ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հանդիպել են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2026»-ի հաղթողների և ժյուրիի անդամների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հաղթող նախագծերի հեղինակներն ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մասնակցել են «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանի ներկայացրած «Մթնոլորտային ջրային գոլորշու հարկադիր խտացում՝ օգտագործելով բազմաշերտ գրաֆենով պատված ծակոտկեն կերամիկական հիմքեր» նախագիծն արժանացել է է 3-րդ կարգի մրցանակի:
«Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառը համարվում է աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարի մրցույթին ներկայացվել է 1383 նախագիծ՝ 1727 աշակերտի մասնակցությամբ՝ աշխարհի վեց տասնյակ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ երկրներից։
Նշենք, որ «Regeneron ISEF-2026» տոնավաճառին Հայաստանից մասնակցել են նաև «Այբ» դպրոցի աշակերտներ Սոֆյա Սեյրանյանը, Մարիա Մելիքյանը և Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով «Sorbroot․ ծանր մետաղների ադսորբցիա ջրից՝ օգտագործելով պլաստիկից ստացված հումիլաթթվի նման մնացորդներ պարունակող սորբենտ» նախագիծը։
«Regeneron ISEF-2026» գիտական տոնավաճառի «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի արժանացած Ալբերտ Շահինյանն առաջիկայում կմասնակցի նաև Լոնդոնում անցկացվող Երիտասարդ գիտնականների միջազգային ֆորումին (LIYSF-2026), որը միավորում է 70–80 երկրների երիտասարդ գիտնականների։
Միաժամանակ, հայաստանյան ևս 2 նախագծեր կներկայացվեն 2026թ․ սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք «Եվրոպական միության երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթին (The European Union Contest for Young Scientists, EUCYS), որը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և համարվում է Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։ Հայաստանից կմասնակցեն «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Ղազարյանը և Հովհաննես Մանուկյանը՝ «Էյրիֆայ» նախագծով, ինչպես նաև Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը՝ «Խելացի բիոպլաստիկ» նախագծով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


