ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի է ունեցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 130 աշակերտների:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «Հայկական համադպրոցական գիտության փառատոնը» փաստում է՝ ունենք փայլուն երեխաներ՝ հրաշալի մտքով և այդ միտքն իրականություն դարձնելու եռանդով։
Նրա խոսքով՝ ուրախալի է փաստը, որ տարեցտարի փառատոնում ներկայացվող նախագծերի թիվն ավելանում է. «2021 թվականին, երբ փառատոնն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացված էր ընդամենը 38 նախագիծ՝ 15 ուսումնական հաստատությունից։ Այս տարի 5 անվանակարգում ներկայացվել է 91 նախագիծ: Հուսով եմ՝ հաղթող նախագծերի հեղինակներին այս հաջողությունը կմոտիվացնի և կոգևորի հետագա մեծ հաղթանակների համար»:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը՝ շեշտելով, որ աշակերտները հետաքրքիր նախագծեր են իրականացրել, որոնք կարող են նպաստել պետության հզորացմանը։
«Լավ կլինի, որ այս աշակերտները կրթությունը շարունակեն և աշխատեն համապատասխան ուղղություններով։ Վստահ եմ՝ երեխաների մասնագիտական կողմնորոշումը պետք է հստակեցվի դպրոցում։ Աշխարհը փոխվել է, մենք ապրում ենք բարձր տեխնոլոգիաների ժամանակներում։ Պետք է դպրոցներում զարգացնել բնական գիտությունները, և այս առումով նման միջոցառումները շատ կարևոր են»,- նշել է Աշոտ Սաղյանը՝ հավելելով, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է կազմակերպել էքսկուրսիաներ ու աջակցել գիտության զարգացմանը դպրոցներում։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից իրականացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնին «Մաթեմատիկա-ծրագրավորում», «Ֆիզիկա-աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Սոցիալական գիտություններ» անվանակարգերում այս տարի ներկայացվել է 91 նախագիծ՝ 250 սովորողներից: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն են ստացել ներկայացնելու Հայաստանը ԱՄՆ Օհայո նահանգում կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին (ISEF-2025)», ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների ԵՄ մրցույթին (EUCYS), որն այս տարի տեղի կունենա Լատվիայում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews