ԳլխավորԼուր

Հայրենասե՞ր է արդյոք Հյուսիսային համալսարանի ռեկտորը…

Հյուսիսային համալսարան

44-օրյա պատերազմի հինգերորդ օրը անհրաժեշտ էր արդեն երրորդ անգամ տաք հագուստ հավաքել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար, նշված է Հյուսիսային համալսարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«…Մինչ այդ Հյուսիսային համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները պահանջվող ամեն ինչ բերել էին, նաև տաք հագուստները: Դիմում եմ ռեկտոր Մհեր Մակիչյանին: «Տեսնեմ, թե տանն ի՞նչ է մնացել, Սյուզիին ասեմ՝ հավաքի բերենք»: Սյուզաննա Սարգսյանը ռեկտորի կինն է: Հաջորդ օրը Լրատվության բաժին են բերում չորս հսկա պայուսակ տաք հագուստ, կարծես պիտակը հենց նոր վրաներից պոկած: Ռեկտորն էր ուղարկել: Հանդիպում եմ Սյուզիին, ծիծաղելով պատմում է.«Մհերը բոլորիս աշնանային-ձմեռային վերնահագուստները հավաքեց, ավելի ճիշտ՝ հանեց հագներիցս, զայրացավ, երբ խնդրեցի սպասել մինչև շաբաթվա վերջ, որպեսզի գոնե հասցնեմ մեզ նոր վերարկուներ ու հագուստ գնել: Ասաց՝ խիղճ չունեք, մարդիկ մրսում են: Ինչ կար-չկար, հավաքեցինք բերեցինք»:

Պատերազմի հենց սկզբին Մհեր Մակիչյանն առաջարկեց ծրագիր մշակել՝ արցախցիներին տարատեսակ օգնություն տրամադրելու: Ներկայացրինք ծրագիրը՝ դրամական օգնությունից սկսած մինչև …ամեն հնարավոր բան: Հաստատեց: Ամեն ինչ անձամբ էր ղեկավարում, ֆինանսավորում էր առանց խնայելու՝ միաժամանակ զուսպ և առանց ցուցադրականության: Դրամահավաք, կամավորական աշխատանքներ, բուհի կողմից Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հոգեբանական օգնություն, հագուստի ու պարենի հավաքագրում…Այդպես մինչև վերջ, նաև պատերազմից հետո, երբ արցախցի մեր հայրենակիցների հետ կապված ինչ-որ հարցով դիմել ենք, միշտ պատրաստակամ ընդառաջել է:

Հայրենասե՞ր մարդ է Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը: Հարցրեք այն արցախցիներին, որոնց պարբերաբար այցելում էր բուհի պատվիրակությունը: Իսկ համալսարանի մատուցած կրթական ծառայությունների մասին ավելի լավ է գրառումներ չանեն «պետական» բուհեր ավարտած ու մի նախադասության մեջ հնարավոր բոլոր ուղղագրական սխալներն անող «ուսյալները»»,-տեղեկանում ենք գրառումից։

Հավելենք, որ ապրիլի 28-ին մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիայի շրջանակում ցանկացել են մուտք գործել Հյուսիսային համալսարան ու տեղադրել Արցախի դրոշը։ Բուհի ռեկտորը թույլ չի տվել։