ԳլխավորԼուր

«Չուզողների աչքը ծակում ենք». Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը հերքում է, որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ռեկտոր Դավիթ Խիթարյան

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը հերքում է այն տեղեկությունը, թե ինքը փաստաթուղթ է կեղծել, և որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել.

«Դրանք կեղծ տեղեկություններ են և հերյուրանք, վաղը ևեթ մեր իրավաբանն ու Հասարակության հետ կապերի բաժինը հերքում կպահանջեն: Չի կարող քրեական վարույթ նախաձեռնվել, բայց մենք տեղյակ չլինենք դրանից»,-Usanogh.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Նշենք, որ ավելի վաղ aravot.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանի դեմ։

Ըստ կայքի, ռեկտորը պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի մեջ ավելացրել է կեղծ տեղեկություններ՝ կազմելով կեղծ փաստաթուղթ. մասնավորապես, ռեկտորը Սիսիանի շախմատի դպրոցի տնօրեն Ա․Վ․-ին տվել է տեղեկանք, որ վերջինս 2006թ.-ին ընդունվել եւ 2010թ. ավարտել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը «Ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ» մասնագիտությամբ, ում շնորհվել է «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան։ Սակայն պարզվում է, որ Ա․Վ․-ն չի ավարտել ինստիտուտը, քանի որ տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն։

«Սիսիանի շախմատի դպրոցի տնօրենին անձամբ չեմ ճանաչում: Եթե մեր ուսանողն է եղել և տեղեկանք է ուզել, բնականաբար, պետք է տայինք, ո՞նց կարող ենք չտալ: Իսկ երբ ասում են, թե կեղծ փաստաթուղթ եմ տվել, պատասխանում եմ` սուտ է»,- Usanogh.am-ի հետ զրույցում ասաց ռեկտորը:

Հարցին, թե ինչու պետք է իր մասին կեղծ տեղեկություններ տարածեին, Դավիթ Խիթարյանը պատասխանեց. «Մոտ օրերս մեր պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մեծ գիտաժողովի էր մասնակցում, ներկայացուցչական լավ ելույթներ ունեցանք, ուզում են մեր հաջողությունը ստվերել: Չեմ կարող ասել` ով, բայց չուզողների աչքը ծակում ենք»,-եզրափակեց նա: