ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Ուսուցիչս հանդեսից հեռացրեց, քանի որ բոյով էի». Լիլիթ Մարտիրոսյանը` բուլինգին հաղթելու մասին

Լիլիթ Մարտիրոսյան

Usanogh.am-ի զրուցակիցը գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացրած և նվաճումներով վերադարձած մոդել, «Miss Globe Armenia 2017», «Miss Intercontinental Armenia 2016», «Miss Earth Armenia 2015», «Top model of the world 2015», «Miss Bikini Universe 2015» տիտղոսակիր գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանն է: Նա ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ, մարքեթինգ, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն ու իսպաներեն և այն համոզման է, որ մինչև կյանքի վերջին շունչը չի դադարի նոր բան սովորելուց:

-Լիլի´թ, նախ ուզում եմ հարցնել` հե՞շտ է լինել գեղեցիկ, թե՞ գեղեցկությունը բեռ է կնոջ համար:

-Գեղեցկությունը հարաբերական երևույթ է: Ամեն կին յուրովի գեղեցիկ է: Կինը պետք է դա վայելի ու գնահատի, իր հերթին ինքն էլ պետք է գեղեցիկով շրջապատի իրեն: Գեղեցկությունը չի կարող խանգարել, այլ հարց է, երբ մարդ, օրինակ, դեռահաս է և, ինչպես իմ դեպքում է եղել, չի գիտակցում, որ բարձր հասակ ունենալը գեղեցիկ է: Այդ տարիքում դու բավականաչափ հասուն չես, որպեսզի ճիշտ դատողություններ անես: Իսկ երբ մարդը հասուն է ու ինքնաբավ, սկսում է վայելել իր ունեցածը: Եթե դու ներքուստ ինքդ քեզ հետ հաշտ ես, արտաքին աշխարհի հետ ամեն բան շատ ավելի հեշտ է կառուցվում:

Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան

-Զարմանալիորեն, շատ բարդույթներ ունենում են հենց գեղեցիկ դիմագծերով, ընդունված ստանդարտներին համապատասխանող աղջիկներն ու կանայք: Դու երբևէ ունեցե՞լ ես բարդույթներ:

-Այո, ունեցել եմ բարդույթներ հենց դեռահասության տարիներին և նույնիսկ դրանից հետո: Պատճառը եղել է դպրոցական բուլինգը: Ինձ, ինչպես նշեցի, ասում էին, որ շատ բոյով եմ, տարբեր եմ, իմ մեջ ներարկել էին այն միտքը, որ բարձրահասակ լինելն ահավոր բան է: Ես ինձ շատ վատ էի զգում, նույնիսկ չէի ուզում դասամիջոցներին կանգնել, դուրս գալ, որպեսզի ոչ ոք ինձ չնկատեր: Ուզում էի թաքնվել բոլորից: Շատ դժվար է եղել հաղթահարել այդ կոմպլեքսը: Մի անգամ դպրոցական հանդեսի ժամանակ ուսուցիչը նույնիսկ հանեց ինձ դուրս, քանի որ շատ բոյով էի, ու ընդհանուր պատկերի մեջ «չէի տեղավորվում»: Դրանից հետո երեխաները ծաղրում էին, ասում էին` քեզ նույնիսկ հանդեսներում չեն ներառում: Այս ամենը հաղթահարել եմ, երբ արդեն Երևանում էի, ուսանողական տարիներին բոլորն ինձանով հիանում էին, հաճոյախոսություններ էին անում, հորդորում, որ մասնակցեմ գեղեցկության մրցույթներին: Աստիճանաբար այդ բարդույթն իմ մեջ մարեց: Հիմա, արդեն, արտաքինիս հետ կապված որևէ բարդույթ չունեմ:

-Իսկ մեր կրթական համակարգը, դպրոցներն ու բուհերը ի՞նչ ունեն անելու` բուլինգի դեպքերը նվազեցնելու ուղղությամբ:

-Բուլինգը կարող է կոտրել քեզ, եթե կողքիդ ճիշտ մարդիկ չլինեն: Իմ պարագայում մայրս էր աջակցողը: Դրա դեմ պայքարի միակ ձևը բուլինգի թեման կրթական համակարգ մտցնելն է, երեխաներին բարություն սերմանելը, սովորեցնելը, որ մեկը մյուսի հանդեպ հոգատար լինեն, որ մեկին հետաքրքրի մյուսի ապրումներն ու զգացումները: Սուտ կլինի ասել, որ այդ երևույթը հնարավոր է ամբողջովին վերացնել, բայց կարելի է այն մեղմել: Երեխաները բուլինգի պատճառով հաճախ ինքնասպանություն են գործում, ինչը սարսափելի է…Կնշանակի`այս ուղղությամբ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս շատ անելիք ունենք:

Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան

-Գեղեցկության մրցույթները ի՞նչ են տալիս մասնակցին, հատկապես` հայաստանցի մասնակցին` փո՞ղ, փառք և ճանաչո՞ւմ, համագործակցություն դրսի ընկերությունների հե՞տ…

-Կոնկրետ իմ կյանքում մրցույթները շրջադարձային են եղել: Այն ամենին, ինչին հասել եմ հիմա, այն հաջողությունները, որ ունեմ, դրանց հիմնաքարը հենց մրցույթներն են եղել: Ուղղակի մի բան ֆիքսենք` եթե դու ջանասեր չես, քո ինտելեկտի վրա չես աշխատում, ոչ մի մրցույթ ոչինչ քեզ չի տա: Գեղեցկության մրցույթը չի կարող միանգամից քեզ ամեն ինչ տալ. այն կարող է հայտնիություն, նոր կապեր ու հնարավորություններ բերել: Բայց դա դեռ սկիզբն է: Ես գեղեցկության մրցույթներին մասնակցել եմ մայրիկիս խոհրդով, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ: Ծնողներս, եղբայրս, առհասարակ, շատ են աջակցել ինձ:

-Սոցցանցերում բավական ակտիվ ես, միայն «Ինստագրամում» 100 հազարից ավելի հետևորդ ունես: Քեզ համար այդ հարթակներն ի՞նչ նշանակություն ունեն:

-Նայած` թե ինչպես ես այն օգտագործում: Սոցցանցերում էլ կարելի է հետաքրքիր ու ինքնատիպ լինել, ինտելեկտուալ գիծ տանել: Մարդիկ սկսում են ճանաչել քեզ բոլորովին այլ կողմից, ծանոթանում են քո մտածելակերպին ու աշխարհընկալմանը, արժեհամակարգին: Ես ինձ համարում եմ նաև սկսնակ ինֆլյուենսեր, ուզում եմ մարդկանց հորդորել ավելի շատ կարդալ, առողջ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել, էսթետիկ ապրել: Դա հրաշալի հնարավորություն է, որն ունենք այս դարում: Ասում են` սոցցանցերի գալով մեր կյանքի համն ու հոտը կորել է, բայց ես հակառակ կարծիքին եմ:

-Երիտասարդները մեզ շատ են հետևում, նրանց ի՞նչ կհորդորես:

-Ճիշտ գրքեր կարդալ ու շատ կարդալ, մնալ մոտիվացված, հստակ գնալ դեպի իրենց երազանքները և չվախենալ «ընդարձակ» երազելուց:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