ԳլխավորՀայտնիները` ուսանող

Վարձս չկարողանալով մուծել` երբեք չեղա ուսանող, չզգացի` դա ինչ երջանկություն է. Ռաֆայել Երանոսյան

Ռաֆայել Երանոսյան (Ռաֆո)

Նա  հանդիսատեսին հայտնի է Կամերային և «Բոհեմ» թատրոններում կերտած իր դերերով, իսկ հեռուստադիտողին` ֆիլմերում, հումորային մանրապատումներում մարմնավորած կերպարներով, դե իսկ հեռուստանախագծերում, հատկապես` շոուներում նրա մասնակցությունը, որպես կանոն, ապահովում է բարձր վարկանիշ: Եվ այսպես, Usanogh.am«Հայտնիները` ուսանող» շարքի հյուրն այս անգամ ևս ունիկալ է, ընդ որում` ունիկալ է նրանով, որ երբեք ուսանող չի եղել: Մեր զրուցակիցը թատրոնի և կինոյի դերասան Ռաֆայել Երանոսյանն է:

-Ռաֆայե´լ, ինչպե՞ս ստացվեց, որ այդպես էլ որևէ բուհ չընդունվեցիք:

-Նախ ասեմ, որ փոքրուց երազում էի լինել բեմում, իմ նպատակն էր լինել ճանաչված: Երբ ավարտեցի Արմավիրի մարզի Լենուղի գյուղի դպրոցը, այդ ժամանակ առաջին անգամ եկա մայրաքաղաք, որոշեցի, որ պետք է ընդունվեմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Բայց անպատրաստ եկա, երկու ամսում ինչ հասցրել` սովորել էի: Դերասանական վարպետության համար բարձր գնահատվեցի, հարցազրույցից միջին միավոր հավաքեցի, բայց  որոշ հարցերում կաղում էի, բալերս չէին հերիքում, որպեսզի ընդունվեմ անվճար համակարգ: Վճարովի համակարգում էլ սովորել չէի կարող. ֆինանսական խնդիրներ ունեինք: Դա իմանալով` դիմել էի միայն անվճար ընդունվելու համար: Չընդունվեցի: Իհարկե,  այդ բալերով կարող էի վճարովի ընդունվել, բայց ոչ հայտն էի լրացրել դրա համար, ոչ էլ կարող էի վճարել:

-Բայց Դուք, կարծեմ, երկրորդ անգամ էլ եք փորձել ընդունվել, այնպես չէ՞:

-Այո, առաջին փորձից հետո մեկնեցի բանակ`ծառայության, բարեհաջող ծառայեցի, եկա մայրաքաղաք, որոշեցի ևս մեկ անգամ դիմել Թատերական ինստիտուտ, բայց ինձ ասացին, որ քննություններից ուշացել եմ, չեմ կարող դիմել: Մտածեցի` գուցե այդպես էր պետք, որ լիներ: Ընդունվեցի «Հայֆիլմ»-ի կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժին, 1 տարի սովորելուց հետո, կրկին չկարողանալով մուծել վարձը, որոշեցի, որ պետք է աշխատեմ: Մայրաքաղաքի սրճարաններից մեկում աշխատում էի որպես մատուցող, այդտեղ ծանոթացա մի տղայի հետ, որի միջոցով ընդունվեցի Կամերային թատրոն` որպես բեմի բանվոր, հետո` որպես դեկորատոր, աստիճանաբար, փորձերին մասնակցելով, սկսվեց իմ դերասանական կյանքի ուղին: Բայց իմ առջև դրված նպատակին, պիկին դեռ չեմ հասել: Կարծում եմ` այդ ուղու վրա եմ:

Ռաֆայել Երանոսյան (Ռաֆո)
Ռաֆայել Երանոսյան (Ռաֆո)

-Փաստորեն, դասական մարմնավորումն եք այն մտքի, որ ինքնակրթությունն ու աշխատասիրությունն են որոշիչ հաջողության հասնելու համար:

-Ժամանակ առ ժամանակ հանդիպումներ եմ ունենում դպրոցականների, ուսանողների հետ,  նրանցից շատերն ասում են` Հայաստանում ապագա չկա: Ասում եմ. «Երեխե´ք ջան, ես ձեզ վառ օրինակ: Ձգտողը կհասնի իր նպատակին»: Եվ հետո, այո´, ես չեմ դադարում զբաղվել ինքնակրթությամբ, մասնագիտական գրականություն եմ շատ կարդում: Փառք աստծո, 21-րդ դարն է, ամեն տիպի գրականություն հասանելի է: Շատ լավ է, երբ մարդիկ բուհում սովորում են, ես այդ երջանիկներից չեմ, ուսանողական կյանք չեմ վայելել, չգիտեմ` դա ինչ է, բայց շատ դեպքերում էլ Թատերական ինստիտուտն ավարտած ուսանողներ եկել են թատրոն ու չեն կարողացել դրսևորվել: Ինձ համար կարևոր չէ դիպլոմը, բայց ոչ էլ նսեմացնում եմ բարձրագույն կրթության դերը: Պարզապես կրթություն ստանալուց զատ պետք է քո առջև նպատակ դնես, մասնագիտությունդ սիրես: 42 տարեկան եմ, բայց մինչև հիմա  տանը էտյուդներ եմ մշակում ինքս ինձ համար: Փոքրիկ բաներ եմ բեմադրում, հայելու առջև ինքս ինձնից նոր պերսոնաժներ եմ ստանում: Հիմա պատրաստվում եմ դեկտեմբերին  Միացյալ Նահանգներում կայանալիք իմ ներկայացմանը: 20 տարի է`պրոֆեսիոնալ բեմում եմ, բայց պատասխանատվության զգացումս չի նահանջել: Հստակ գրաֆիկ ունեմ, որից չեմ շեղվում: Չեմ դադարում ինձ վրա աշխատել: Ի դեպ, ամեն անգամ բեմ բարձրանալուց առաջ հուզվում եմ, սրտխառնոց, գլխապտույտ եմ ունենում: Բայց հենց ներկայացումը սկսվում է, ամեն բան միանգամից անցնում է:

-Իսկ այն, որ մինչև հիմա ամուսնացած չեք, կապ ունի՞ աշխատանքին այդչափ նվիրվելու հետ:

-Չէ, դրանք ընդհանրապես կապ չունեն: Ի դեպ, աշխատանքն էլ է իմ անձնական կյանքի բաղկացուցիչը, այնպես չէ, որ դա ուրիշինն է (ծիծաղում է): Ամեն դեպքում, անձնականիս մասին շատ չեմ բարձրաձայնում, խոսել չեմ սիրում:

-Ձեզ և ձեր սերնդակիցներից շատերին մեղադրում են հիմնականում հեռուստատեսային հումորային հաղորդումներում, այսպես ասած, ծամածռություն անելու, երեխաներին, պատանիներին ձեր կերպարների միջոցով վատ օրինակ ծառայելու համար, ի՞նչ կասեք:

-Ասում են` մեյմունություն եք անում, բայց չեմ կարող բոլորին բացատրել, որ այդ կերպարների միջոցով մենք ծաղրում ենք «քյառթու», անկիրթ մարդկանց, ոչ թե կոչ ենք անում նմանվել նրանց: Իրենք իմ կերպարի հետ հաշվի չեն նստում, բայց ցանկանում են, որ ես իրենց հետ համակարծիք լինեմ: Չէ՞ որ դա կերպար է, դա ես չեմ:

-Ռաֆայել, Արցախի կորստից հետո ինչպե՞ս ուղղեցիք ձեր ողնաշարը:

-Շատ մեծ դժվարությամբ, դեռ  ուղղում եմ: Երկու-երեք օր առաջ ներկայացում խաղացի, հանդիսատեսի 20 տոկոսն արցախցի էր: Երբեք չեմ խոսել այս մասին, հիմա էլ չեմ խոսի, միայն ասեմ, որ  Արցախից տասնյակ ընտանիքների օգնել եմ, փորձելու եմ նաև տեղավորել աշխատանքի,  դա է մի քիչ մխիթարւմ: Իհարկե, մեր հայրենակիցներին ամենաշատը պետք է մեր վերաբերմունքը: Երբ նստում, նրանց հետ մեկ գավաթ սուրճ եմ խմում, դա նրանց համար բավական կարևոր է: Բոլորս պետք է այնպես անենք, որ արցախցիները զգան, թե որքան կարևոր են մեզ համար: Այնքան ուրախանում եմ, որ գալիս են ներկայացմանս, 1 ժամ ու կես կտրվում են հոգսերից: Պետք է աշխատենք, շենացնենք մեր երկիրը, հզորանանք, մեր թույլ տված սխալները հանկարծ նորից չգործենք: Միշտ ասել եմ` ուրիշ տեղ ես բոյով, գեշ տղա եմ, բայց Հայաստանում ես Ռաֆայել Երանոսյանն եմ: Պետք է սիրենք իրար: Լավ պետություն կառուցելու գործում էլ որոշիչ դեր ունի կրթությունը: Մանկապարտեզից է պետք է կրթել, ընտանիքը, դպրոցը, համալսարանը, բակը, թատրոնն ու հեռուստատեսությունը. յուրաքանչյուրն իր դերն ունի: Ուսուցիչը, դասախոսը  պետք է լավ վարձատրվեն: Մեր երեխաներին էլ պետք է հնարավորություններ տալ: Այնքան եմ երջանկանում, երբ հանդիպում եմ պատանիների, որոնք, ասենք, ռոբոտաշինությամբ են զբաղվում: Մենք իրենց տարիքում սիգարետի տուփով էինք ռոբոտ սարքում: Այնպես որ, սիրել իրար, կրթվել ու զարգանալ. սա պետք է լինի մեր ուղին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