ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը նոր կառավարիչ-ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին` 19 կողմ և 5 դեմ ձայներով։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Հովհաննիսյանը, ով միակ թեկնածուն էր։
«Իմ այստեղ լինելը բավականին կբարձրացնի ԵՊՀ–ի վարկանիշն ու հեղինակությունը։ Այդ մասին են վկայում տարբեր անձինք թե՛ պրոֆեսորադասախոսական կազմից, թե՛ վարչական ապարատից»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ ներկա չի եղել քվեարկությանը, քանի որ դրա իրավունքը չի ունեցել, սակայն վստահեցրեց, որ նիստն անցկացվել է լավ մթնոլորտում։
Հիշեցնենք, որ բուհը 13 տարի ղեկավարած Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի է, ինչ ռեկտոր չուներ։
Օգոստոսի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը: