ԳլխավորՄի կտոր գիրք

«Երիտասարդ Վերթերի տառապանքները». Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Ներկայացնում ենք հատվածներ գերմանացի բանաստեղծ, արձակագիր, մտածող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի (28.08.1749-22.03.1832)  «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ստեղծագործությունից։

***

Որ մարդու կյանքը միայն երազ է, արդեն շատերին է թվացել, ինձ էլ է համակում այդ նույն զգացումը։ Երբ տեսնում եմ այն սահմանափակումները, որոնցով շրջապատված են մարդու ստեղծագործական ու ճանաչողական ուժերը, տեսնում եմ, որ ամեն տեսակ գործունեություն միայն կարիքների բավարարությանն է հանգում, որն իր հերթին ոչ մի այլ նպատակ չունի, քան մեր խղճուկ գոյության երկարատևումր, իսկ հետազոտության որոշ հարցերում հանգստացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցնորալի մի համակերպում, երբ մարդ իր բանտի պատերը վառ կերպարանքներով ու պայծառ տեսարաններով է նկարազարդում՝ ես պապանձվում եմ, Վիլհելմ: Ես փակվում եմ իմ մեջ և այնտեղ մի ողջ աշխարհ գտնում։ Բայց նույնպես ավելի պատրանքներով ու մշուշապատ տենչանքներով, քան իրական պատկերներով ու կենարար ուժով։ Այն ժամանակ միտքս պղտորվում է, և ես, կարծես երազելով, ժպտում եմ աշխարհին։

Այն հարցում, որ երեխաները չգիտեն, թե ինչու են այս կամ այն բանն ուզում, համամիտ են բոլոր ամենաուսյալ դպրոցական ու տնային ուսուցիչները, բայց որ մեծահասակներն էլ երեխաների պես խարխափելով թափառում են այս աշխարհում և ճիշտ նրանց պես չգիտեն, թե որտեղից են գալիս և ուր են գնում և նույնքան քիչ են պատկերացնում, թե ինչ նպատակի համար են գործում, և ճիշտ նույնպես կարկանդակներով, բլիթներով ու խարազանով կառավարվում՝ սրան ոչ ոք հավատալ չի ուզում, թեև ինձ թվում է, որ դա միանգամայն ակնհայտ է։

Ես հաճույքով եմ խոստովանում քեզ (քանի որ գիտեմ, թե ինչ կուզենայիր պատասխանել ինձ այս դեպքում), որ երջանիկ եմ համարում նրանց, ովքեր երեխաների պես անհոգ են իրենց օրն անցկացնում, տիկնիկ խաղում, հագցնում նրան ու հանվեցնում, գորովալից դեգերում պահարանի շուրջը, որտեղ մեղրաբլիթ է պահել մայրիկը և եթե ի վերջո հասնում են ցանկացածին, կուլ են տալիս միանգամից ու բղավում, «Էլի»։ Սրանք են երջանիկ արարածները։ Երջանիկ են նաև նրանք, ովքեր շքեղ անուններ են տալիս իրենց չնչին զբաղմունքներին կամ կրքերին և մարդկությանը որպես հանուն նրա փրկության ու բարօրության գործած հսկայական սխրագործություններ ներկայացնում։

Կեցցե նա, ով կարող է այդպես լինել։ Իսկ ով խոնարհաբար հասկանում է, թե ինչի է հանգում այդ բոլորը, ով տեսնում է, թե ինչ ջանասիրությամբ է յուրաքանչյուր հաջողակ քաղաքացի իր պարտեզը դրախտանման
դարձնելու ցանկությամբ խուզում ծառերը, և ինչպիսի համբերությամբ է նույնիսկ դժբախտը իր բեռի տակ ճկվելով քարշ գալիս իր ճանապարհով, և բոլորն էլ ձգտում են մի րոպե ավելի տեսնել այս արևի լույսը… նա լռում է ու իր ներսում սեփական աշխարհը ստեղծում և երջանիկ է արդեն նրանով, որ մարդ է։ Նաև նրանով, որ իր հնարավորությունների սահմանափակության հետ մեկտեղ ազատության քաղցր զգացում է պահում սրտում և վստահություն, որ կարող է լքել այս բանտը, երբ որ կամենա։

***

Ուղղակի զարմանալի է. ինչպես այստեղ եկա և բլրակից գեղատեսիլ հովտին նայեցի, ինչպես ողջ շրջապատն ինձ հրապուրեց։ Ահա այն անտառակը՝ կարողանայիր նրա ստվերում թաղվել։ Ահա լեռան գագաթը՝ կարողանայիր այնտեղից ողջ շրջակայքը դիտել։ Շղթայաձև իրար կապված բլրակներն ու մտերմիկ հովիտները. կարողանայի նրանցում թաքնվել։ Ես շտապում էի այնտեղ ու ետ վերադառնում և չէի գտնում այն, ինչ հույս ունեի գտնել։ Օ, հեռուն նույնն է, ինչ որ ապագան։ Մի անսահման մշուշ է տարածված մեր հոգու առաջ, մեր զգացողությունն անհետանում է նրանում, ինչպես և մեր հայացքը, և մենք, ավաղ, տենչում ենք մեր ողջ էությամբ նվիրվել, մեն-մենակ մի հրաշալի ու մեծ զգացման ողջ բերկրանքով համակվել։ Եվ ի՞նչ, երբ մենք շտապում ենք այնտեղ և Այնտեղը դառնում է Այստեղ, ամեն բան մնում է նույնը, և մենք նույն
մեր թշվառության ու սահմանափակության մեջ ենք խարխափում, և մեր հոգին կորսված ափսոսանք է փափագում։

Այսպես, ամենաանդադրում թափառականն, ի վերջո, նորից իր հայրենիքն է տենչում ու իր խրճիթում, իր կնոջ կրծքին ու զավակների շրջանում, սրանց պարենը հայթայթելու մեջ իր երանությունը գտնում, որն աշխարհով մեկ փնտրել էր ապարդյուն:

Երբ առավոտյան, արևածագին, իմ Վալհայմն եմ գնում և պանդոկապանի պարտեզում ինքս ինձ համար շաքարաոլոռ եմ քաղում, հետո նստում եմ, մաքրում ու միաժամանակ Հոմերոս կարդում, երբ փոքրիկ խոհանոցում ինձ համար մի կավաման եմ ընտրում, մեջը կարագ դնում, կափարիչով փակում, ոլոռը կրակին դնում ու մեկ-մեկ խառնելու համար մոտը նստում, շատ պարզ պատկերացնում եմ, թե ինչպես են Պենելոպեի ամբարտավան փեսացուները եզներ ու խոզեր մորթել, մաշկահան արել ու խորովել։ Զկա ոչինչ, որ այնպիսի խաղաղ ու անկեղծ զգացմունքով ինձ համակի, ինչպես նահապետական կյանքի հատկանիշները, որոնք, փառք աստծո, կարողանում եմ անբռնազբոս կերպով միահյուսել իմ կենցաղին։

Որքան ուրախ եմ, որ սրտանց կարողանում եմ զգալ պարզ ու միամիտ հրճվանքն այն մարդու, որ իր սեղանին կաղամբի գլուխ է դնում և մի ակնթարթում նորից վերապրում նրա հետ կապված բոլոր լավ օրերը, այն պայծառ առավոտը, երբ տնկել է այն, հրաշալի երեկոները, երբ ջրել է այն և նրա շարունակական աճը
տեսնելով ուրախացել։

***

Նախանցյալ օրը քաղաքից այստեղ՝ ամտմանի մոտ, մի բժիշկ էր եկել, որ տեսել էր ինձ հատակին Լոտտեի փոքրիկների հետ խաղալիս. տեսել էր ինչպես նրանցից մի քանիսը մագլցել էին վրաս, մյուսները քաշքշում էին ինձ, ես էլ խտուտ էի տալիս նրանց ու նրանց հետ անասելի աղմուկ բարձրացնում: Բժիշկը, որ դոգմատիկ մի խաղատիկնիկ էր և խոսելիս իր բազկապատերի ծալքերն էր ուղղում ու ժանեկազարդ փողկապը շարունակ քաշքշում, խելամիտ մարդու արժանապատվությունից ցած համարեց դա։ Այդ նրա քթից երևաց։ Սակայն ես ամենևին չշփոթվեցի, նրան հնարավորություն չընձեռեցի խելոքագույն հարցեր քննարկելու և շարունակեցի երեխաների խաղաթղթե տնակները վերականգնել, որ նրանք արդեն հասցրել էին քանդել։ Դրանից հետո նա ամբողջ քաղաքով մեկ ման էր գալիս ու զայրանում. ամտմանի երեխաներն առանց այն էլ
բավական անդաստիարակ էին, իսկ Վերթերը վերջնականապես է փչացնում նրանց։

Այո, սիրելի Վիլհելմ, երեխաները աշխարհում ամենամոտն են իմ սրտին։ Նրանց նայելիս՝ ամենափոքր բաներում տեսնում եմ սաղմերը բոլոր առաքինությունների, բոլոր այն ուժերի, որոնք մի օր այնքան պետք են լինելու նրանց, կամակորության մեջ՝ ապագա հաստատակամություն ու տոկունություն, չարաճճիության մեջ՝ հումորի զգացում ու կյանքի վտանգների վրայով թեթև սահելու ճարպկություն, և այդ բոլորն այնքան անարատ և այնքան ամբողջական, ես շարունակ կրկնում եմ մարդկության Ուսուցչի ոսկի խոսքերը. «Եթե սրանց նման չդառնաք»։ Եվ միևնույն ժամանակ, սիրելիս, նրանց հետ, որ մեզ նմաններն են և որոնց մենք որպես օրինակ պետք է դիտենք, վարվում ենք որպես ստորադասների։ Նրանք սեփական կամք չպետք է ունենան: Իսկ մենք արդյոք չունե՞նք։ Եվ ո՞րն է այդ արտոնության պատճառը։ Այն, որ ավելի մեծ ենք ու ավելի խելացի։ Տեր աստված, դու քո երկնքից միայն ծեր երեխաների ու փոքր երեխաների ես տեսնում և ուրիշ ոչինչ, իսկ թե որոնցից է ավելի մեծ ուրախություն քեզ սպասում՝ վաղուց արդեն ազդարարել է քո որդին։ Նրանք հավատում են քո որդուն, բայց չեն լսում նրան (սա էլ է հին պատմություն), և երեխաներին իրենց օրինակով են դաստիարակում…