ԵՊՀ հրաձգարանում տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի՝ հրաձգության մրցաշարը, որտեղ ԵՊՀ հավաքականը ընդհանուր հաշվարկով գրավեց առաջին հորիզոնականը, հայտնում են Մայր բուհից:
Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 13 բուհերի հավաքական թիմեր։ ԵՊՀ հավաքականի կազմում էին 3 տղա և 3 աղջիկ: Մրցաշարի արդյունքում ընդհանուր հաշվարկով ԵՊՀ հրաձգության հավաքականը գրավեց մրցանակային առաջին տեղը (249 միավոր): Երկրորդ տեղում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հրաձգության հավաքականը (240 միավոր), իսկ երրորդ տեղում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինը (225 միավոր):
Թիմային մրցաշարից բացի՝ անցկացվեց նաև անհատական առաջնություն, որտեղ ևս ԵՊՀ ուսանողները գրավեցին առաջին և երրորդ հորիզոնականները։
Առանձին անհատական առաջնությունում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Գաբրիելյանը 44 միավորով գրավեց առաջին մրցանակային տեղը՝ ճանաչվելով որպես Հայաստանի Հանրապետության բուհերի աղջիկների շրջանում լավագույն հրաձիգ:
Տղաների անհատական առաջնությունում հետաքրքիր պայքար էր. երեք բուհերի ներկայացուցիչներ հավասար միավորներով հավակնում էին դառնալու առաջին տեղի մրցանակակիր, քանի որ բոլորը հավաքել էին 50-ից 45 միավոր: Արդյունքում դիպուկ կրակոցների հաշվարկով ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Կարեն Գիժլարյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Թիմային հաշվարկով ԵՊՀ աղջիկների հավաքականը գրավեց մրցանակային առաջին տեղը՝ հավաքելով 226 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի աղջիկների հավաքական թիմը՝ 115 միավորով, երրորդ մրցանակային տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների հավաքական թիմը՝ վաստակելով 111 միավոր:
Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տղաների հավաքականը (129 միավոր), երկրորդը՝ ԵՊՀ տղաների հավաքական թիմը (123 միավոր), երրորդը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինը (116 միավոր):