ԳլխավորԼուր

ԲՊՀ-ի ժամանակավոր խորհրդի ստեղծումը կվիճարկենք դատարանում. Ցոլակ Ակոպյան

ԲՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գրիգոր Մինասյանի հրամանը ժամանակավոր խորհուրդ ստեղծելու մասին ու նշել, որ որոշումն անակնկալ էր, քանի որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ երկու ամիս է` հանրությանը հավաստիացնում էր, որ համալսարանում, սահմանված կարգի համաձայն, հոգաբարձուների խորհուրդ է ձևավորվելու։

Նշենք, որ Հոգաբարձուների խորհուրդը լուծարվել էր նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։

«Չնայած նրան, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ երկու ամիս հանրությանը հավաստիացնում էր, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, սահմանված կարգի համաձայն, հոգաբարձուների խորհուրդ է ձևավորվելու, այսօր ստանում ենք Արդարադատության նախարարի հետևյալ հրամանը։ Նախարարի՝ հանրությանը մոլորեցնող տեսանյութերից մեկը կտեղադրեմ մեկնաբանություններում։ Շնորհավորում եմ, տիկի՛ն Անդրեասյան, հերթական անգործությունը դրսևորելով, ձևավորեցիք այդքան ցանկալի ժամանակավոր խորհուրդը, ինչը, բնականաբար, կվիճարկենք դատարանում։ 2 ամսվա ընթացքում ԿԳՄՍ-ն այդպես էլ չասաց, թե այդ ինչ խախտում է եղել հոգաբարձուների խորհրդի դասախոսական կազմի ընտրության ժամանակ, ինչի պատճառով գնացիք այս ծայրահեղ քայլին։

Մենք պատրաստ էինք նաև իրադարձությունների նման ընթացքին։ Ի դեպ, շահերի բախման տեսանկյունից կարծում եմ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին նախարարը չպետք է լիներ այս ցանկում։ Հետևելով տիկին նախարարի՝ իրավական ճանապարհով շարժվելու «հորդորին»՝ այս հրամանը կհամարենք որպես այս պահին գործող փաստաթուղթ՝ մինչև հարցի իրավական լուծումը։ Հարգելի՛ բրյուսովականներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե մարտի 9-ից սկած 6 ամսվա ընթացքում հոգաբարձուների խորհուրդ չի ձևավորվում, ժամանակավոր խորհուրդը պետք է դիմի դատարան բուհը լուծարելու համար։ Այդ պատճառով բոլորիս խնդիրն է արագ ձևավորել Հոգաբարձուների խորհուրդը։ Ինչ վերաբերում է մեր ժամանակավոր խորհրդին, իրենց ընդամենը կարող եմ ասել. «Բարի՜ գալուստ Բրյուսով»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով մարտի 14-ին հաստատվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը։

Նախորդ տարվա դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Դեկտեմբերի 12-ին հրաժարականի դիմումներ ներկայացրեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ապա` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը նաև Բրյուսովի համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Մամուլում տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ այս հրաժարականները կապված են Բրյուսովի ռեկտորի ընտրությունների հետ։

Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։

Արդեն այս տարվա հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։