ԳլխավորԼուր

Ռեկտորների խորհրդի անդրանիկ նիստը՝ ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի անդրանիկ նիստը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Նիստին մասնակցել են ՀՀ բուհերի ռեկտորներ, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ:

Ռեկտորների խորհրդի նիստը նվիրված էր օտարերկրյա որակավորումների ճանաչմանը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար: Բարձրագույն կրթության ազգային համակարգի համար 2021 թվականը հատկանշական էր, քանի որ ՀՀ-ն վավերացրել է բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման Տոկիոյի կոնվենցիան. նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն հավանության է արժանացել «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Բոլոր երեք կոնվենցիաները (Լիսաբոնի/2004, Տոկիոյի/2021 և Գլոբալ/2021) ունեն ռազմավարական նշանակություն և խթանում են աշխարhի տարբեր տարածաշրջաններում ՀՀ որակավորումների ճանաչումը, միջազգային կրթությունը, ակադեմիական և մասնագիտական շարժունությունը:

«Փոխճանաչման կոնվենցիաները կիրարկելու համար պետք է լինեն ազգային մեխանիզմներ և համապատասխան ընթացակարգեր: Այս նիստին Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) մեր գործընկերները ներկայացնելու են՝ ինչ է փոխճանաչումը, ով է դա իրականացնում, այս գործընթացում որն է ԱՓՇԱՏԿ-ի, բուհերի և ԿԳՄՍ նախարարության դերը, ինչպես կարող ենք ամրապնդել համագործակցությունը, կատարելագործել փոխճանաչման ազգային մեխանիզմները»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Ըստ փոխնախարարի՝ բուհերին լիազոր մարմնի պատասխանատվությամբ պետք է ներկայացվեն ոլորտում գործող լավագույն փորձը և հնարավորությունները:

Նիստի ընթացքում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գ. Հարությունյանը և բարձրագույն կրթության փորձագետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրել են կենտրոնի իրականացրած հետազոտությունը, որի նպատակն է խթանել ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման գործընթացը: Հետազոտության արդյունքների և եզրակացությունների հիման վրա հրատարակված ձեռնարկը միտված է բարելավելու ՀՀ-ում ինստիտուցիոնալ ճանաչման գործընթացը` Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի հիմնական սկզբունքներին համապատասխան:

ԱՓՇԱՏԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքների ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում ճանաչման գործընթացում առկա խնդիրների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և գործող ընթացակարգերի վերանայման վերաբերյալ: