ԳլխավորԼուր

Starmus. ԵՊՀ-ում էր մանրէաբան էմանուել Շարպենտիեն

Էմանուել Շարպենտիե

Ֆրանսիացի աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 7-ին հանդես եկավ մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։

Դասախոսությունն անցկացվեց գիտահանրամատչելի լեզվով։ Բանախոսը ցույց տվեց, թե ինչ ճանապարհով է տեղի ունենում օրգանիզմի գեների փոխանցումը սերունդներին և թե ինչպես են առաջանում ԴՆԹ-ի տարբեր հաջորդականությունները՝ գենոտիպերը։ Այնուհետև անդրադառնալով բակտերիալ «CRISPR-Cas9» իմունային համակարգի մոլեկուլային մեխանիզմների վերծանմանը՝ Է. Շարպենտիեն նշեց, որ «CRISPR-Cas9» տեխնոլոգիան կարող է օգտագործվել գենոմը հեշտությամբ խմբագրելու համար։

Հետազոտողներն ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառել են այս մեթոդը՝ բույսերի, կենդանիների ԴՆԹ-ի հաջորդականությունները խմբագրելու համար: Է. Շարպենտիեի բացահայտումից ի վեր՝ «CRISPR»-ը հեղաշրջում է կատարել գենետիկայում՝ գիտնականների համար ստեղծելով հնարավորություն ուսումնասիրելու գեների դերը առողջության մեջ և տարբեր հիվանդություններում, ինչպես նաև մշակելու գենետիկ թերապիա, որն առավել անվտանգ և արդյունավետ է, քան առաջին սերնդի գենետիկ թերապիան:

Էմանուել Շարպենտիե

Անդրադառնալով իր կատարած հայտնագործությունների նշանակությանը՝ Է. Շարպենտիեն նշեց. «Ես միշտ առանձնացնում եմ գենետիկ բժշկության ոլորտում իմ կատարած հայտնագործությունը և դրա կիրառությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգացնելու գենետիկ թերապիան և բուժելու գենետիկ խանգարումները: Սա նաև հպարտանալու տեղիք է տալիս»։

Ysu.am-ի հետ զրույցում մանրէաբանն ասաց, որ այսպիսի դասախոսությունները չափազանց կարևոր են, քանի որ դրանք մեծացնում են երիտասարդ սերնդի հետաքրքրությունը գիտության նկատմամբ և հաճախ դառնում ոգեշնչման աղբյուր։

«Երբեմն մտածում եմ, որ ես գիտության մեջ ավելի շատ ներդրում եմ ունենում՝ համալսարաններում դասախոսություններ կարդալով, քան լաբորատորիայում ժամեր շարունակ աշխատելով»,- ընդգծեց գիտնականը։

Անդրադառնալով իր հայկական ինքնությանը և Հայաստան կատարած այցին՝ գիտնականը պատմեց․«Վերջերս եմ բացահայտել իմ հայկական ինքնությունը և շատ ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում գտնվելու համար։ Հայաստանը չափազանց գեղեցիկ երկիր է, և ես որոշել եմ հաճախակի այցելել այստեղ։ Դեռևս եղել եմ միայն Երևանում, սակայն ցանկանում եմ այցելել նաև հայկական պատմամշակութային վայրեր և բարձրանալ հայոց լեռները»։

«Սթարմուս» փառատոնի շրջանակում Երևանի պետական համալսարանում հյուրընկալված Է. Շարպենտիեն դասախոսությունից հետո այցելեց ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացավ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում իրականացող աշխատանքներին։ Այնուհետև հրավիրյալ գիտնականը հանդիպեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ՝ ծավալելով մասնագիտական քննարկումներ։

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը ներկայացրեց Է․ Շարպենտիեի հետ անցկացված հանդիպումների տպավորությունները։

«Մեծ հետաքրքրությամբ ծանոթանալով կենսաբանության ֆակուլտետում իրականացվող գիտական հետազոտություններին՝ Է. Շարպենտիեն  նաև ուղղորդեց մեզ։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն էր և՛ մեզ, և՛ ուսանողների համար: Ես զգում եմ իրենց ոգեշնչվածությունն ու ձգտումը»։

Դասախոսության ունկնդիր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Լիլիթ Գրիգորյանը ընդգծեց. «Ինձ համար մեծ պատիվ էր երեք օրերի ընթացքում Նոբելյան մրցանակակիրներին լսելը։ Տեսնելով մեծ հաջողությունների հասած գիտնականներին՝ ցանկանում ես նմանվել նրանց և դառնալ գիտության բնագավառում մեծ դերակատարում ունեցող մեկը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում անցկացվելու է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Starmus փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։