Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Վերցված նմուշներում ստուգվել են աղիքային ցուպիկի, խմորասնկերի եւ բորբոսասնկերի առկայությունը, ինչպես նաեւ կաթնաթթվային բակտերիաների պակասը։ Բոլոր նմուշներում, բացի «Մարիլա» կաթնաշոռից, արձանագրվել է աղիքային ցուպիկի առկայություն։
«Տարբեր խախտումներ են հայտնաբերվել բոլոր 10 ընկերությունների կաթնաշոռում։ Օրինակ` «Մարիլա», «Մարիաննա», «Չանախ» եւ «Միլկին» ընկերությունների կաթնաշոռում կաթնաթթվային բակտերիաների պակաս է գրանցվել։ Իսկ «Արզնի կաթ», «Մարիլա», «Չանախ», «Անի պրոդուկտ», «Բոնիլաթ» և «Բիոկաթ» ընկերությունների արտադրության կաթնաշոռներում հայտնաբերվել են խմորասնկեր և բորբոսասնկեր»,– ասաց Պիպոյանն ու կոչ արեց կաթնաշոռն օգտագործել բացառապես ջերմային մշակումից հետո։
Փորձագետը նաև նշեց, որ հետազոտվել են բոլոր ընկերությունների կաթն ու թթվասերը, և «Աշտարակ կաթ» ընկերության, ինչպես նաև «Երեմյան պրոդուկտ» (25%), «Արզնի կաթ» (20%) և «Բոնիլաթ» (17%) ընկերությունների թթվասերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ: Նա նշեց, որ երեք արտադրողների մոտ խախտումների հայտնաբերումը մտահոգիչ է և վկայում է պետական վերահսկողության անարդյունավետության մասին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



