ԳլխավորԼուրՈւսումնառություն Հայաստանում

«Հաշվողական լեզվաբանություն» և «Համընթաց թարգմանություն». նոր կրթական ծրագրեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում մշակվել և ներդրվել են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը: Մշակվել է նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը` թեստային համապատասխան առաջադրանքներով, որոնք այժմ փորձաքննության փուլում են:

Բացմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի տարբեր բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրել է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման պատմությունը: Նա նշել է, որ 25-ամսյա տևողությամբ, 119 մլն դրամ արժողությամբ նորարարական ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել են ՏՏ համակարգերի լեզվաբանական ապահովման և լեզվաբանության մեջ արհեստական բանականության զարգացման խնդիրները: Կարինե Հարությունյանի խոսքով՝ հայերենի տեխնոլոգիացման գործընթացը դանդաղ է իրականացվում` ի համեմատ այլ լեզուների:

«Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չեն պատրաստվում լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոլորտային մասնագետներ, որոնք կկարողանան իրականացնել թվային միջավայրերում հայերենի լիարժեք կիրառման ուղղությամբ հետազոտություններ և նորարարական մշակումներ` դրանք փոխկապակցելով օտար լեզուների հետ: Ուստի ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից նպատակ սահմանվեց զարգացնել կիրառական լեզվաբանության տեխնոլոգիահենք կրթությունը, օտար լեզուների փոխկապակցմամբ խթանել հայերենի կիրառությունը թվային միջավայրերում:

Մեր մյուս կարևոր խնդիրն է եղել մշակել հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների նկարագիրը` համաեվրոպական լեզվաիմացության շրջանակներին համապատասխան և ներդնել հայերենի իմացության գնահատման առցանց գործիքակազմ»,- նշել է ռեկտոր Կարինե Հարությունյանը` ավելացնելով, որ գիտահետազոտական բոլոր նշված ուսումնասիրությունները կարող են իրագործվել Բրյուսովի անվան պետական համալսարանի նորաստեղծ «ՀայԼինգվոՏեք» կենտրոնում, որը ևս հիմնվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Կենտրոնը, ինչպես բուհի ռեկտորն է վստահեցնում, կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ:

ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն հաստատվել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական մասնագիտական կրթական ծրագրերը. այժմ ընթացքի մեջ է այդ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացը, որից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանում կարող է նշված մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել:

Կրթական նոր ծրագրերի շրջանավարտները կձևավորեն կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականության և այլ ծրագրերում: