, հազար էլ` աներանք։ Այստեղ իրար հաջորդող հաջողությունները այնքան շատ էին, Մելիքը զարմացած էր, թե ոնց էին գյուղում մեծ քաղաքից ահաբեկված, իրեն հորդորում ետ կանգնել մայրաքաղաք գնալու մտադրությունից։ Ձեռնափայտին կռթնած ծեր ուսուցիչը լուռ էր, երբ ինքը վերջնական հայտարարեց, որ գնալու է։ Նա դարձյալ գլուխը կախ խորհում էր ու ոչ մի բառ չասաց` գնաց տուն։
Վարձով տունը, հեռախոսն էլ մեջը, այնքան հեշտությամբ գտան, որ նույնիսկ կարելի էր զարմանալ։ Մտածում էին, որ մայրաքաղաքում շուտով ծանոթներ կունենան ու իրենց էլ զանգահարողներ կլինեն։ Մի թաղամաս այն կողմ իրենց կողմերից մի պաշտոնյա էր բնակվում, երկու օրում կարգավորեց Մելիքի աշխատանքի հարցը, ու նա երկուշաբթվանից պիտի աշխատեր, այն էլ քաղաքի ամենաեկամտաբեր երթուղու վրա։
Նինելի աչքերը երջանկությունից շողում էին, խնայդրամարկղում հազար ռուբլի շահել էին, ու իրենց ունեցած գումարը կդառնար երեք հազար։ Նա առաջարկեց այդ գումարից մի քիչ առանձնացնել ու իրենց երկրացի պաշտոնյայի լավության տակ չմնալու համար մի լավ նվեր առնել։ Կամ նրան, կնոջ հետ հրավիրել իրենց տուն` խորովածի, վերջում նվերը մատուցել։ Մելիքը մտածեց, հետո ասաց, որ խելացի բան չի խոշոր գումարից մի քանի հարյուր ռուբլի նվերի համար ծախսելը։ Նվերը հնարավոր է աշխատավարձից կամ կողքից եկած եկամուտից էլ առնել։ Նինելը առաջարկեց գոնե մարդամեջ դուրս գալու համար գնալ դերձակի մոտ ու իրեն կապույտ ու լայն շրջազգեստ պատվիրել։ Հետո ինքն էլ հրաժարվեց` մտածելով, որ եղածները կարող է ձևափոխել և լավ մտածելու դեպքում` գնալու տեղ էլ չկար։
Մելիքը շատ էր երջանիկ, ականջը սեղմած Նինելի կլորիկ փորին, շշուկով հայտարարեց, որ մինչև գարուն էլի մի հինգ հարյուր ռուբլի ետ կգցեն ու կգնեն ամենաէժան մեքենաներից։ Եկող տարի մեքենայով կգնան գյուղ, մինչ այդ երեխան էլ մի տարեկան կդառնա։ Նինելն այնքան էլ կապված չէր գյուղի հետ։ Մելիքին չտխրեցնելու համար համաձայնեց, մտածելով, որ մեկնելու ժամանակը որ գա, գուցե և ծովափ գնան։ Գյուղում Մելիքի սիրած աղջիկը ամուսնացել էր ուրիշի հետ, ու նա անձրև օրերին շատ էր տխրում։ Դրա համար էլ գյուղից դուրս գալու գաղափարին բոլորից շատ Նինելն էր կողմնակից։ Եվ ճիշտ դուրս եկավ, Մելիքը այլևս չէր թախծում արցունքավորվելու աստիճան։ Այստեղի անձրևները մի քիչ ուրիշ տեսակ էին` խշշոց ու բուրմունք չունեին, տաք էին և չէին էլ կերպարանավորվում։
