ԳլխավորՄի կտոր գիրք

«Մեծապատիվ մուրացկաններ». Հակոբ Պարոնյան

Ներկայացանում ենք հայ գրող-երգիծաբան և լրագրող Հակոբ Պարոնյանի (19 նոյեմբերի, 1843-27 մայիսի, 1891) «Մեծապատիվ մուրացկաններ» ստեղծագործությունից մի հատված։

***

Կը տեսնէք՝ որչափ պարզութեամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով եւ անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թէ նույն օրն սաստիկ հով մը կար, թէ տեղատարափ անձրեւ կուգար, թէ խառն բազմություն մը հետաքրքրութեամբ դէպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թէ ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր եւ այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վէպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրեւ, ոչ խուռն բազմություն եւ ոչ ձերբակալված աղջիկ մը։

Արդ, առանց կասկածելու հավատացէք պատմութեանս, որ ժամանակակից դէպք մ՚ է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր եւ սեւ աչքերով, զույգ մը հաստ, սեւ եւ երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով եւ զույգ մը քիթեր… չէ՛, չէ՛, մէկ քիթով, թէպէտեւ բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել. անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթէ պ. Հ. Վարդովեան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն. «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մէջ ապուշի դեր կատարելու համար»։

Սնդուկներն եւ անկողինն, որ քուրջի մը մէջ ներփակված էին, նավակէն հանելուն պէս ճամփորդն քաշեց քսակն ու նավավարին իրավունքը վճարելով՝ բեռնակիր մը կանչեց։

Հինգ բեռնակիրներ ներկայացան իրեն։ Տարակույս չկա, որ եթէ հինգ կանչեր, քսան եւ հինգ պիտի ունենար յուր առջեւ մայրաքաղաքիս սովորութեանը համեմատ։

— Ո՞րկողմ պիտի երթաք աղա,— հարցուց բեռնակիրներէն մին՝ մէկ ոտքը սնդուկներէն միույն վրա կոխելով։

— Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2 պիտի երթամ,— պատասխանեց խոշոր մարդը։

— Շատ աղէկ, հասկցա, Բերա, Ծաղկի փողոց… պատվական փողոց մ՚ է,— ըսավ հարցումն ընող բեռնակիրն եւ սնդուկին մէկն ալ շալկելով սկսավ երթալ։

— Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ,— ըսավ երկրորդ բեռնակիրն եւ սնդուկին մէկն ալ ինք առնելուն պէս՝ Բերայի ճամփան բռնեց։

— Ես ամեն օր կերթամ Ծաղկի փողոցն,— ըսավ երրորդն եւ մարդուն անկողինը գետնէն վերցնելն, կռնակին վրա առնելն ու վազելն մեկ ըրավ։

Այս գործողություններն այնքան արագութեամբ կատարվեցան, որ մարդը շվարելով սկսավ չորս կողմը նայիլ՝ տեսնելու համար բեռնակիրներն, որ բազմութեան մէջ անհայտ եղած էին։

— Ի՞նչ խայտառակություն է աս,— պոռաց վերջապէս ոտները գետինը զարնելով, ո՞ւր տարին անկողինս եւ սնդուկներս, ատոնք ի՞նչ իրավունք ունին իմ անկողնուս եւ սնդուկներուս խառնվելու, ի՞նչ աներես մարդ են եղեր այս տեղաց մարդերը. ինչ որ կը տեսնեն, կառնեն, կը տանին։

— Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք, աղա, մեզի ալ բան մը տուր, որ տանինք,— ըսին միուս երկու բեռնակիրները։

— Ծաղկի փողոցն ալ գետնին տակն անցնի, դուք ալ,— պատասխանեց մարդն, որուն այտերն նեղութենէ կարմրիլ սկսած էին։

Երկու բեռնակիրները խնդալով հեռացան. եւ ճամփորդն ալ յուր սնդուկներուն ետևէն երթալ կը պատրաստվեր, երբ բարձրահասակ, թխադէմ, փոքր աչերով մարդ մը ուսերը տնկած, ձեռները շփելով եւ բռնազբոսեալ ժպիտով մը մոտեցավ անոր եւ քաղաքավարական ձևով մը ձեռները բռնելով հարցուց.

— Դո՞ւք էք, Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպէս էք, ձեր եղբայրն ի՞նչպէս է, ազգային գործերն ի՞նչպէս են Տրապիզոն, հացին գինը քա՞նի է հոն, անձրեւ եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը… վայ, Աբիսողոմ աղա, վայ…

— Ես եմ Աբիսողոմ աղան, հիմա եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղէկ եմ, եղբայրս ալ աղէկ է, ազգային գործերն ալ աղէկ են Տրապիզոն, հացին գինը մէկ դահեկան է, անձրեւ չեկավ այս օրերս մեր քաղաքը,— պատասխանեց փութով թիկնոցաբնակն՝ առանց ճանաչելու  այս անձն։

— Ներեցէք, թողություն ըրէք, որ չկրցի մինչև շոգենավ գալ զձեզ դիմավորելու համար։ Ինծի գրված էր Տրապիզոնէն, որ այս շաբթու անպատճառ հոս պիտի գաք…

— Ես ատանկ բաներու չեմ նայիր։

— Արդարեւ մայրաքաղաքս ինքզինքը բախտավոր համարելու է ձեզի պէս պատվական ազգային մը, շնորհալի երիտասարդ մը, ողջամիտ մէկը…

— Սնդուկներս…

— Ազնիվ սիրտ մը, վեհանձն հոգի մը…

— Բեռնա…

— Հայրենասէր անձ մը…

— Կիրները…

— Ազգասէր, ուսեալ, կրթեալ…

— Սնդուկ…

— Դաստիարակեալ…

— Ներս առին, տարին…

— Ազնվասիրտ, ազնվախոհ, ազնվադէմ մէկը իր մէջ ունենալու համար։

— Սնդուկներուս մէջ ատանկ բաներ չկան,— պատասխանեց Աբիսողոմ աղան քալել սկսելով՝ բեռնակիրները գտնելու համար։

— Թէպէտեւ դուք զիս չեք ճանչնար, բայս ես ձեր գերդաստանը խիստ լավ կը ճանչնամ. ձեր լուսահոգի հայրն իմ լրագրույս բաժանորդ էր։ Շատ բարի մարդ մ՚էր, աղքատներուն ողորմություն կուտար, աղքատ աղջիկներ կը կարգեր եւ իրեն դիմողներուն բարություն կըներ։

Ասանկ ողորմած մարդերը շատ ապրելու են, բայց, ի՞նչ օգուտ, անգութ մահը միշտ բարիները կառնէ եւ թող կուտա չարերն, որ ազգին չարություն ընեն։ Թողունք սակայն հիները և ուրիշ բանի վրա խոսինք։ Շոգենավուն մէջ հանգի՞ստ էիք։

— Շատ հանգիստ էի, պատվականապէս կերա, խմեցի եւ պառկեցա,— պատասխանեց։

Աբիսողոմ աղան՝ քայլերն շուտ առնել սկսելով։

— Եթէ հանգիստ չըլլայիք, վաղվան լրագրույս մէջ պիտի գրէի եւ ընկերութեան ուշադրությունը պիտի հրավիրեի,— ըսավ խմբագիրն ետեւէն վազելով։

— Շնորհակալ եմ։

— Կաղաչեմ, ըսէք ինձի, քանի՞ տարեկան էք։

— Քառասուն։

— Վաճառական էք, կարծեմ։

— Այո… եթէ անցագիր պիտի շինել տաք, հարկ չկա, վասն զի հատ մը ունիմ։

— Չէ, վաղվան թերթիս մէջ պիտի գրեմ, որ առջի օրը Տրապիզոնէն մայրաքաղաքս եկավ մեծապատիվ Աբիսողոմ աղա երեւելի վաճառականն, որ յուր լեզվագիտութեամբ եւ վաճառականական հմտութեամբն ծանոթ է մեր ազգայիններուն։ Տաճկերէն գիտէք կարծեմ։

— Ո՛չ։

— Ֆրանսերէ՞ն:

— Ո՛չ։

— Անգղիերէ՞ն։

— Ո՛չ։

— Գերմաներէ՞ն։

— Ոչ։

— Վնաս չունի, ես լեզվագէտ պիտի ըսեմ ձեզի համար եւ ձեր վրայոք գովեստով պիտի խոսիմ։

— Ամեն Պոլիս եկողներուն անունները ձեր թերթին մէջ կը գրէ՞ք։

— Գրեթէ ամենն ալ, եթէ ձեզի պէս պատվավոր ազգայիններ ըլլան։

— Պոլիսէն գացողնե՞րն ալ կը գրէք։

— Գրեթէ կը գրենք, եթէ պատվավոր ազգայիններ ըլլան։

— Շատ լավ, իմ անունս ալ գրեցէ՛ք, ես ալ պատվավոր ազգային մ՚ եմ։ Մեր քաղքին մէջ արտերու, եզերու, կովերու եւ ագարակներու տէր եմ… Ասոնք ալ գրէ՛,— ըսավ այնպիսի դէմքով մը, որ կը հայտներ, թէ մեծ շահ մ՚ուներ այս խոսքերուն հրատարակութեանը մէջ։

— Հոգ մի՛ ընէք. խղճի եւ արդարութեան պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ։

— Երկու-երեք հատ սպասավոր ալ ունիմ… անոնք ալ լրագրույդ մէկ կողմը կրնա՞ս անցունել։

