ԳլխավորԽճանկար

Բերտրան Վենար. «Երկու ամսում կորցրեցի համալսարանի 11 ուսանողի». Mediamax

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը, որը 2022թ. սեպտեմբերին ավարտում է առաքելությունը, հարցազրույց է տվել «Մեդիամաքսին»:

Կյանքումս կատարած ամենաբարդ աշխատանքն էր

2020թ.-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մասին հայտարարություն տեսա, մտածեցի՝ հրաշալի կլինի դիմել ու փորձս, գիտելիքս օգտագործել այս երկրին աջակցելու համար: Կյանքիս այդ փուլում ցանկանում էի մտածել ոչ միայն մասնագիտական աճի, կարիերայի ու հետազոտությունների վրա աշխատելու, այլեւ հասարակական կարեւորություն ունեցող գործ անելու մասին:

Հայաստան գալուցս վեց օր անց Արցախում պատերազմ սկսվեց: Միայն այդ ժամանակ գիտակցեցի, որ երկրին աջակցելու վերացական նպատակս լրիվ իրական ու նյութական է դարձել: Հայաստանի նման փոքր երկրներն այդպիսի իրավիճակներում հնարավորինս շատ բարեկամների կարիք ունեն: Հետ նայելով՝ հիմա կարող եմ ասել՝ կյանքումս կատարած ամենաբարդ աշխատանքն էր: Երկու ամսում կորցրեցի համալսարանի 11 ուսանողի, տեսա մահ, տառապանք, հուսահատության ամենածանր աստիճանի հասած մարդկանց: Այս ամենին զուգահեռ ինձ համար մի բան հստակ էր՝ համալսարանը պետք է շարունակեր բնականոն աշխատել, մենք պարտավոր էինք երիտասարդներին որակյալ կրթություն տալ: Հիշում եմ այդ ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքն, ասաց՝ «Դուք ընդամենը մի քանի շաբաթ առաջ եք եկել, բայց տպավորություն է, որ արդեն տարիներ ի վեր Հայաստանում եք»: Ինձ համար որոշել էի, որ մենք նույնիսկ այդ ողբերգության պարագայում, կարող ենք ու պետք է նոր նախագծեր ստեղծենք, հույս տանք, մի փոքր լավատեսություն բերենք՝ ցույց տալով, որ ապագան, ի վերջո, կարող է լուսավոր լինել: Բնավորությամբ ես լավատես եմ, նույնիսկ ամենածանր, ամենամութ շրջանում թեկուզ փոքրիկ լույս եմ տեսնում, դեպի որը պետք է գնալ, պետք է ձգտել:

Պատերազմի ընթացքում համալսարան կառավարելը դժվար էր, բայց միաժամանակ սա հնարավորություն էր՝ շատ արագ հետազոտություն անցկացնելու, հասկանալու եղած խնդիրները և հնարավորությունները: Պատերազմն ազդակ էր, որ շատ արագ սկսենք համագործակցությունը ՀՖՀՀ թիմի հետ, պետք է ստիպեի թիմին մտածել ապագայի մասին։ Որպես ղեկավար՝ ես պարտավորի էի թույլ չտալ թիմին հուսահատության մեջ ընկնել, ուստի մերժեցի  ոչինչ չանելու դիրքորոշումը:

Համալսարանում այդժամ սկսեցինք պատրաստվել պատերազմական իրավիճակին բնորոշ մարտահրավերներին. ուսանողներն առաջին բուժօգնություն էին սովորում, հավաքում էին սնունդ ու անհրաժեշտ պարագաներ փախստականների համար: Մենք նույնիսկ պատրաստ էինք հենց այստեղ՝ համալսարանի լսարաններում փախստականների ընդունելու սցենարին: Հայրս ու պապս սպաներ են եղել, ամեն մեկը 10 տարուց ավելին պատերազմի է մասնակցել, ու ես շատ զգայուն եմ այս հարցերում: Մի օր գիտակցեցի, որ պատերազմից վերադառնալուց հետո մեր զինծառայող ուսանողների համար հատուկ ծրագիր է պետք մշակել: Այդ տղաները պետք է իմանան՝ իրենց մասին մտածել են ու սպասել…

Ֆրանսիական համալսարանի ուսանողի ֆենոմենը

Պատկերացրեք մի մարդու, որը մեծ մոտիվացիա ունի, սովորելու մեծ ցանկություն, պատրաստ է դիմակայել դժվարություններին, ճկուն է, պատրաստ է նոր մարտահրավերների, նույնիսկ ամենածանր իրավիճակներում առաջ շարժվելու ուժ է գտնում ու այս ամենին զուգահեռ գիտի ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն ու հայերեն: Ցանկացած գործատու կասի՝ «ուզում եմ աշխատանքի վերցնել նրան»: Հենց նման մարդկանց կրթելն ու ձեւավորելն է Ֆրանսիական համալսարանի ֆենոմենը:

Մի հետաքրքիր փաստով եմ ուզում կիսվել՝ ՀՖՀՀ ընդունվող ուսանողների 91 տոկոսն առաջին կուրսում ֆրանսերեն չգիտի: «Կախարդանքն» այն է, որ երկու տարի անց նրանք ֆրանսերենին այնպես են տիրապետում, որ դրանով սովորում են մի շարք մասնագիտական առարկաներ: Իսկ ֆրանսերենը, հիշեցնեմ, աշխարհի ամենագեղեցիկ, բայց միաժամանակ նաեւ ամենաբարդ լեզուներից է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում