ԳլխավորԼուրԿրթություն

Հայաստանում ռուսական նոր դպրոցներ կբացվե՞ն. անպատասխան հարցերը շատ են

Ուսուցիչը՝ դասասենյակում՝ համավարակի օրերին (Ռուսաստան)

Հայաստանում ռուսական դպրոցի մոդելը կամ պետք է լինի հայ-չինական դպրոցի տարբերակով, կամ կարող են հավելյալ քննարկվել այլ հնարավորություններ։ Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանի հետ որոշ դպրոցների տնօրենների հետ օրերս կայացած հանդիպմանն ու այդտեղ հնչած՝ ռուսական դպրոցների կառուցման և աշխատանքային խումբ ձևավորելու մասին հայտարարությանը:

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը Usanogh.am-ի հետ զրույցում շեշտում է` ցանկացած պարագայում Հայաստանի քաղաքացիներին պետք է պարզաբանվի մի քանի կարևոր հարց, նախ` եթե մեր երկրում ռուսական նոր դպրոցներ բացվեն, ո՞ր երկիրն է դրանց գործունեությունը ֆինանսավորելու.

«Գուցե լինի մասնակի՞ ֆինանսավորում: Պետք է հստակեցվի` Հայաստանի քաղաքացիները կարո՞ղ են այդ դպրոցներում սովորել, թե՞ ոչ: Այդ դպրոցների տված ատեստատը հայկակա՞ն է լինելու, ռուսակա՞ն, թե՞ երկու երկրների»:

Լրագրողների հարցին՝ ռուսական դպրոցներ բացելու հարց կա՞ օրակարգում, նախարարը պատասխանել է․ «Այն խնդիրը, որը դրված է այսօր օրակարգում՝ համատեղ ծրագիր ունենալու մասին է, դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում… Վերջին շրջանում մեծ թվով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են գտնվում Հայաստանում, և եթե կա նրանց կրթության հավելյալ ապահովման հարց, ապա դա պատրաստ ենք ապահովել»։

Արմեն Հովհաննիսյանն ընդգծում է` պարտադիր պետք է հստակեցվի հետևյալ հարցը` դպրոցներում ուսուցումն անցկացվելու է հայկակա՞ն, թե՞ ռուսական ծրագրերով. «Եթե, օրինակ, վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստան եկած ռուսները վերջնականապես որոշեն ապրել Հայաստանում, հասկանալի չի լինի, թե ինչու պետք է նրանք ռուսական ծրագրերով ուսուցում ստանան: Իսկ եթե նրանք որոշեն ժամանակավոր բնակություն հաստատել, ինչո՞ւ պետք է նոր դպրոցներ բացվեն, կարող են, օրինակ,  արդեն գործող դպրոցների մասնաճյուղեր բացվել: Պետք է պարզաբանվի` հատկապես աշխարհայացք ձևավորող առարկաները անցնելու են հայկակա՞ն, թե՞ ռուսական ծրագրերով: Սրանք բոլորը հարցեր են, որոնք հստակ պատասխան են պահանջում»:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել էր հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ։  Սերգեյ Կոպիրկինը հայտնել էր, որ այս պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը, արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսերենով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով:

Նշենք նաև, որ Երևանում և մարզերում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 պետական հանրակրթական դպրոցներ։ Այդ դասարաններում ընդունելությունն իրականացվում է նախարարի` 1640-Ն հրամանի համաձայն։  ՀՀ օրենսդրության պահանջները սահմանում են, որ նման  դասարաններում կարող են սովորել միայն այն աշակերտները, որոնց ծնողներից առնվազն մեկն այլ երկրի քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։

Հայաստանի քաղաքացիություն ունեցող ծնողների դեպքում երեխան կարող է սովորել ոչ հայկական ուսուցմամբ դասարանում, եթե հինգ տարի անընդմեջ սովորել է այլ երկրում։