ԳլխավորԼուր

«PRO EXTOUR»-ի շրջանակում կազմակերպված ամառային դպրոց՝ ԵՊՀ-ում

«Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարան են ժամանել Վառնայի կառավարման համալսարանի (Բուլղարիա), Սալոնիկի համալսարանի (Հունաստան), Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի (Բուլղարիա), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնի (Վրաստան) ներկայացուցիչներ, հայտնում են ԵՊՀ-ից:

Ավելի վաղ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երեք ուսանողներ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում մեկնել էին Հունաստան, Բուլղարիա և Վրաստան՝ ուսումնասիրելու այդ երկրների փորձը: Այժմ հիշյալ երկրներից մասնակիցներ են ժամանել Հայաստան՝ Երևանի պետական համալսարան՝ կատարելու ուսումնասիրություններ՝ Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության վերաբերյալ, լսելու դասախոսություններ և զարգացնելու գործնական գիտելիքները:

Ամառային դպրոցի շրջանակում մասնակիցների համար այսօր կազմակերպվեց ճանաչողական այց, որի ընթացքում ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը ներկայացրեց համալսարանը և աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:

Կարևորելով ուսանողների մասնակցությունը այսօրինակ նախագծերին՝ ամբիոնի վարիչը նշեց. ««Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծին մասնակցում են ԵՊՀ այն ուսանողները, որոնք աշխատում են զբոսաշրջային ձեռնարկություններում, որպեսզի էլ ավելի զարգացնեն իրենց և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքները: Մենք այսօր սկսում ենք Հայաստան այցելած հյուրերին փոխանցել տեսական գիտելիքներ, վաղը կկազմակերպենք էքսկուրսիաներ, իսկ ամառային դպրոցի երրորդ օրը կիրականացնենք ամփոփում՝ հասկանալու, թե ինչ ենք սովորել»:

Ս. Սուվարյանն ընդգծեց նախագիծի կարևորությունը թե՛ Հայաստանում զբոսաշրջային ոլորտի զարգացման և թե՛ ԵՊՀ ուսանողների գործնական գիտելիքների ամրապնդման տեսանկյունից՝ միաժամանակ անդրադառնալով միջազգային փորձին ծանոթանալու էական նշանակությանը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Մարիամ Տաշյանը, որը ծրագրի շրջանակում մեկնել էր Վրաստան և Բուլղարիա՝ ուսումնասիրելու այդ երկրների փորձն ու մշակույթը, ասաց․ «Ուսանողի համար սա լավագույն հնարավորություններից էր, քանի որ ոչ միայն շրջագայեցի, ծանոթացա օտարերկրյա մշակութային արժեքներին, այլև կիրառեցի համալսարանում ստացած գիտելիքներս, զուգահեռներ անցկացրի հայկական մշակույթի հետ և վերադարձա նոր գիտելիքներով»։

Բուլղարիայից ժամանած մասնակցներից Սվետա Պանովան նշեց․ «Մեզ արդեն ծանոթացրել են համալսարանի ֆակուլտետներին․ այստեղ ինձ ամեն ինչ շատ դուր է գալիս՝ և՛ համալսարանի շենքերի արտաքին տեսքը, և՛ լսարանները, և՛ մաքրությունը։ Շատ կցանկանամ ապագայում կրթությունս շարունակել ԵՊՀ-ում»:

Նշենք, որ դպրոցը կազմակերպվել է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համատեղ ջանքերով։

«PRO EXTOUR» նախագծի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը` որպես Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի կայուն զարգացման ուղի։ Ծրագիրը երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Վառնայի կառավարման համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Սալոնիկի համալսարանի համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ։ Նախաձեռնության մասն են նաև Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնը (Վրաստան) և Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):