— Ինչո՞ւ չէ։

— Ոսկիէ ժամացույց եւ շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մէջ չգողցնելու համար վրաս չառի. անոնք ալ գրել պէ՞տք է,— հարցուց Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռցած էր սնդուկները։

— Ատոնք գրելու հարկ չկա։

— Շատ լավ, բայց մյուս ըսածներս լրագրույդ մէջ ամենէն առաջ դիր, որ կարդան։

— Այնպէս ընելու միտք ունիմ։

— Խոշոր գրերով գրէ՛։

— Հանգիստ եղէք․ ամէնէն խոշոր գրերով։

— Միայն հարուստ մարդերուն գալն եւ երթալն կը գրէք… այնպէս չէ՞։

— Այո։

— Եթէ աղքատ մարդերն ալ կը գրէք, չեմ ուզեր, որ իմ անունս…

— Բնավ երբէք, ստակ չունեցողներուն անունները բնավ չենք գրեր, նույնիսկ եթէ հազար ոսկի ալ տված ըլլան դպրոցի մը շինութեան համար։

— Ըսել է որ դուք ամեն իրիկուն հոս կսպասէք Պոլիս եկող կամ անկից մեկնող հարուստները տեսնելու և անոնց անունները հրատարակելու համար, որպէսզի ժողովուրդն գիտնա, թէ ով եկած է եւ ով գացած է… Տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մէջ։

— Այո՛, ձեր հասցէն տվէք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը։

— Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։

— Շատ աղէկ,— ըսավ խմբագիրն եւ գրպանէն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մէջ անցուց Աբիսողոմ աղան։

— Վաղը առտու լույսը չճղքված ղրկէ, որ կարդամ իմ անունս լրագրին մէջ։

— Իրիկվան դէմ կը ղրկեմ, վասնզի լրագիրս իրիկունները կը տպվի։

— Որչա՛փ ուրախ կըլլայի, թէ ձեր վաղվան լրագիրն առտուն տպէիք… բայց վնաս չունի, իրիկվան թո՛ղ ըլլա, բավական է. որ անունս խոշոր գիրերով գրվի։

— Այդ մասին հանգիստ եղէ՛ք. վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով։

— Ընկալագրո՞վ… Տեղական թղթատարով պիտի ղրկէիք հապա… Ընկալագիրն ո՞վ է, անունս գիտէ՞…

— Ընկալագիրն թուղթ մ՚է, որուն մէջ կը գրեմ. «Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն… լրագրո տարեկան բաժանորդագին մէկ ու կէս ոսկի». եւ այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կունենաք իմ լրագիրս ընդունելու։

— Տարի մը շարունակ պիտի գրէ՞ք իմ անունս։

— Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրույս՝ մէկ ու կէս ոսկի վճարելով ինծի։

— Մէկու կէս ոսկի՜՜… շատ է… երեք քառորդ ոսկի չբա՞վեր։

— Խմբագիրները բաժանորդագնույն վրա սակարկություն չեն ըներ…։

— Շատ լավ. ղրկեցէք ձեր լրագիրն եւ այն թուղթը, բան մը կընենք։

— Սակայն չկարծէք, թէ ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի,  այդ պզտիկությունը չեմ ընդունիր. բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու։

— Հայտնի բան է։

— Բնավ ձեր մտքէն չանցունէք, թէ այս մարդը մէկ ու կէս ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ։

— Չեմ անցուներ։

— Վասնզի կան խել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան եւ բաժանորդ կը գրեն զանոնք. ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնութեանս մէջ չկա… ես իբրեւ պատվավոր մարդ կուզեմ ապրիլ։

— Հասկցա, իբրեւ պատվավոր մարդ կուզէք ապրիլ։

— Ինձ հետ ձեր ունեցած այս տեսակցությունն ալ ուրիշի մի՛ զրուցէք, վասնզի տեսակ մը բախտանդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն եւ իմ անձնականությունս կը խծբծեն։

— Կը հասկնամ, անձնականությունդ կը խծբծեն։

— Օրինակի համար սա պարագային մէջ հանցանք մ՚ ունի՞մ ես. զձեզ դիմավորելու եկա եւ խոստացա ձեր անունը լրագրույս մեջ հրատարակե. դուք ալ իբրեւ ողջամիտ ազգային մը բաժանորդ գրվեցաք. կաղաչեմ, ըսէք, ձեր կոկո՞րդը սղմեցի, որ ինծի բաժանորդ գրվիք։

— Ամենեւին։

— Ատրճանա՞կ ցցուցի։

— Բնավ երբէք։

— Դանա՞կ քաշեցի։

— Ոչ. բայց ուրիշ տեղեր ատրճանա՞կ կամ դանա՞կ ցցունելով բաժանորդ կը գրեն։

— Ատ ըսել չեմ ուզեր, սա ըսել կուզեմ, որ դուք ձեր հոժար կամքով բաժանորդ գրվեցաք։

— Այո՛։

Comment here