ԳլխավորԼուր

«Մեր մեծերի սերը». ամփոփվել է քվեսթ ինտելեկտուալ խաղ-մրցույթը

Փետրվարի 11-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական խորհրդի, Հ. Թումանյանի թանգարանի և Արարատյան Հայրապետական թեմի համատեղ նախաձեռնած «Մեր մեծերի սերը» քվեսթ/ինտելեկտուալ խաղ-մրցույթի ամփոփումը։

Քվեսթը նվիրված էր Սուրբ Սարգսի տոնին։ Խաղը սկսվել էր փետրվարի 7-ին։ Մինչև փետրվարի 11-ը ԵՊՀ ուսանողներն իրենց թիմերով շրջել են Երևանի թանգարաններով՝ փնտրելով բանալի բառեր ու հանելուկներ։ Յուրաքանչյուր հանելուկ ուղղորդում էր դեպի մեկ այլ թանգարան։

«Ամփոփիչ միջոցառումը ուղեկցվեց մեր մեծերի ստեղծագործությունների ասմունքով, երաժշտական դաշնամուրային կատարումներով։

Միջոցառման ավարտին Հովհաննես Թումանյանի թանգարանը առաջին տեղը զբաղեցրած «Ալգորիթմ» թիմին ընձեռեց բացառիկ հնարավորություն բացելու Թումանյանի աշխատասենյակում գտնվող սրտի տուփը, որտեղ անակնկալ էր թաքցրած բոլոր թիմերի համար»-,նշված է ԵՊՀ ուսխորհրդի ֆեյսբուքյան գրառման մեջ։