ԳլխավորՄի կտոր գիրք

«Մուսա լեռան 40 օրը». Ֆրանց Վերֆել

Ներկայացնում ենք հատվածներ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի (10.09.1890-26.08.1945) «Մուսա լեռան 40 օրը» վեպից։

***

Պապի հետ կապված մտորումները Բագրատյանի վրա ներգործեցին ճիշտ այնպես, ինչպես Մուսա լեռը։

Մի քանի շաբաթ առաջ, երբ նա կրկին տեսավ իր մանկության սարը, որն իրիկնային երկնքում աղջամուղջով էր վարագուրվում, նրան տիրեց մի աննկարագրելի զգացում` թե՛ երկյուղ ազդող, թե՛ միաժամանակ սրտապարար։ Այգ զգացումն այնքան խորն էր, որ կանխեց խորհրդածությունների հեղեղը։ Եվ Գաբրիելն իսկույն հրաժարվեց դատողություններ անելուց։ Ի՞նչ էր դա՝ նախազգացման առաջին սարսո՞ւռը, թե՞ քսաներեք տարվա հետևանք։

Քսաներե՜ք տարի Եվրոպայում, Փարիզում։ Լիակատար ձուլման քսաներե՜ք տարի։ Դրանք ազդեցին կրկնակի և եռակի ուժով։ Ամեն ինչ ջնջեցին։ Ծերունու մահից հետո ընտանիքը ցաքուցրիվ եղավ։ Ազատվելով տան նահապետի նեղ հայրենասիրությունից, բոլորը հեռացան իրենց արևելյան անկյունից։ Ֆիրմայի հիմնական կենտրոնը մնաց դարձյալ Ստամբուլը, բայց Գաբրիելի ծնողներն իրենց երկու որդու հետ արդեն ապրում էին Փարիզում։ Ավագ եղբայրը, որը տասնհինգ տարով մեծ էր Գաբրիելից և որի անունը նույնպես Ավետիս էր, վաղ հեռացավ։ Իբրև ներմուծման կառավարչի օգնական, նա վերադարձավ Թուրքիա։ Իզուր չէր կրում իր պապի անունը։ Եվրոպան նրան չէր հրապուրում։ Դա մենություն սիրող տարօրինակ մարդ էր։

Ցողոնօլուքի ամառանոցը, երկար տարիներ լքված մնալուց հետո, վերստացավ իր երբեմնի շուքը։ Ավետիսի միակ թուլությունը որսորդությունն էր։ Այս նպատակով նա հաճախ էր բարձրանում Տավրոսի լեռները, թափառում Հորանում։ Գաբրիելը, որն իր եղբոր մասին աղոտ պատկերացում ուներ, Փարիզում գիմնազիա ավարտելուց հետո ուսանեց  Սորբոնում։ Ոչ ոք նրան չպարտադրեց վաճառականի մասնագիտություն, որի համար, ի զարմանալի տարբերություն ամբողջ տոհմի, երիտասարդը նվազագույն չափով անգամ պիտանի չէր։ Եվ նա հնարավորություն ստացավ ապրելու որպես գիտնական և գեղարվեստասեր, որպես հնէաբան, արվեստի տեսաբան, փիլիսոփա։

Ի դեպ, տարեկան եկամուտն այնքան էր, որ նա կարող էր վարել ազատ, բարեկեցիկ կյանք։ Տակավին պատանի էր, երբ ամուսնացավ Ժուլիեթի հետ։ Այս ամուսնությունը նրա կյանքում շատ խորը փոփոխություն առաջացրեց։ Ֆրանսուհին նրան իր կողմն էր քաշում։ Գաբրիելն արդեն ավելի շուտ ֆրանսիացի էր։ Նա որոշ չափով հայ էր միայն ակադեմիական իմաստով։ Այնուհանդերձ գլուխը լրիվ չէր կորցնում և հայոց թերթերում երբեմն տպագրում էր իր գիտական հոդվածները։ Դրանից բացի, իր տասնամյա որդու՝ Ստեփանի համար հայոց լեզվի ուսուցիչ վարձեց՝ մի հայ ուսանողի, որպեսզի սա իր որդուն կրթեր իրենց նախնիների լեզվով։ Ժուլիեթն սկզբում դա համարում էր խիստ ավելորդ, նույնիսկ վտանգավոր։ Բայց քանի որ Սամվել Ավագյանը վարվեցողությամբ հաճելի երիտասարդ էր, ֆրանսուհին, նահանջողական մի քանի ճակատամարտ մղելուց հետո այլևս չդիմադրեց։  Ամուսնական գժտությունները շարունակ արմատներ էին գցում թե՛մեկի, և թե՛ մյուսի մեջ։

Որքան էլ Բագրատյանը փորձում էր օտարանալ, ժամանակ առ ժամանակ տարվում էր իր ժողովրդի քաղաքականությամբ։ Քանի որ լավ տոհմից էր սերում, հայ առաջնորդներից մի քանիսը Փարիզում եղած ժամանակ նրան այցելում էին։ Նույնիսկ դաշնակցական կուսակցության մանդատ առաջարկեցին։ Գաբրիելն այս անհիմն առաջարկը սոսկումով մերժեց, թեև մասնակցեց այն հայտնի կոնգրեսին, որը 1907 թվականին միավորեց «Երիտասարդ թուրքերին» և հայ ազգային կուսակցությունը։ Ստեղծվելու էր մի նոր պետություն, որտեղ բոլոր ազգերը կողք կողքի ապրելու էին հաշտ ու խաղաղ, առանց ոտնահարելու միմյանց պատիվը։ Նման մի նպատակ կարող էր ոգեշնչել նույնիսկ օտարացածին։ Այդ օրերին թուրքերը հայերի հասցեին շռայլում էին ամենաընտիր հաճոյախոսությունները և սեր էին բացատրում։

