ԳլխավորԼուր

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հայաստանը մասնակցել է Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում անցկացված փառատոնին

Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), կարպետագործության ուսուցիչներ Զարուհի Դոլուխանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք) և Նարինե Պողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք):

Ցուցադրությունը հիմնականում ներկայացնում է հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ): Իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Փառատոնին հայ վարպետների մասնակցության նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն է, ներկայացվածությունը նման հեղինակավոր հարթակում, ինչպես նաև վարպետների ստեղծագործական գործունեության խթանումը:

Հայկական ավանդական երգերի և պարերի կատարումներով փառատոնին մասնակցում է նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը: