ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, հայտնում են նախարարությունից:
Նախարարի տեղակալը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 120 աշակերտների:
Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է աշակերտներին կարևոր ձեռքբերման առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ինչպես նրանց, այնպես էլ մանկավարժներին ակտիվության, նախաձեռնողականության և կատարած աշխատանքի համար:
2026 թ. փառատոնին մասնակցել է շուրջ 140 սովորող Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարաններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում․
- «Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ)
- «Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ)
- «Քիմիա» (18 նախագիծ)
- «Կենսաբանություն» (18 նախագիծ)
- «Հասարակական գիտություններ» (18 նախագիծ)
Յուրաքանչյուր անվանակարգում սովորողներն արժանացել են 1-րդ, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։ Փառատոնի մրցանակակիր նախագծերից երկուսը կներկայացվեն Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին, երկուսը՝ Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






