ԳլխավորՄի կտոր գիրք

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ». Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյան

Հայ գրող և բանաստեղծ, «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակ Միքայել Նալբանդյանի (1829-1866) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատված նրա «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունից։

***

Հյուսիսային Ամերիկան Հարավային Ամերիկայի միջից ստրկությունը վերացնելու համար, ուրեմն ազատության անունով, պատերազմ բացեց հարավային մասի դեմ. քանզի այս մասը չէ հոժարում վերցնել յուր միջից մարդկության նախատինքը, մարդավաճառ ստրկությունը։ Այն ո՛ր սիրտն է, որ համակրություն չունի դեպի հյուսիսային Ամերիկայի այս դյուցազնական անձնազոհությունը, ո՛ր խղճմտանքն է, որ հաշտ կարող է մնալ Հարավային Ամերիկայի մինչև այժմ բռնած ընթացքի հետ։

Բայց, չնայելով այս բոլորի վերա, քիչ մնաց, որ Անգլիան պատերազմ հայտնե Հյուսիսային Ամերիկային. և թե չհայտնեց ապա ուրեմն ակամա, քանզի հաղթությունքը, որ տանում են այժմ հյուսիսայինք հարավայնոց վերա, շատ և շատ ծանրանում են Անգլիո սրտին։

Անգլիան ուրախ էր, մինչ սորանից մի քանի ամիս հառաջ, հարվածհ հարվածի քամակից ընդունում էր հյուսիսային Ամերիկան։

Այս ի՛նչ բաբելոնյան խառնակություն է, կարող է մտածել մի մարդ։ Անգլիան, այն ազատ երկիրը, որի և պսակյալ գլուխը չէ կարող ժխտել վերջին սոսկականին, նորա անձնավոր ազատությունը և իրավունքը, կարելի՞ բան է, որ համակրություն ունենա դեպի հարավային Ամերիկան, ուրախանա նորա հաղթութեններով և տրտմի, երբ հաղթահարված էր ստրկություն քարոզողը, մարդը իբրև անասուն գործածողը։

— Այո՛, այո՛, այդ ազատ Անգլիան։ Բայց այս չէ բխում կառավարության հաճույքից, նա ստիպված է…

Ամերիկան պատերազմ ունի յուր մեջ, չէ կարող բամբակ տալ Անգլիային, նորա բամբակեղեն ապրանքի գործարանքը փակվում են, գործարանատերքր սնանկանում և անգործ մնացած բյուրավոր գործավորքը օրական հացի կարոտ և վերջին հուսահատության մեջ։ Այսքան վնաս հառաջացավ միմիայն պատերազմի պատճառով, ժամանակավորապես բամբակ չգալուց, ապա եթե հարավային Ամերիկայի միջիցմ ստրկությունը վերնա և բամբակի և այլ բուսականների մշակությունը ընկնի, այն ժամանակ ի“նչ պիտի լինին անգլիական գործարանների և գործավորների վիճակը։ Իրավու՞նք է այս, կամ ստրկությունը վերնալով, հիրավի պիտի ընկնին այդ մշակությո՞ւնքը, ինչպես կամին հավատացնել հարավայինը, այդտեղ չէ մեր խնդիրը։ Ներկա պատերազմի այսօրվա հետևանքը, մեք ընդունում ենք որպես իրողություն։

Մեր աչքի առջև են բյուրավոր անգործ գործավորը, որ տանջվում են սովից և վերջին ճիգն են թափում, պատերազմելով մի ծայրացյալ աղքատության հետ։

Երևակայեցե՛ք բյուրավոր ընտանիք, որոնց մի անդամը գործելով մի գործարանի մեջ և ստանալով շաբաթը մի քանի շիլլինգ, ապրում էին որպես և իցե. այժմ այն գործավորը դարձած յուր չքավոր ընտանյաց մեջ չէ կարող և այն միքանի շիլլինգը ճարել ընտանիքը ապրեցնելու համար։

Անգլիո մեջ որևիցե մի ձեռագործի ընկնելու կամ ընթացքից զրկվելու հետ կապակից է բյուրավոր անհատների թշվառությունը։ Մի տեսակ ժապավեն, որ առաջ գործածական էր, դուրս ընկավ սովորութենից և ժողովուրդը դադարեցավ գնելուց, սորանից ավելի ինչ հասարակ բան կարող է լինել։ Բայց եկեք նայենք այս հասարակ բանի հետևանքին։ Հազարավոր խանութներ, հարյուրավոր գործարանը և բյուրավոր գործավորը մնացին դարձյալ անգործ, անհաց, անտուն և անտեր։

Բողոք բողոքի քամակից, որի՞ ընդդեմ, ո՛վ ինչ կարող է առնել։ Ժողովքներով վճռվեցավ, որ յուրաքանչյուր պատվավոր կին հոժարակամ գնե այդ ժապավենից մի քանի գազ ամենևին պիտակաբար, միմիայն թշվառ գործավորներին օգնելու խորհրդով։ Ստորագրությունք բացվեցան, այո՛, և շատ գումար հավաքվեցավ, բայց այդ շատը, համեմատելով աղքատ և սոված բազմության հետ, շատ աննշան էր և չնչին, թերևս եթե հնար լիներ յուրաքանչյուրին տալ ոչ միայն միքանի շիլլինգ, այլ տասնավոր լիբրեներ, այսուամենայնիվ, փրկություն չէր։

Ծառի տերևի վերա ջուր թափելը արմատի չորության չէ օգնում. տերևքը ստանում են մի րոպեական զովություն և այս չափ միայն։

Այսպես և այն խեղճ գործավորքը, իբրև շնորհք ստանալով միքանի շիլլինգ մի անգամ, մինչդեռ հացը և ապրուստը հարկավոր է ամեն անգամ։

Ֆրանսիայի մեջ, Լիոն քաղաքում, նույնպես փակվեցան միքանի գործարանք, գործավորներին հանդիպեցավ գրեթե նույն ճակատագիրը, ինչ որ Լոնդոնում. ամենայն տեղ ստորագրություն ստորագրության քամակից, այդ աղքատներուն օգնելու համար, նույնիսկ Գարիբալդին առաջարկեց Իտալիո մեջ մի հանգանակություն։

Այս տեսակ աղքատություն, որ ուրիշ աշխարհի մեջ թերևս այնքան զարմանալի չէ, բաների վերա վեր ի վերո նայողների և միայն արտաքին կեղևը քննողների համար, իսկ Անգլիո և Ֆրանսիո մեջ զարմանայի է։ Բայց ով սովորել է խնդիրը քննել, քրքրելով նորա բոլոր ծնուցիչ պատճառքը, նա տեսնում է, որ միմիայն Անգլիո մեջ և ըստ մասին Ֆրանսիո մեջ կարելի է այդպիսի աղքատություն։

— Անգլիան հարուստ է, ոչինչ տերություն այնքան արծաթ և ոսկի չունի, ամենին փոխ է տայիս, ինքը բնավ նեղություն չունի, և այլն, և այլն։ Հազարավոր գովեստներ, բյուրավոր երանիներ լսած ենք հարյուրավոր անգամ. նույնը գրեթե և Ֆրանսիո վերաբերությամբ։ Բայց հարկավոր է իմանալ, որ տերությունքը ազգ չեն, և տերությանը շահը, ազգի շահի հետ բնավ վերաբերություն չունի, քանի որ տերությանը կազմությունը այնպես է, ինչպես որ կան այսօր։

Թե ի՛նչ է տերությունը, այդ մասին մի ուրիշ ժամանակ, առայժմ այսչափ միայն, որ անգլիական ազգը ամեն ազգից աղքատ է և ամեն ազգից ավելի վտանգի ենթակա։

— Ինչպես,- կհարցնեն մեզ ընթերցողքը։— Շատ հասարակ կերպով,— կպատասխանենք մեք։— Ազգ ասելով պիտի իմանալ հասարակ ժողովուրդը և ոչ նորա միջից, նորա քրտինքով և նորա արյունով հառաջացած մի քանի մեծատունը։ Բրիտանիո, Իռլանդիո և Սկովտիո մեջ գտնվում է 29,307,199 հոգի բնակիչ, որոնց մեջ հարյուր հիսունի չէ հասնում հին ազնվական, այսպես անվանված, անգլո–սաքսական տուների թիվը, միլիոնավոր չեն վաճառական տուների թիվը, ասել է թե այն միլիոնները բաղկացնողը է հասարակ ժողովուրդը, ուրեմն և ազգի թե բարոյական և թե նյութական կարողության երևեցուցիչը։

