Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող ԵՊՀ հանրակացարանում տեղավորվելու վերաբերյալ դիմումները նախապես պատրաստվելու են հանրակացարանում, ապա աշխատակցի միջոցով ներկայացվելու են Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին։
Ysu.am-ի զրույցում ԵՊՀ հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանն ասաց, որ ուսանողների դիմումները քննարկվելու և բավարարվելու են՝ ըստ դիմում ներկայացնելու ամսաթվերի հերթականության:
«Չնայած դիմում կարող են ներկայացնել ինչպես ԵՊՀ, այնպես էլ մյուս բուհերի ուսանողներն ու այլ անձինք, սակայն վերջիններիս հանրակացարանում սենյակ հատկացվելու է ԵՊՀ ուսանողներին տեղավորելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում միայն»,- նշեց Հրաչ Չոբանյանը:
Նա տեղեկացրեց, որ դիմումը հաստատելուց հետո ուսանողի հետ կնքվելու է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր՝ մինչև ուսումնական տարվա ավարտը ժամկետով, որը երկկողմանի համաձայնության դեպքում կարող է լուծարվել կամ փոփոխվել:
ԵՊՀ ուսանողական հանրակացարանում մեկ անձի կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը մեկտեղանոց սենյակում կազմում է 60 հազար ՀՀ դրամ (18 քմ) և 55 հազար ՀՀ դրամ (15 քմ), երկտեղանոց սենյակում՝ 40 հազար ՀՀ դրամ (24 քմ) և 35 հազար ՀՀ դրամ (21 քմ), երեքտեղանոց սենյակում՝ 30 հազար ՀՀ դրամ (27 քմ), չորստեղանոց սենյակում՝ 25 հազար ՀՀ դրամ (32 քմ)՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:
ԵՊՀ հանրակացարանում կեցությունը կազմակերպելու համար անհրաժեշտ դիմումների պատրաստման ընթացակարգի և այլ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանին 094 22 31 30 հեռախոսահամարով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։