ԳլխավորԼուր

«Ակադեմիական քաղաք»-ը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

«Ակադեմիական քաղաք»-ը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետհայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, կարևորել է գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածությունն ու համագործակցությունը:

«Համատեղ աշխատանքն ու աջակցությունը բարեփոխումների գործընթացին շատ կարևոր են. նախարարությունն ակնկալում է մասնակցակային գործընթաց»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում մարզային բուհերին առնչվող խնդիրները քարտեզագրելու և լուծման ուղիները գտնելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն՝ հասկանալու, թե մարզերում որ մասնագիտություններով կրթություն կազմակերպելու իրական անհրաժեշտություն կա: Մասնագիտությունների ցանկը, ըստ Ժաննա Անդրեասյանի, պետք է հիմնված լինի շրջանավարտների զբաղվածության տվայլների հիման վրա՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի աշխատաշուկայի սպասարկման պահանջարկը, ինչպես նաև բուհի կողմից իրականացվող հետազոտական նախագծերը:

«Կարևոր է հասկանալ՝ ըստ մասնագիտությունների ինչպիսի կրթություն ենք ապահովում, ինչ որակավորումներ ենք շնորհում և ինչ կարիք ենք սպասարկում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ելքային տվյալների ճշգրիտ հավաքագրումը, որը ներառելու է տեղեկատվության ամբողջացում՝ կրթական ծրագրերի իրագործումից մինչև ենթակառուցվքածքների և մասնագետների առկայություն:

«Ակադեմիական քաղաք»-ը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
«Ակադեմիական քաղաք»-ը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Ըստ նրա՝ կայացվող բոլոր որոշումների հիմքում դրվելու են վերլուծություններն ու ստացված տեղեկությունները: Այս համատեքստում կարևորվել է տեղեկատվության տրամադրման միասնական ձևաչափի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ընդունելության ցուցանիշներին, բուհերի գույքային հագեցվածությանը և այլ խնդիրների:

Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը պետք է իրականացվի թիրախային քննարկումների արդյունքում. «Ակադեմիական քաղաքի ծրագիրը ներկայացվելու է բոլոր բուհերում՝ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ. յուրաքանչյուր որոշման գնալու ենք միասնաբար»:

Նախարարի պարզաբանմամբ՝ ծրագրին առնչվող մնացյալ հարցերը՝ կառուցվածքային, կազմակերպչական, ֆինանսատնտեսական, բովանդակային, քննարկման դաշտում են, ինչի նպատակով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ձևավորվում են աշխատանքային խմբեր: Նա ասել է, որ մարզային բուհերի ներկայացուցիչները ևս կընդգրկվեն աշխատանքային խմբերում՝ ծրագրի ընթացքին ավելի կառուցողական մասնակցություն ունենալու նպատակով:

Տեղեկանք

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, այդտեղ հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։

Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:

Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին: