ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ամարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն այսօր ստորագրել են նվիրաբերության պայմանագիր, որով Հիմնադրամը ֆինանսավորելու է նոր հուշ-պուրակի կառուցումը, հայտնում է ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
Հուշ-պուրակի բացումը նախատեսված է 2024 թվականին։
«ԵՊՀ տարածքում հուշ-պուրակի կառուցումը նպատակ ունի ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու նահատակված հերոսների հիշատակը, այլև ստեղծելու մտորումների ու ոգեշնչման վայր ներկա ու գալիք սերունդների համար: Այս գաղափարը կյանքի կոչելուն միտված աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամին։ Լիահույս եմ, որ առաջիկայում ևս համատեղ բազմաթիվ ծրագրեր կիրագործվեն»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Ուրախ ենք մեր ներդրումն ունենալ Երևանի պետական համալսարանի տարածքի բարեկարգման գործում և ԵՊՀ համայնքին պարգևել գեղեցիկ ու խորհրդանշական անկյուն»,- ասել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր գաղափարներ ու նախագծեր՝ համագործակցությունը ընդլայնելու և խորացնելու նպատակով։
