ԳլխավորԼուր

«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում Երևանի պետական համալսարանում

«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) այսօր տեղի է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված «105-ՐԴ ԲԱՐԵՎԸ» խորագրով միջոցառումը, հայտնում են Մայր բուհից։

Միջոցառման նպատակն էր ծանոթացնել ուսանողներին համալսարանի ընձեռած արտաուսումնական բազմաթիվ հնարավորություններին և օգնել նրանց ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Այն հնարավորություն էր հանդիպելու և շփվելու համակուրսեցիների ու այլ ուսանողների, դասախոսների և համալսարանական անձնակազմի հետ։

«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում
«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում

Տոնական օրվա ընթացքում ԵՊՀ տարբեր ստորաբաժանումներ ներկայացրել են իրենց գործունեությունը, առաջարկվող հնարավորությունները և պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Հնարավորությունների ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել են հետաքրքիր սիմուլյացիոն խաղեր, վիկտորինաներ և մրցույթներ, արագ դասընթացներ, անցկացվել է ուսանողների և դասախոսների համար նախատեսված քվեսթ, ելույթ է ունեցել YSU Band-ը։ Բացի դրանից՝ ուսանողները անմիջապես տեղում հնարավորություն են ունեցել գրանցվելու և հետագայում մասնակցելու ԵՊՀ ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր ծրագրերի, մշակութային միջոցառումների ու դասընթացների։

Նոր ուսումնական տարվա մեկնարկը և առաջինկուրսեցիների մուտքը համալսարան ողջունեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Այսօրվա հանդիսության խորագիրը՝ «ԵՊՀ 105-րդ բարևը», խորհրդանշում է Երևանի պետական համալսարանի մնայուն ժառանգությունն ու իր առաքելությունն իրագործելու հանձնառությունը: Այն նշանակում է ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբ, այլև ակադեմիական գերազանցության ու համալսարանական համայնքի բազմամյա ավանդույթ, որը հարստացել է ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում: Եվ այս «բարևը» պարզապես ողջույն չէ. այն հրավեր է դեպի բացահայտումների աշխարհ, դրական փոխակերպումների խոստում ու ձեր գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու պարտավորություն»,- իր նշեց ԵՊՀ ռեկտորը:

«105-րդ բարևը»․ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ տոնական միջոցառման ժամանակ
«105-րդ բարևը»․ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ տոնական միջոցառման ժամանակ

Նրա խոսքով, բուհն ունի ուսումնական ու հետազոտական ավելի լավ ու ոգեշնչող միջավայր ստեղծելու, մասնագիտական ու անձնական շարունակական աճի հնարավորություններ տրամադրելու պարտականություն․ «Եվ այս նոր ուսումնական տարում, հավատարիմ մնալով մեր որդեգրած արժեքներին ու սկզբունքներին, մենք շարունակելու ենք ընդլայնել ու բարելավել մեր կրթական ծրագրերը, խթանել հետազոտությունները, ինչպես նաև հաստատել ու զարգացնել համագործակցային կապեր՝ հնարավորություն տալով մեր համայնքի բոլոր ներկայացուցիչներին ուսումնասիրելու, բացահայտելու, ստեղծագործելու և ինքնադրսևորվելու»:

Ուսանողներին նա կոչ արեց նոր ուսումնական տարում շարունակել ընդունել յուրաքանչյուր մարտահրավեր որպես հնարավորություն, օգտագործել ամեն պահը սովորելու ու բացահայտելու բերկրանքը վայելելու համար և շնորհակալություն հայտնեց դասախոսներին, հետազոտողներին ու կրթության կազմակերպման բոլոր մասնակիցներին՝ իրենց նվիրումի, եռանդի ու կատարած աշխատանքի համար։

«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում
«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում

Շնորհավորելով առաջինկուրսեցիներին՝ Հ․ Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ակադեմիական ճանապարհորդության ուղին անցնելիս շարունակել ոգևորությամբ ու էլ ավելի մեծ խանդավառությամբ ձգտել դեպի գիտելիքը և հնարավորինս գեղեցիկ ու հաճելի դարձնել երազանքներին հասնելու իրենց ճանապարհը։

«Հավատացեք ինքներդ ձեզ, դուք մեծ բարձունքների հասնելու և աշխարհն ավելի լավը դարձնելու հսկայական ներուժ ունեք, և համալսարանը հենց այն հարթակն է, որն օգնելու է ձեզ բացահայտելու այդ ներուժը։ Եթե ձեր ճանապարհին դժվարություններ հանդիպեն, երբեք չհուսահատվեք։ Իմացեք, որ յուրաքանչյուր խոչընդոտ հնարավորություն է, իսկ յուրաքանչյուր ձախողում՝ փորձառություն, և շարունակեք ձեր ճանապարհը վճռականությամբ ու հաստատակամությամբ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

Նա շնորհավորեց նաև ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշակերտներին ու անձնակազմին՝ վստահություն հայտնելով, որ նրանք լավագույնս կրելու են համալսարանականի կոչումը՝ գրանցելով բազմաթիվ հաջողություններ ու հասնելով նորանոր բարձունքների։

Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց տոնական համերգը, որի ընթացքում հանդես եկան «NEMRA» և «By The Way» երաժշտական խմբերը։

«Նեմրա»-ն՝ ԵՊՀ տոնական միջոցառմանը
«Նեմրա»-ն՝ ԵՊՀ տոնական միջոցառմանը
«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում
«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում
«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում
«105-րդ բարևը»․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում