ԳլխավորԼուր

«Չեմ կարող ասել՝ ամեն ինչ լավ է, բայց…». ԱրՊՀ ռեկտորը հանդիպել է ուսանողների հետ

Այսօր ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է համալսարանի ստորաբաժանումների պատասխանատուների և ուսանողական խմբերի ավագների հետ, խոսել հանրապետությունում տիրող իրավիճակի, համալսարանի ընթացիկ և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը նախ գոհունակություն է հայտնել ուսանողական խորհուրդների աշխատանքներից, կարևորել ուսանողների ակտիվ գործունեությունը՝ շեշտելով հատկապես համալսարանում իրականացվող կրթամշակութային միջոցառումները, որոնք նպաստում են համալսարանական կյանքի աշխուժացմանը:

Ռեկտորը, անդրադառնալով հանրապետությունում վերջին օրերին ստեղծված իրավիճակով պայմանավորված հանրության մեջ շրջանառվող լուրերին, հորդորել է չտրվել տեղեկատվական դաշտի մանիպուլյացիաներին, սադրանքներին, խուճապային տրամադրություններին, պահպանել զգոնություն և սթափ գնահատել իրավիճակը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր սերունդ իր բաժին ծանրությունն է տանում: Մեր սերնդին էլ բաժին հասավ այս օրերի դժվարություններն ու ծանրությունը:

«Չեմ կարող ասել՝ ամեն ինչ լավ է: Իրոք, իրավիճակը բարդ է, դժվարությունները շատ են, որոնք պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց հավաստիացնում եմ, որ իրավիճակը գտնվում է պատասխանատուների անմիջական վերահսկողության տակ, և այս առումով յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը»,-նշել է ռեկտորը՝ հավելելով, որ այս իրավիճակում յուրաքանչյուրը պետք է իր աշխատանքով զբաղվի, այն ոլորտով, որտեղ ինքը խորագիտակ է, զերծ մնա ֆեյսբուքյան անհարկի, խուճապ առաջացնող գրառումներ կատարելուց ու տարածելուց:

Ռեկտորը խոսել է նաև առաջիկա անելիքներից, կազմակերպվելիք միջոցառումներից, որոնցից առանձնացրեց հատկապես ուսանողական գիտաժողովը, որին մասնակցելու համար հայտագրվել են արդեն ուսանողներ նաև ՀՀ տարբեր բուհերից:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը հանդիպումը համարեց անհրաժեշտ ու տեղին՝ միմյանց հետ մտքեր փոխանակելու, խնդիրներ բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ նախանշելու տեսանկյունից:

«Այսօր իրադրությունը բարդ է: Զինված գործողություններից զատ մեր դեմ կիրառվում է նաև տեղեկատվական պատերազմը: Պետության բաղադրիչներից մեկն էլ հասարակությունն է: Եթե հասարակության մեջ գերիշխեն խուճապային տրամադրությունները, դա առաջին հերթին հարված է մեր պետությանը, ինչը կնպաստի հակառակորդի գործողություններին: Մեր խնդիրն է ամուր լինել և դիմակայել դժվարություններին», -նշել է Շ. Այդինյանը և հավելել. «Արցախում երեխաներ են ծնվում, հարսանիքներ են լինում, ուրեմն պայքարը հանուն կյանքի շարունակվում է»:

ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ ուսանողական խմբերի ավագները պետք է ոչ միայն կանոնակարգով սահմանված իրենց պարտականությունները կատարեն, այլև՝ լինեն առաջնորդ, կառուցողական մթնոլորտ ստեղծող, անորոշության իրավիճակում կողմնորոշվող և ուղղորդող:

«Անորոշության իրավիճակում լավագույն պահվածքը ինչ-որ օգտակար զբաղմունք գտնելն է, որևէ ոլորտում ներգրավվելը: Իսկ ուսանողության համար այդ զբաղմունքը ուսումնական գործընթացին ու կազմակերպվող միջոցառումներին ակտիվ ներգրավվելն է»,-նշել է պրոռեկտորը: