ԳլխավորԼուր

Ուսանող լինելը բացառիկ կարգավիճակ է. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան

Ներկայացնում ենք ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ ուսանողներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանող լինելը բացառիկ կարգավիճակ է, քանի որ ընձեռում է սովորելու և գիտելիքի հետ ամեն օր ու ժամ առնչվելու հնարավորություն։ Ուսանողը երջանիկ է իրեն հետաքրքրող ոլորտներում շարունակաբար և անկաշկանդորեն նորը բացահայտելու, փորձարկելու ու վերաիմաստավորելու իր պարտավորությամբ, փորձառու դասախոսներից ու գիտնականներից գիտելիք փոխառելու, ինչպես նաև նրանց պնդումները քննադատորեն հասցեագրելու պատասխանատվությամբ։

Սիրելի՛ ուսանողներ, համալսարանի նպատակն այս ամենն իրագործելու համար ձեզ անհրաժեշտ պայմաններով ու հնարավորություններով ապահովելն է։ Մենք հետևողականորեն աշխատելու ենք ձեզ մատուցվող կրթական ծառայությունները բարելավելու և ձեր զարգացմանն անհրաժեշտ միջավայրը բարեփոխելու ուղղությամբ։ Գործելու ենք՝ ակնկալելով ձեր ջանքն ու մասնակցությունը, աշխատասիրությունն ու նվիրումը՝ ուղղված ձեր ինքնակատարելագործմանն ու ձեզ շրջապատող աշխարհն ավելի լավ ճանաչելուն։

Օգտվեք ձեզ տրված բոլոր այն հնարավորություններից, որ ունեք հիմա։ Սովորեք ու հետազոտեք, բացահայտեք ու վերլուծեք, վայելեք ընկերության, անհատական ու կոլեկտիվ ձգտումների բավականությունը, քաղաքացիական ու մարդկային նոր փորձառությունների հաճույքը, հպարտացեք ձեր ձեռքբերումներով ու երազեք ավելիի մասին։ Իմացեք, որ հենց ուսումնառության տարիներին եք կուտակելու գիտելիքների ու հմտությունների այն պաշարը, որով առաջնորդվելու եք ձեր հետագա գործունեության ընթացքում։

Սիրելի՛ ուսանողներ, ընդունեք յուրաքանչյուր օրը ուրախությամբ ու նոր բացահայտումներ իրականացնելու պատրաստակամությամբ»,-նշված է ուղերձում: