ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տեղադրվել է գրականագետ, ակադեմիկոս Մկրտիչ Մկրյանի կիսանդրին

Մկրտիչ Մկրյանի կիսանդրին ԵՊՀ-ում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի նախասրահում տեղի է ունեցել ականավոր գիտնական, գրականագետ, ակադեմիկոս Մկրտիչ Մկրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԵՊՀ-ից:

Ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Էլինա Ասրիյանն ու Ռաֆայել Բարխուդարյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ ֆակուլտետի դեկանն ասաց, որ Հայ բանասիրության ֆակուլտետում Մ. Մկրյանի կիսանդրու բացմանօրն ամենահիշարժան ու կարևոր օրերից է. «Մ. Մկրյանի ծննդյան 115-ամյակի կապակցությամբ կիսանդրին տեղադրվեց Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում, որտեղ ակադեմիկոս Մկրյանն իրականացրել է իր կրթական և գիտական գործունեությունը՝ երկար տարիներ ֆակուլտետի դեկանը լինելով»:

Անդրադառնալով Մ. Մկրյանի գիտական և մանկավարժական գործունեությանը՝ Ա. Ավագյանը փաստեց, որ անգնահատելի է նրա ներդրումն ինչպես սերունդներ կրթելու, այնպես էլ հայ բանասիրության զարգացման գործում. «Ականավոր գիտնականի կիսանդրին  հատուկ խորհուրդ ունի. զարդարելով մեր ֆակուլտետի նախասրահը՝ այն ուղեկցելու է յուրաքանչյուր ուսանողի, որը ոտք կդնի Հայ բանասիրության ֆակուլտետ»:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը շնորհավորելով ներկաներին կիսանդրու բացման կապակցությամբ, նշեց. «Հայ բանասիրության ֆակուլտետը միշտ էլ աչքի է ընկել անվանի շրջանավարտներով և պրոֆեսորադասախոսական կազմով: Վայր, որտեղ մենք պահպանում ենք մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչը՝ հայոց լեզուն, այն խնամքով փոխանցելով սերունդներին: Կիսանդրին գալիս է լրացնելու այս գաղափարական մոտեցումը»:

Գրականագետի արգասավոր մանկավարժական գործունեության մասին պատմեցին նրա նախկին ուսանողները, այդ թվում նաև լեզվաբան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, որը նույնպես իր համեստ ներդրումն ուներ կիսանդրու տեղադրման գործում:

Վերջինս խոսեց Մ. Մկրյանի մանկավարժական տաղանդի, վերլուծական բացառիկ մտքի ու նրա՝ ուսանողներին մոտիվացնելու մինչև այժմ չբացահայտված ֆենոմենի մասին:

Վերջում Մ. Մկրյանի ընտանիքի անդամները շնորհակալություն հայտնեցին Մայր բուհի և Հայ բանասիրության ֆակուլտետի ղեկավարությանը:

Հավելենք, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է: