ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում մեղվի թույնից հակաքաղցկեղային դեղամիջոցներ ստանալու քայլեր են կատարվում

Քիմիական փորձ

ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեման: Թեմայի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանի հետ Ysu.am-ը զրուցել է գիտական թեմայի կարևորության, կատարված ուսումնասիրությունների կիրառական նշանակության և այլ հարցերի շուրջ:

-Տիկի՛ն Բազուկյան, ո՞րն է գիտական թեմայի նպատակը, և ինչ մեթոդներ են կիրառվում ուսումնասիրությունների ընթացքում:

-Գիտական թեմայի նպատակն է Հայաստանի մեղուների թույնի կենսաբժշկական ներուժի ուսումնասիրությունը, ինչպես նաև բուլղարական և հայկական մեղրատու մեղուների աղիների միկրոբիոմի համեմատական վերլուծությունը և բակտերիական միկրոբիոմի ազդեցության ուսումնասիրումը մեղուների թույնի կենսագործունեության վրա։ Ուսումնասիրությունների հիմքում եղել են գիտական մի շարք մեթոդներ, ինչպես՝ մեղուների նմուշառում, մեղվաթույնի հավաքում, ընդհանուր ԴՆԹ-ի, բակտերիաների շտամների մեկուսացում, մեղվաթույնի հակաբակտերիական, հակասնկային ակտիվության ուսումնասիրություն, հայտնի ալերգեն սպիտակուցների (β-լակտոգլոբուլին, սոյայի սպիտակուցներ, գլյուտեն և այլն) նկատմամբ պրոտեոլիտիկ ակտիվության ուսումնասիրություն:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում մեղուները հետազոտության են ենթարկվում, և ինչո՞ւ է դա կարևոր:

-Առհասարակ, նոր հակամանրէային նյութերի և դրանց հնարավոր նոր աղբյուրների որոնումը մանրէաբանների առաջնային խնդիրներից մեկն է: Շուրջ վեց տարի է, ինչ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում իրականացվում է մեղրատու մեղուների հետազոտություն։

Մեղվի թույնի մեջ առկա կենսաբանական ակտիվ բաղադրիչները կարող են հիմք դառնալ մի շարք դեղամիջոցների համար, որոնք էլ կնպաստեն գլոբալ առողջապահական ճգնաժամերից շատերը հաղթահարելուն: Մեղվի թույնը պարունակում է բազմաթիվ պեպտիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ և ցնդող մետաբոլիտներ: Այդ միացությունները ապահովում են թույնի հակամանրէային, հակաբորբոքային և հակաքաղցկեղային ազդեցությունները: Կան հետազոտություններ միջատների թույնի և հակաբիոտիկների միջև սիներգիստ-թերապևտիկ փոխազդեցությունների մասին: Սիներգիստական ազդեցությունը նպաստում է դեղամիջոցների դեմ կայունության առաջացմանը, դեղամիջոցի ներթափանցմանը և հնարավորություն է տալիս դեղաչափը և քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու:

-Ի՞նչ արհեստածին և բնածին գործոններ կան, որոնք կարող են ազդել մեղվի թույնի արտադրության վրա: 

-Պետք է հաշվի առնել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանը, խոնավությունը և սննդի նախասիրությունը, որոնք ազդում են թույնի արտադրության վրա: Արդեն առկա են նախնական տվյալներ՝ տարբեր տարածաշրջաններից և միջատասպան միացություններ կիրառած տարածքներից հավաքված հայկական մեղրատու մեղուների միկրոբիոմի վերաբերյալ: Դրանք կենսաինֆորմատիկական վերլուծության մակարդակում են և շուտով կհրապարակվեն: Սակայն մեղվի թույնի վրա միկրոբիոմի ազդեցության մասին տվյալներ չկան: Այսպիսով՝ այս նախագիծը կենսաբանական մի քանի գիտությունների խաչմերուկում է, այդ թվում՝ կենդանաբանության, մանրէաբանության, կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության, թունաբանության, և շատ կարևոր է գյուղատնտեսության համար, քանի որ միկրոբիոմի ուսումնասիրությունը կարող է բարելավել մեղուների առողջությունը:

-Ի՞նչ հիվանդություններ կարող են բուժել մեղվի թույնից ստացվելիք դեղամիջոցները:

-Մեղրատու մեղուների թույնը համարվում է նուկլեոտիդների, ֆերմենտների, մուկոպրոտեինների, կենսածին ամինների, աղերի, ինչպես նաև պեպտիդների և սպիտակուցների խիստ բարդ խառնուրդ, որը հազարամյակներ շարունակ օգտագործվել է ավանդական բժշկության մեջ, հիմնականում՝ Ասիայում և Աֆրիկայում: Այն պարունակում է hակամանրէային մի շարք պեպտիդներ, որոնք ազդում են մանրէների լայն շրջանակի վրա, ինչպիսիք են՝ բակտերիաները, սնկերը, վիրուսները և նախակենդանիները: Բացի դրանից՝ վերջին տարիներին ուսումնասիրվել է մեղվի թույնի ազդեցությունն ապոպտոզի և նեկրոզի մակածման, ինչպես նաև տարբեր տեսակի քաղցկեղային բջիջների տարածման, բջջաթույնի ակտիվության և աճի արգելակման վրա: Այն արգելակում է կենդանիների մոդելներում (in vivo պայմաններում) քաղցկեղային բջիջների բազմացումը և ուռուցքի աճը: Ապացուցված է, որ ուռուցքի աճի այս արգելակումը պայմանավորված է ավշային հանգույցներում տեղային բջջային իմունային պատասխանի խթանմամբ:

-Կիրառական ի՞նչ այլ նշանակություն կարող են ունենալ ուսումնասիրությունները:

-Հայաստանի տարբեր շրջաններից մեղուների հավաքումը (առողջ և հիվանդ) և նրանց աղեստամոքսային ուղու միկրոբիոտայի բաղադրության ուսումնասիրությունը կօգնեն վերլուծել միկրոօրգանիզմների նշանակությունը միջատների առողջության համար։ ԿԹԲ-ի, ինչպես նաև մեկուսացված այլ բակտերիաների ուսումնասիրությունը հնարավորություն կտա առանձնացնելու ամենաակտիվ շտամները: Ենթադրվում է, որ այս շտամները կնվազեցնեն հիվանդ միջատների քանակը և կբարձրացնեն ընդհանուր մեղվաընտանիքի իմունիտետը՝ ախտածին բակտերիաների, խմորասնկերի և բորբոսների դեմ: Կինետիկայի, ջերմաստիճանի և pH օպտիմալի ուսումնասիրությունը, արգելակիչների ազդեցությունը կօպտիմալացնեն կենսաբանական ակտիվությամբ օժտված նյութերիի սինթեզի տեխնոլոգիական պայմանները:

Ստացված տվյալները մեծ նշանակություն կունենան մեղուների բուժման և միջատների իմունիտետի բարձրացման համար։ Մյուս կողմից՝ մեղուների թույնի կենսաբանական ակտիվության հետազոտությունները անտագոնիստական բաղադրիչների նոր աղբյուր կստեղծեն: Սա կարող է օգնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամները վերացնելու հարցում:

Նշենք, որ գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատուն Սոֆիայի պետական համալսարանի (Բուլղարիա) կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի ամբիոնի վարիչ Սվետոսլավ Դիմովն է, որի հետ վերջերս հանդիպում էր կազմակերպվել ԵՊՀ-ում։