ԳլխավորՄի կտոր գիրք

«Չաստվածաշունչ». Հովիկ Աֆյան

Երբ երիտասարդ էր, հավատում էր, որ սիրուց ատելություն մեկ քայլ է, ինչպես երեւի բոլոր երիտասարդներն են հավատում: Իրականում դրանք կապ չունեն իրար հետ. առանց սիրելու հնարավոր է ատել ու առանց ատելու սիրել լինում է: Ուզում ես սպանել, ում սիրում ես, ուզում ես բռնաբարել, ում սիրում ես, ուզում ես, որ բացվի անդունդն ու նա ցած ընկնի հենց հրաբխի լավայի մեջ, բայց դա ատել չէ. մահակամեցողությունը ատելություն չէ. մահը ամենամեծ մարդասիրությունն է, ինչպես Աստծո որդին ցույց տվեց: Ատելը մոռանալն է, չնկատելն է, չհիշելն է, գիշերները հանգիստ քնելն է ու երազում նրան վարդերի այգում կամ արյունաքամ վիրավոր չտեսնելն է, նույնիսկ արհամարհանքը չէ, քանի որ արհամարհելուց անգամ մտածում ես նրա մասին: Ատելն ու սիրելը ընդհանուր արյուն չունեն, չնայած երկուսի դեպքում էլ գինի ես խմում:

Պատվիրեց հինգերորդ բաժակը եւ մեկ շիշ: Կին չունեցող տղամարդիկ շատ են խմում՝ գրեթե կին ունեցողների պես: Ծեր կանանց չէր էլ նայում, նրանց ոչ ոք չի նայում, նույնիսկ եթե նա, ում սպասում ես, նրանցից մեկն է: Վարդուշն ուշանում էր: Իսկ կա՞ մի քաղաք, որտեղ ավելի շատ սիրում են, քան ատում, ինչ-որ մեկը սա չափե՞լ է: Ի դեպ, հրաշալի գործ է՝ ընկնել քաղաքից քաղաք ու չափել սերն ու ատելությունը: Համբուրվող զույգերի թիվը հաշիվ չէ. համբույրը սիրո մեջ գործոն չէ, կարեւորը համբույրից հետոն է: Եթե առանց սիրո երեխաներ են ծնվում, ուրեմն անսեր համբուրվում էլ են…Նախ պետք է պարզել՝ քաղաքում հիշողություն կա՞: Եթե կա, ուրեմն այնտեղ և սիրում են, և ատում: Հետո պետք է հասկանալ, քաղաքում բողոք կա՞, եթե կա, ուրեմն սեր կա, եթե ոչ, ուրեմն մարդկանց մեկ է, կնշանակի՝ ատում են: Ավելի լավը դառնալու եւ ստեղծելու ձգտում, ահա սերը, եւ փոխվել ու փոխել թույլ չտվող ուժ՝ սա էլ ատելությունը: Սերը դեպի վեր ձգտում է, ատելությունը՝ գետնին պահող ուժ: Դրախտի ու դժոխքի պես:

Երբ գինի խմելիս մտածում ես դրախտի ու դժոխքի մասին, ուրեմն արդեն հարբում ես: 75-ամյա Ժորան կես էր արել նոր պատվիրած գինու շիշը: Բժիշկները նրան արգելել էին խմել ու ծխել, բայց ի՞նչ է արգելքը՝ սիրող մարդու համար: Շուրջբոլորը վստահ էին, որ Ժորան հարբեցող է, ոչ ոք չէր կռահում, որ նա սպասում է: Վարդուշը չէր գալիս: Կամ գուցե եկել էր, կողքի սեղաններից մեկի մոտ նստել ու ինքն էլ փորձում էր գտնել Ժորային, կամ գտել ու սպասում էր, որ իրեն գտնի. մարդիկ ունեն նման աննորմալ, մազոխիստական, ինկվիզիցիոն հնարքներ՝ նայել երջանկության ուղիղ աչքերի մեջ ու սպասել, որ առաջինը նա ժպտա:

Ժորան փակեց աչքերը: Երբ ծերանում ես՝ փակ աչքերով ավելի շատ մարդ ես տեսնում, քան բացված աչքերով, քանի որ քեզ ծանոթ մարդկանց մեծ մասին այլեւս հնարավոր չէ տեսնել առանց աչքերը փակելու:

Հովիկ Աֆյան

Պատմվածք («Վարդուշն ուշանում էր») «Չաստվածաշունչ» գրքից

Comments (1)

  1. […] շատ հոգեհարազատ է Հովիկ Աֆյանի ձեռագիրը: Նրա «Չաստվածաշունչը» պարբերաբար վերընթերցել ու արտասվել […]

Comment here