Եթե ասենք, թե Անգլիան հարուստ է, և Անգյիա ասելով հասկնանք կառավարությունը և ազնվականությունը, այդ մի այլ խնդիր է և այն ժամանակ վերագրյալ հարստությունը չէ վերաբերվում անգլիական ազգին, այլ կառավարության և ազնվականության, որ Անգլիա չեն, որովհետև մինը անգլիական կառավարություն է, իսկ մյուսը անգլիական ազնվականություն։ Այն ժամանակ միայն, ստուգապես, կարող ենք ասել, թե Անգլիան հարուստ է, երբ այն միլիոններ բաղկացնող անհատների մոտ տեսնինք որևիցե նյութական կարողության նշմարանք։ Ի՛նչ աղբյուրներից կարող է հանել հասարակ ժողովուրդը յուր, չասենք հարստությունը, այլ ապրուստը. և ապրուստ հավատի, մշտնջենական և ոչ առօրյա։ Հասարակ ժողովրդի համար, ուղղակի, և մնացած մասին համար, անուղղակի, բայց և այնպես անհրաժեշտ, ինչպես ջուրը ձուկի համար, միակ աղբյուր ապրուստի և հարստության է երկրագործությունը։

Երբ որ մի ազգ կազմող անհատների մեծագույն մասը պարապի երկրագործությամբ և առհասարակ գյուղական տնտեսությամբ, այն ժամանակ այդ ազգի ընդհանրությունը հարուստ է և ապահովյալ, որովհետև նորա հիմքը դրված է բնականապես և բնության վերա։ Եվ այս պատճառով, փոքրագույն մասը, որ չէ պարապում երկրագործությամբ, կարող է հավաստի շինել, որ հազիվ պիտի կարողանա մշակել, շինել, գործել և վաճառել այն, ինչ որ դուրս է բերում գետնից նորա մեծագույն մասը։ Ազգի մեծագույն մասը երկրագործությամբ ապահովյալ է և անհնար է թե նեղության պատահի, ապրուստի կողմից։

Փոքրագույն մասը, որ բաղկանում է վաճառականներից, չէ կարող անգործ մնալ, քանի որ մեծագույն մասի արդյունքը սպասում է նորա կամ մշակության, կամ վաճառականության, և որևիցե մի դժբախտ դիպվածում այդ փոքրագույն մասից ամենափոքրագույն մի մասը միայն կարող է ենթարկվիլ առօրյա և անցողական նեղության, քանզի ազգի հիմքը դրված է երկրի մակերևույթի վերա և կախված չէ օդի մեջ։ Չկա մարդ, որ չխոստովանի այս ճշմարտությունը և նույնիսկ Անգլիո մեջ, բայց այստեղ է խնդիրը, երկրագործի համար երկիր է հարկավոր գործելու, որ Անգլիո մեջ չունի հասարակ ժողովուրդը։

Անգլիական երկիրները ազնվականների մասնավոր սեփականությունը են, հասարակ ժողովուրդը մի հատ ցից զարկելու հող չունի։ Լոնդոնի, այն հսկա քաղաք–աշխարհի հողը յոթն ազնվական տան սեփականություն է, որոնց աոաջինն է թագավորական տունը։ Հասարակ ժողովուրդը յուր երկու ձեռքից ավելի բան չունի, նա բնակվում է ազնվականների հողի վերա և վարձ է վճարում հողի տիրոջ։ Հասարակ ժողովուրդը հող չունենալով չէ կարող երկրագործությամբ պարապել. այն միլիոնները, որ բնակվում են Անգլիո մեջ, օրական աշխատող, վարձկան մշակներ են, ծառա և գործավոր։ Այդ միլիոնավոր բազմության միջից այն մարդիկը, որ դրամագլուխ ունին, վարձում են մի որևիցե ազնվական հողը, վարձում են հազարավոր մշակներ և գործում են երկիրը, սորա են ֆերմեր ասացյալքը։