Մինչև երկուշաբթի մի օր էր մնացել, ու նրանք փորձարկում էին կանգառների անունները, որ Մելիքը բարբառային պայթեղ խուլ բաղաձայնները չխոթի ամեն բառի մեջ ու երթևեկողների մեջ ծիծաղ չառաջացնի։ Մելիքը կանգառների անունները ցուցակավորել էլ թղթի վրա ու քայլում էր խոհանոցից սենյակ, սենյակից խոհանոց` հայտարարելով կանգառները․ «Հարքելի քաղաքացիներ, շամփայն գինիների գործարան, խնդրում եմ տոմսեր վերցրեք, ընգերներ, ով է բանալի կորցրել, թող մոտենա ինձ»։ Նինելը մի քանի անգամ ուղղեց, որ արտասանվում է ոչ թե «հարքելի», այլ` «հարգելի», ոչ թե «շամփայն», այլ` «շամպայն», արտասանվում է «ընկերներ», կ-ի շեշտադրությամբ և շատ հնարավոր է, որ բանալիի փոխարեն կորցրած լինեն փողի քսակ, հարկավոր է հայտարարել` «Ով է դրամապանակ կորցրել, թող մոտենա ինձ»։ Դրամապանակը արտասանել անպայման պ-ով։ Ու հայտարարությունը հարկավոր է մի քիչ էլ վստահ տոնով անել, որ քաղաքաբնակների կողմից ուշադրության արժանանա։ Արդեն երկու շաբաթ էր, որ նրանք ամեն օր, առավոտից մինչև իրիկուն կրկնում էին երթուղու տասնհինգ կանգառների անունները` զտելով բարբառային պայթեղ բաղաձայններից։
Նինելը հետո հիշեց շահած հազար ռուբլին, հիշեց, որ բուրմունք և կերպարանափոխություն ունեցող անձրևից կարողացել են խուսափել, սիրտը թրթռաց, համբուրեց Մելիքի այտը։ Պատկերացրեց, թե նա ոնց կնստի տոմսավաճառի բարձր աթոռին, մազերը խնամքով փայլեցրած, կողքի սանրած ու առանց բարբառային պայթեղ խուլերի կհայտարարի` «շամպայն գինիների» կանգառը։ Այս հաջողությունը, որ իրենց վրա է թափվել, գուցե և օգնի, որ Մելիքը մի տեղ հեռակա բաժին ընդունվի սովորելու ու գիտեր, որ ինքը Մելիքին կօգնի, մարդ կդարձնի։
Երկուշաբթին` աշխատանքային օրը ավարտվում էր։ Մելիքը մի քիչ երջանիկ էր, մի քիչ` հոգնած։ Պլանը կատարել էր, մի բան էլ ավելի։ Վերջին երթուղին էլ կկատարեին ու տուն կգնար։
Սկսեց տաք անձրև տեղալ, մարդիկ շտապով լցվում էին խանութներն ու ավտոբուսը։ Այդ պահին տանը Նինելը բազմոցին ննջում էր։ Սարսափահար նա վեր թռավ, վախեցած` մանկան հանկարծակի շարժումից… Մայթերին ծաղիկների նման բացվեցին գունավոր անձրևանոցները։ Հետո բարձունքի կանգառներից մեկում Մելիքը նկատեց, որ ներքևում, գույնզգույն լույսերի մեջ փռված քաղաքը անսահմանորեն գեղեցիկ է։ Ավտոբուսը ուզում էր շարժվել, հանկարծ մեկը կանչեց, ձայնը շատ էր ծանոթ։ Նայեց ավտոբուսում եղածների դեմքին, նայեց շուրջը։ Կանչը կրկնվեց, թիկունքից` իրենց գյուղացիների ձայնային ելևէջներով․ «Մելիք, Մելիք…» արտասանողը ավտոբուսի մեջ չէր։ Գլուխը դուրս հանեց, տեսավ` անձրևն էր։
Ավտոբուսի դռները փակվեցին, սլացող բեռնատարը, թափքով հպանցիկ բախվեց դռների արանքից դուրս մնացած Մելիքի գլխին։ Խշշացող, տաք ու հորդառատ անձրև էր գալիս։