ԳլխավորՄի կտոր գիրք

Քանի գնում, այնքան քաղցրանում ես քիմքիս… Վահագն Դավթյան

Հայոց լեզու

Քանի գնում, այնքան քաղցրանում ես քիմքիս,

Հին գինի ես դառնում, արշալույսի տաք հաց…

Իմ մայրենի բարբառ՝ որձաքարը հիմքիս,

Դու սրբազան իմ հող, ակոս իմ բաց…

 

«Հող» եմ ասում ահա, և դու մխում ես լուռ,

Եվ մխանքից քո տաք նախնյաց հոտ է գալիս,

Եվ մխում են նորից սպիներդ տխուր,

Եվ մխում է ցավը կորուսյալի:

 

«Մայր» եմ ասում, և դու քնքշանում ես այնպես,

Թրթռում ես որպես խղճի շշուկ ու հույս,

Ցավ ես դառնում խոնարհ, դառնում աղոթք մի հեզ

Ու հեռվից տուն կանչող իրիկնալույս:

 

«Սեր» եմ ասում, և դու արձագանքում ես «սուրբ»,

Ալեվետում ես դու մի ոգեղեն դողով,

Դու քրմորեն ծնկում ու համբուրում ես լուռ

Հողն ու արշալույսի ձեռքը ցողոտ:

 

Ես «Արյուն» եմ ասում, և դու այրվում ես հիր,

Բոցկլտում ես հեռու մուժից նախնադարյան,

Զոհասեղան դառնում Ավարայրում կարմիր,

Խենթ ոգի ես դառնում, երգում «հարյավ»…

 

Ես «Ցորյան» եմ ասում, դու աստղի պես ցոլում,

Գեղեցկանում ես դու որպես վաստակ,

Ջրաղաց ես դառնում, զրնգում ես ձորում

Ու բուրում ես իբրև ալյուրը տաք:

 

Ես «Ողկույզ» եմ ասում, դու օրհնվում լույսով,

Բուրումներն ես փռում շողուն շոգի,

Հողի համն ես բերում, աստղի ցոլանքը զով,

Բերում արարչական մի մեծ ոգի:

 

Ես «Հավատ» եմ ասում, հնչյուններդ բոլոր

Ասես ծունկի իջնում Արարատի հանդեպ,

Բռնկվում են ասես մի սրբազան դողով,

Շիկանում են ասես, դառնում շանթեր:

 

Ես «Երդում» եմ ասում, և իմ աջը դանդաղ

Բարձրանում է, հանգչում սրտիս վրա…

Քեզ իմ շունչը վերջին, իմ արյունը արդար,

Քե′զ, իմ ոգի, իմ հող, հաց ու կրակ…

Սեր

Թրթռուն կրծքով

Մի աղջիկ — Եվա,

Մի խանդոտ, տենդոտ

Այրամարդ — Ադամ,

Ու նրանց միջև

Մի մեծ առեղծված,

Ալեկոծություն

Մի հավերժական…

Հիմն կնոջ

Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում,

Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։

Ու երբ ելնում ես զարթնած, նետում քողը քո հագի,

Քեզ հետ զարթնում է ասես քնած շունչը կրակի:

Հողի պես սուրբ ու բեղուն և կրակի նման նենգ,

Դու՝ հայտնություն հրաշքի, տառապանքի դու օրենք։

Դու՝ առաջին ձնծաղիկ՝ տրված լույսին ու քամուն

Եվ շուրթերս արյունող անապատի դու սամում։

Դու՝ հավատի մաքրություն ու մեղավոր դու հերձված,

Դու՝ մեկնելի մեղեդի ու սեպագիր առեղծված։

Շրթունքներս ճաքճքող ծարավի դեմ ու քաղցի

Հաղորդություն դու գինու, հաղորդություն դու հացի:

Քե′զ եմ գալիս ես անվերջ ծարավս ու քաղցս առած,

Եվ արյունն իմ հնամյա ծնկաչոք է քո աոաջ։

Վահագն Դավթյան (15.08.1922-21.02.1996)

 

Comment here