ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում շարունակվում է ամրապնդվել ուսանող-գործատու կապը

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր գիտաճանաչողական այցեր և երկօրյա դասընթացներ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ապա՝ ԵՊՀ մյուս ուսանողների համար։ Այցի նպատակն էր ուսանողներին աշխատաշուկայում առկա հնարավորություններին ծանոթացնելը, դասընթացների միջոցով նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցելը, հայտնում են ԵՊՀ-ից։

Հագեցած օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին «Գրագետ CV կազմելու կանոնները. ինչպե՞ս ներկայանալ գործատուին» խորագրով դասընթացին, որի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի մասնագետ Արուսյակ Սահակյանը ներկայացրեց ինքնակենսագրական գրելու հիմնական դրույթները, ապա՝ գործատուին ճիշտ ներկայանալու ձևը՝ նշելով, որ դրանք կարևոր նախապայմաններ են աշխատանքի ընդունվելու համար:

«Ինչպես գտնել հենց քո երազած աշխատանքը» խորագրով դասընթացի շրջանակում ուսանողները ձեռք բերեցին սեփական անձը բացահայտելուն, սահմանած նպատակներին հասնելուն և այլ հարցերին վերաբերող գիտելիքներ:

Այնուհետև «Արդշինբանկ» ՓԲԸ զարգացման և հավաքագրման բաժնի մասնագետները ներկայացրին «Դարձի՛ր բանկիր» ուսանողական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ոլորտի վերաբերյալ:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, նա մատնանշեց կենտրոնի առջև դրված գլխավոր նպատակներից մի քանիսը, որոնց թվում՝ ապահովել գործատու-ուսանող կապը և նրանց միջև ձևավորել կայուն հաղորդակցություն:

Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանի և «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության համագործակցության շրջանակում մշտապես կազմակերպվում են ԵՊՀ ուսանողների շրջայցեր՝ դեպի «Կոկա-կոլա» Երջանկության գործարան։

Այս անգամ ևս ուսանողներն այցելել են գործարան, ծանոթացել ապրանքանիշին, ընկերության գործունեությանը, ինչպես նաև պատկերացում կազմել մասնագիտական աճի հնարավորությունների մասին:

Երկօրյա այցի շրջանակում ուսանողներն իրենց ինքնակենսագրականները փոխանցել են գործատու կազմակեպությանը, ինչը նրանց համար լավ հնարավորություն է «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունում պրակտիկ գործունեություն ծավալելու համար։