***

Այսօր Ժուլիեթի սրտում տեղի էր ունեցել մի ներքին փոքրիկ պայքար։ Առիթը զգեստն էր, որով պետք է ընդուներ իր նոր հայրենակիցներին։ Մինչ այդ, պայմաններից ելնելով, նա միշտ չափազանց պարզ էր հագնվում, քանի որ անպատշաճ, ավելորդ բան էր համարում «այդ չտես կիսավայրենիներին» կուրացնելը։ Բայց վերջերս նկատել էր, որ հյուրերի վրա թողած մոգական տպավորությունն իր վրա էլ է անդրադառնում։ Գայթակղությանը չդիմանալով՝ պահարանից հանեց իր տոնական լավագույն զգեստը։

«Ա՜խ, անցյալ տարվա գարնանից է մնացել,— մտածեց նա շորը փորձելիս։ — Եթե փարիզյան տանը լինեինք, չէի համարձակվի սրանով երևալ մարդկանց աչքին»։

Փոքր-ինչ տարակուսելուց հետո դուրս բերեց նաև շքեղ զգեստին վայել զարդերը։ Սկզբնական մտահղացումը, որից մինչ այդ ամաչում էր, նրան հանկարծակիի բերեց։ Գեղեցիկ կանանց շրջապատում գեղեցիկ լինելը վեհացնող զգացում է, բայց դա երկարատև գոհացում չի տալիս։ Մարդ միայն մեկն է շատերից։ Արևմտյան հեռավոր աշխարհի զբոսավայրերում, թատերական  սրահներում ու ռեստորաններում կինը մեծաթիվ դերակատարների հետ խաղացող գեղեցիկ ստատիստուհի է։ Բայց այստեղ, օտարազգի հավատացյալների շրջապատում, այս խոշորաչյա, ամաչկոտ հայերի համար լինել անհասանելի սրբապատկեր, Աթենաս-Պալլաս, միակ ոսկեհեր, խարտիշագեղ տիրուհին՝ սա արդեն սովորական ճակատագիր չէ, այլ այնպիսի մի իրադարձություն, որից երիտասարդորեն շիկնում են կնոջ այտերը, բոցավառվում շուրթերը, փայլատակում բիբերը։

Գաբրիելը Ժուլիեթին տեսավ շրջապատված հլու-հնազանդ երկրպագուներով, որոնք նրա հանդեպ որևէ ցանկություն դրսևորել չէին հանդգնի։ Նկատեց, որ կնոջ այտերը շառագունել են, իսկ շուրթերը վառվում են, կարծես քսանամյա աղջիկ լիներ։ Երբ Ժուլիեթը շարժվեց, Գաբրիելը ճանաչեց նրա «հրացայտ քայլվածքը», ինչպես դա ինքն էր մի անգամ անվանել։ Թվում էր, թե ֆրանսուհին Յողոնօլուքում գտել է ամուսնու հասարակ հայրենակիցների սրտի ճանապարհը, նա, որ Եվրոպայում հաճախ էր առարկում ամենաուսյալ և ընտրելագույն հայերի հետ շփվելու դեմ։

***

Բազմությունը կանգնած էր, չգիտես ինչու, այնպես տառապագին սեղմված, որ ավելի սակավաթիվ էր թվում։ Միայն հեռվում, որտեղ հինավուրց ծառերի արանքում բացատ էր գոյացել, մի քանիսը բազմությունից առանձնացած՝ նստել էին ծալապատիկ, հենվել ծառաբներին, պառկել։ Կարծես այլևս նրանց չէր վերաբերում սեփական կյանքը։

Երբ Գաբրիելը նայեց ժողովրդին, իր հարազատ ժողովրդին, հանկարծ համակվեց զարհուրանքով։ Սիրտը սարսափից թպրտաց։ Դարձյալ իրականությունը միանգամայն այլ դուրս եկավ, քան ինքն էր պատկերացնում։ Կարծես նույն մարդիկ չէին, որոնց ինքն ամեն օր տեսնում էր գյուղերում, և որոնք իր խիզախ ծրագրի հենարանն էին։ Չռված աչքերից մահասարսուռ խստություն և դառնություն էր հառնում։ Չորս կողմից նայող դեմքերը կարծես կծղած մրգեր լինեին։ Նույնիսկ երիտասարդների այտերը թվում էին կնճռոտ, թառամած։

Գաբրիելը շրջագայում էր գյուղերի կյանքն ուսումնասիրելու նպատակով, մտնում էր տները, արհեստանոցները, բայց երևի ճշմարտությունը նույնքան քիչ էր իմանում, որքան այս կամ այն վայրով անցնող ճանապարհորդը կառքի միջից։ Այժմ, այս հույժ տագնապալի ժամին, առաջին անգամ տեղի ունեցավ ժողովրդից կտրված որդու և ժողովրդի շփումը։ Այն ամենը, ինչ մտածել ու կշռադատել էր,  հօդս էր ցնդում։ Այնքան օտար, այնքան խորթ էին մարդկանց հայացքները, որոնց ուզում էր իր հետ տանել դեպի փրկություն։

…Գաբրիելը սառույց կտրած ձեռքով շոշափեց իր անգլիական կոստյումը. մատները կարծես եղինջի դիպան։ Եվ իսկույն հարց ծագեց. «Եվ ինչու հատկապես ինքս։ Ինչպե՞ս եմ հետները խոսելու»։ Ստանձնած պարտականությունը, իբրև արևի խավարում, նրա միտքը վարագուրեց իր չղջկային թևերի ստվերով։ Ինչ ողորմելի միտք. հեռանալ այստեղից, հենց այսօր։ Միևնույն է, թե ուր։