Վարձկան-երկրագործ մշակները կախված են յուրյանը ֆերմերից, քանդի եթե սա զլանա գործ տալ նոցա, մշակը պիտի սովամահ մեռնի. ո՞ւր գնա և ի՞նչ գործե. իսկ ֆերմերքը յուրյանը կարգով, կախված են այն ազնվականներից, որոնց հողը ունին յուրյանց ձեռքում, թեև վարձու։ Ազնվականը, այսօր եթե կամենա, կարող է ասել ֆերմերին, այսչափ Ժամանակ գործեցիր և մշակեցիր իմ հողը, ինձ հասուցիր այսքան վարձ, շնորհակալ եմ, այսուհետև չեմ կարող իմ հողը տալ քեզ, ինձ հարկավոր է, մի ուրիշ տեղ ճարիր քո համար»։ Եվ ֆերմերը և նորա հազարավոր մշակները, որ այնչափ տարի ապրում էին այն հողի վերա, ոչինչ ունին ասելու ազնվական պարոնին, ընտրություն չկա, պիտի հնազանդվիլ ճակատագրին։ Այս պատճառով, շատ հող ունեցող ազնվականը ունի յուր քամակում շատ ֆերմեր, հետևաբար և շատ ժողովուրդ։

Ո՞վ չգիտե հողի մեծ պաշտոնը նաև մինիստրերի ընտրության ժամանակ։ Այսինչ ազնվականի հողի վերա բնակվում է այսքան մարդ, և մինիստրի ընտրություն կա մեջտեղում. այդ ազնվականի հողը մշակող բազմությունը եթե այն ազնվականի անունը չգոռա, վաղը հող չունի, որ հավասար է ասելու, վաղը հաց չունի։ Անգլիո տնտեսական գերությունը, մանավանդ բաղդատելով նորա այլ ճյուղերում ունեցած ազատ օրենսդրությանը հետ, զարհուրելի է։

Երբ տերությունը պետք ունի, երբ պատերազմ ունի, շատ անգամ յուր մասնավոր հաճույքի կամ մինիստրի անձնական հարաբերության պատճառով հառաջացուցած, որից հասարակ ժողովրդի՝ ազգի համար չկա ոչ ջերմություն, և ոչ սառնություն, տերությունը դառնում է դեպի ազգը, ազնվականը դիմում է դեպի յուր հողի վերա բնակողները, կարդում է ճառեր, բորբոքեցուցիչ հորդորներ, «ա′զգ, զինվոր տո′ւր, ա′զգ, դրամ տո′ւր, ա′զգ, կյանքտ տո′ւր քո հայրենիքը պահպանելու և նորա պատիվը տեղը բերելուկամ առավել փառավորելու համար»։

Եվ խեղճ ազգը կրում է ծանր հարկեր, զոհում է յուր առույգ զավակները թշնամին վանելու համար, ոգևորվում է հաղթությամբ, տաղեր է երգում, և գործը ավարտելուց հետո ուրախ-ուրախ վերադառնում է յուր տեղը, կարծելով և հավատալով, թե մեծ գործ կատարեց, հայրենիքը փրկեց, հողը փրկեց և պատիվը պահեց։ Սորանից ավելի կոպիտ և խոշոր հեգնություն մեք չենք կարող երևակայել։ Հասարակ ժողովուրդը դառնում է յուր բնակարանը և դարձյալ պիտի հարկ տա ազնվականին այն հողի համար, որ գործում է և որ ազատելու համար գնաց արյուն թափեց, խեղացավ, ջարդվեցավ, որդին, եղբայրը կամ հայրը զոհեց։ Ազնվականը հայրենիքի հողից բաժին ունի բյուրավոր մղոններ, իսկ հասարակ ժողովուրդը չունի մի ոտնաչափ տեղ։ Այս պայմանների վերա կարելի՞ է, որ երկրագործությունը դառնա անգլիական կյանքի հիմքը։

Comment here