ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, Ռոմանական բանասիրության ամբիոնի և ՀՀ-ում իսպանախոս երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանելու իսպաներենի և իսպանախոս երկրների մշակույթի տարածումը:
Մշակութային միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։
ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ այս նախաձեռնությունը Հայաստանում առաջին անգամ է իրականացվում: Այսօրինակ միջոցառում անցկացնելու գաղափար առաջացել է Հայաստանում իսպանախոս երկրների ներկայացուցիչների, մասնավորապես Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի և ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրա Սանտանայի հետ հանդիպում-քննարկումների ժամանակ:
ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնսալես Ալեմանը արժևորեց միջոցառման կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ իրենց համար հոկտեմբերը խորհրդանշական ամիս է։
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանի պետական համալսարանում և մասնակցել այս կարևոր միջոցառմանը։ Ուրախ եմ, որ այսօրինակ միջոցառում է կազմակերպվել, որն այսուհետ կլինի շարունակական։ Որպես Արգենտինայի քաղաքացի՝ ինձ համար մեծ հպարտություն է, երբ տեսնում եմ, որ այսքան երիտասարդներ սովորում են իսպաներեն, և լեզուն ընտրել են որպես ուսումնասիրության և մասնագիտական առարկա։ Նաև նշեմ, որ Իբերոամերիկյան փառատոնի համար ավելի լավ ամիս, քան հոկտեմբերն է, չէր կարող ընտրվել, քանի որ այն մեզ համար մեծ նշանակություն ունեցող ամիս է. հենց հոկտեմբերին են իսպանացի թագավորները հասել Հարավային Ամերիկա մայրցամաք։ Հուսով եմ, որ հաջորդիվ կայանալիք Իբերոամերիկյան փառատոները նույնպես տեղի կունենան հոկտեմբերին»,- ընդգծեց դեսպանը։
Ելույթներով հանդես եկան նաև Քրիստինա Կոնեսա Սանչոն, Սանդրա Սանտանան, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը և Ազգային ժողովի Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը։ Նրանք ևս կարևորեցին համագործակցության արդյունքում կյանքի կոչված նախաձեռնությունը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, որը մեծ ներդրում ուներ միջոցառման կազմակերպման գործում, շեշտեց, միջոցառումը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու տարբեր երկրների մշակույթը երգերի, պարերի, պատմությունների և տեղեկությունների միջոցով։
Փառատոնի առաջին հատվածում ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողները ներկայացրին Իբերոամերիկյան փառատոնի մասնակից երեք երկրների (Իսպանիա, Արգենտինա և Դոմինիկյան Հանրապետություն) քաղաքակրթությունը, մշակույթը, այդ երկրների մասին պատմություններ և հետաքրքրաշարժ տեղեկություններ:
Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող ուսանող Մելինե Խումալյանը, պատմելով երկրի ազգային արժեքների մասին, ասաց. «Մենք ներկայացնում ենք երկրի մշակութային կարևոր առանձնահատկությունները, խորհրդանիշները, օրինակ՝ Լարիմար քարը, որը հանդիպում է Դոմինիկյան Հանրապետության հարավարևելյան շրջանում: Այն համարվում է աշխարհում անծանոթ և եզակի գանձ: Բացի դրանից՝ փառատոնին ներկայացնում ենք նաև ազգային ինքնությունը խորհրդանշող անդեմ, ինչպես նաև դոմինիկյան կառնավալին բնորոշող տիկնիկներ»:
Իբերոամերիկյան փառատոնում Արգենտինան որպես զբոսաշրջային երկիր ներկայացնող ԵԼՀ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներից Շուշան Ալեքսանյանը նշեց, որ իրենք պատմում են «Work and travel» ծրագրի մասին, մասնավորապես այն, որ երկրում հնարավոր է միաժամանակ և՛ աշխատել, և՛ ճանապարհորդել։
Իսպանիան ներկայացնող ուսանողներն աջակցում էին Քրիստինա Կոնեսային. նա պատրաստել էր նվերներ այն մասնակիցների համար, որոնք ճիշտ էին պատասխանում Իսպանիային վերաբերող տարբեր հարցերի։
Փառատոնի տեղեկատվական մասին հաջորդեց մշակութայինը, որի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի խմբերը՝ երգչախումբը, «YSU Band»-ը, աղջիկների պարային համույթը, հանդես եկան համերգային ծրագրով՝ կատարելով մասնակից երկրների ազգային երգերն ու պարերը:
Ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողները, ներկայացնելով մասնակից երկրների մասին պատմող հոլովակներ, պատմեցին հետաքրքիր փաստեր։ Հնչած իսպանական գեղեցիկ բանաստեղծություններին հաջորդեցին «Սևիլյանաս», «Դոմինիկյան բաչատա», «Արգենտինական տանգո» պարերը, ազգային երգեր:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները, անցնելով վերապատրաստման դասընթաց, լավագույնս ներկայացրին իսպանական երգերն ու պարերը։ Բացի դրանից՝ նրանք ներկաներին յուրահատուկ անակնկալ մատուցեցին. միջոցառման ժամանակ կենտրոնի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան) կատարեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը։
Միջոցառմանը ներկա էին դեսպանատան աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր։
Երևանի պետական համալսարանում 1991 թվականից դասավանդվում է իսպաներեն։ Այս տարիների ընթացքում ձևավորվել են լեզվի դասավանդման հարուստ ավանդույթներ, իսկ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնը դարձել է իսպանագիտական ուսումնասիրությունների կարևոր կենտրոն, որտեղ հաջողությամբ իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր։