ԳլխավորԼուրԿրթություն

Կայացել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Ժաննա Անդրեսայանը Հայկական համադպրոցական գիտության 3-րդ փառատոնի եզրափակիչ փուլի ժամանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, տարբեր դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, այլ այցելուներ։

Փառատոնին մասնակցող միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկուհոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր, իսկ եզրափակիչ փուլի ընթացքում ԿԳՄՍ նախարարին, ներկա մյուս հյուրերին և ժյուրիի անդամներին ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։

Հայկական համադպրոցական գիտության 3-րդ փառատոնի եզրափակիչ փուլը

Երրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել են եզրափակիչ փուլում:

Նախագծերը գնահատող մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից, փառատոնի արդյունքները կամփոփի առաջիկայում։

Հայկական համադպրոցական գիտության 3-րդ փառատոնի եզրափակիչ փուլը

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցների ծրագրերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական Regeneron (ISEF-2023) տոնավաճառին, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։

Միջոցառման ավարտին մասնակցության հավաստագրեր են հանձնվել փառատոնի բոլոր մասնակիցներին։