ԳլխավորԼուր

Դասագրքերը սկսել են վաճառվել մասնավոր հրատարակչությունների կողմից․ նախարարությունը հորդորում է չգնել

Դասագիրք

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր այն մասին, որ հրատարակչություններն ու մասնավոր գրախանութները իրականացնում են դասագրքերի վաճառք, կառույցը բոլոր ծնողներին հորդորում է զերծ մնալ այդ ճանապարհով դասագրքեր ձեռք բերելուց, քանի որ պետությունը սահմանված կարգով բոլոր աշակերտներին ապահովելու է դասագրքերով:

Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը` ի պատասխան մեր խմբագրության ստացած ահազանգերի:

Ի դեպ, նմանատիպ հայտարարություն մենք նկատեցինք, օրինակ, «Էդիթ Պրինտ» հրատարակչության ֆեյսբուքյան էջում, որտեղ վաճառքի է հանվել «Մայրենիի»` 5-րդ դասարանի դասագիրք. «Սիրելի’ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Մայրենիի 5-րդ դասարանի դասագիրքն արդեն կարող եք ձեռք բերել գրախանութներից կամ պատվիրել առաքում՝ գրելով մեր էջին»,-ասված է հայտարարության մեջ:

Արդեն հայտնել էինք, որ նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սեպտեմբերի 1-ից պետք է փոխվեին դասագրքերը և տրամադրվեին նոր ստեղծված դասագրքերը: Այդ գործընթացը, սակայն, հետաձգվեց: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել էր, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում:

Կարինե Մանուկյանի խոսքով` նախարարությունն այս պահին իրականացնում է նոր դասագրքերի տպագրման գործընթացը. «Հանրապետության բազմաթիվ դպրոցներ արդեն իսկ ստացել են դասագրքեր, և շարունակաբար, փուլ առ փուլ մյուսներն էլ կստանան: Իսկ թե մասնավոր ընկերություններն ինչ են վաճառում` նախարարության իրավասությունից դուրս է»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