ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ մարտի 19-ին կայացած նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի նախապես հայտարարած բաց մրցույթը՝ ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար։ Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։
Մրցույթին հայտ էր ներկայացրել պաշտոնի 4 հավակնորդ՝ ՀԱԱՀ «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության ֆերմայի վարիչ, ՀԱԱՀ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի դոցենտ, անասնաբուժ․ գիտ․ թեկնածու Արեւիկ Ազիզյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, անասնաբուժ․ գիտ․ թեկնածու Սոնա Ծառուկյանը եւ տեխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը։
Գաղտնի քվեարկության անցկացումից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակեց ՀԱԱՀ ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի բոլոր 20 անդամները մասնակցել են քվեարկությանը, Հրաչյա Զաքոյանին կողմ է քվեարկել 19-ը, դեմ՝ 1-ը։
Մյուս երեք թեկնածուների օգտին կողմ քվեարկող չի եղել ։
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդն ընդունեց որոշում Հրաչյա Զաքոյանին ռեկտոր ընտրելու մասին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews