ԳլխավորԼուր

Համալսարանականները պատրաստում են ճկուն գազային սենսորներ

ԵՊՀ գիտական խումբ

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտական խումբը հետազոտական աշխատանքներ է կատարում «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում» գիտական թեմայի շրջանակում, հայտնում են ԵՊՀ-ից:

Այսօր ժամանակի հրամայականը թելադրում է ունենալ ոչ միայն ավանդաբար կիրառվող կարծր տակդիրների հիման վրա պատրաստված գազային սենսորներ, այլև ճկուն և գերթեթև սենսորային համակարգեր: ԵՊՀ գիտական խմբի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է սինթեզել ածխածնի նանոխողովակներ ու նանոկոմպոզիտ միացություններ, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր ճկունությամբ, էլաստիկությամբ, դյուրակիրությամբ և էլեկտրաքիմիական պարամետրերի կայունությամբ, ինչպես նաև դրանց հիման վրա պատրաստել ճկուն տակդիրով գազային սենսորներ՝ պայթյունավտանգ, դյուրավառ, թունավոր գազերի և ցնդող օրգանական միացությունների հայտնաբերման համար:

Գիտական թեման ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության 2021 թ. մրցույթի շրջանակում՝ եռամյա ժամկետով:

Ծրագիրը ներկայացրել են ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, հետազոտական խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Միքայել Ալեքսանյանը և հետազոտական խմբի մյուս անդամները՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Սայունցը, կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին և լաբորանտ Զարինե Սիմոնյանը: Ծրագրի միջազգային գործընկերն է Պրահայի քիմիական տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Դյուշան Կոպեսկին։ Գործընկերոջ ընտրությունը պատահական չէ. բուհերը համագործակցում և համատեղ գիտական ծրագրեր են իրականացնում 2014 թվականից:

Միքայել Ալեքսանյանը, խոսելով թեմայի ընտրության մասին, ընդգծեց, որ այսօրինակ ուսումնասիրություններ դեռևս չեն կատարվել Հայաստանում և այն հիմք կհանդիսանա հետագա հետազոտությունների և ծրագրերի իրագործման համար:

«Մենք օգտագործեցինք ճկուն տակդիրներ, ինչը մինչև հիմա չի արվել Հայաստանում, և երկրորդ՝ շեշտը դրեցինք ժամանակակից նանոտեխնոլոգիաներում ամենահաճախ օգտագործվող նյութի՝ ածխածնի նանոխողովակների վրա: Այստեղ կարևորն այն էր, որ մենք պետք է աճեցնեինք այդ նանոխողովակները (ինչը ևս մինչ այս Հայաստանում չէր արվել) և դրանց հիման վրա պատրաստեինք գազային սենսորներ: Այժմ մեզ հաջողվեց թե՛ աճեցնել ածխածնի նանոխողովակները, թե՛ պատրաստել ճկուն գազային սենսորներ»,- նշեց Մ. Ալեքսանյանը:

Գազային սենսորը սարքավորում է, որը հնարավորություն է տալիս միջավայրում հայտնաբերելու թունավոր, պայթյունավտանգ, վտանգավոր գազերի կոնցենտրացիաներ: Դրանց կիրառության դաշտը և հնարավորությունները շատ լայն են. կարող են ներդրվել արդյունաբերության մեջ, առողջապահական, ռազմական և այլ ոլորտներում՝ օդի որակը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու նպատակով:

Դրամաշնորհի շրջանակում կենտրոնը համալրվել է ուսումնասիրությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով: Գիտական թիմի անդամ Գևորգ Շահխաթունին այցելել է գործընկեր Պրահայի քիմիական տեխնոլոգիաների համալսարան և կատարել մեծ ծավալի չափումներ ու հետազոտություններ՝ գործընկերների օգնությամբ հանելով ԵՊՀ-ում աճեցված նանոխողովակների էլեկտրոնային մանրադիտակի պատկերները և բոլոր հնարավոր բնութագրերը: Վերջին վեց-յոթ ամսվա ընթացքում համատեղ ջանքերով տպագրվել են երկու գիտական հոդվածներ միջազգային բարձր վարկանիշային (Q1) պարբերականներում, իսկ ընդհանուր առմամբ թեմայի շրջանակում հրապարակվել է յոթ հոդված:

Դրամաշնորհային ծրագրի պահանջների համաձայն՝ ԵՊՀ է ժամանել Պրահայի գործընկեր համալսարանի պրոֆեսոր Դյուշան Կոպեսկին՝ ԵՊՀ-ում կատարվող գիտական գործընթացներին անձամբ ծանոթանալու նպատակով:

Դյուշան Կոպեսկին նշեց, որ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունն ունի մոտ տասը տարվա պատմություն, և սա արդեն 4-րդ այցելությունն է ԵՊՀ:

«Գործակցության փորձառություն ունեմ աշխարհի տարբեր երկրների համալսարանների հետ, սակայն Երևանի պետական համալսարանի իմ գործընկերների հետ  համագործակցությունը յուրահատուկ է ու շատ հետաքրքիր, և մենք տարիների ընթացքում հասցրել ենք նաև ընկերանալ»,- նշեց Դ. Կոպեսկին և հավելեց. «Այժմ քննարկում ենք համագործակցության հնարավոր հեռանկարները. ցանկանում ենք համատեղ իրականացնել գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների փոխանակման և այլ ծրագրեր, որոնք կնպաստեն երկու բուհերի երիտասարդ հետազոտողների միջև գործընկերային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»:

Պրոֆեսոր Դյուշան Կոպեսկին այցի շրջանակում համալսարանում անցկացրել է «Նանոկառուցվածքային հաղորդիչ պոլիմերները՝ որպես սենսորներ և էլեկտրամագնիսական վահաններ կիրառման համար» թեմայով սեմինար և գիտական քննարկում: Սեմինարին ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի և ֆարմացիայի ինստիտուտուտների, քիմիայի ֆակուլտետի և հարակից ոլորտների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները, ինչպես նաև Պրահայի քիմիական տեխնոլոգիաների համալսարանի դոցենտ Իտկա Կոպեսկին։