ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեն կաճի 38 տոկոսով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

«Բյուջեի մոտ 62%- ը կամ 216 մլրդ 398 մլն դրամը կազմում եմ ընթացիկ ծախսերը, 129 մլրդ դրամ կամ 37,4% նախատեսված է կապիտալ ծախսերի համար»,-ասաց նա։

Սիրունյանի խոսքով՝ կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 47%-ով։ Գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 32 մլրդ 498 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով։

Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտի ծախսերը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, իսկ երիտասարդության ոլորտի ծախսերը կկազմեն 2 մլրդ 331 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ իրականացվելու են 22 ծրագրեր և 200 միջոցառումներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը:

Նրա խոսքով, ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցում ավարտին կհասցվի:

«Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին»,- ասաց նա:

2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունը կավարտվեն 2025-2026 թվականներին: