ԳլխավորԼուր

Տոնական միջոցառումներ՝ Չարենցի տուն-թանգարանում

Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։

Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին՝ ժամը 14։00-ին, տուն-թանգարանն առաջին անգամ կկազմակերպի առցանց էքսկուրսիա։

Նույն օրը՝ ժամը 18։30-ին, տեղի կունենա գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես կգան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Սաթենիկ Սարգսյանը (ֆլեյտա)։ Ծրագրում կհնչեն Վ. Ա. Մոցարտի, Ջ. Ռոսինիի, Գ. Ֆ. Հենդելի, Ա. Վիվալդիի, Ա. Չեստիի, Ալ. Ստրադելլայի, Հ. Պյորսելի ստեղծագործություններից, ինչպես նաև աշխարհահռչակ դասականների չարենցյան թարգմանությունները (ասմունքող՝ Սոնա Համբարձում)։

Ե. Չարենցի ծննդյան 124-ամյակի օրը՝ մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, բանաստեղծի տուն-թանգարանում տեղի կունենա «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը և Ռեգինա Ղազարյանի* «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունը։

ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդելու Ե. Չարենցի ձեռագրերը և տարածվելու են թանգարանի ցուցասրահով: Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը։

Միջոցառմանը ելույթ կունենա «Նաիրյան» վոկալ անսամբլը:

* Ռեգինա Ղազարյանը (հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի) Եղիշե Չարենցի մտերմուհին էր, որին գրողը վստահել է ստեղծագործական վերջին շրջանի անտիպ ստեղծագործությունների պահպանությունը: Բանտում շապիկի թիկունքին քիմիական մատիտով գրած գրության համաձայն՝ Չարենցի կինը՝ Իզաբելլան, գրողի անտիպ ձեռագրերի մի մասը հանձնում է քսաներկուամյա Ռեգինային։ Նա զմռսում է միջին չափի մի տակառ, ձեռագրերի թղթապանակները փաթաթում մոմլաթե կտորներով և դասավորելով տակառում՝ պահում է հողի տակ՝ բարեկամուհիներից մեկի տան ներքնահարկում։ Տակառը բացվում է 17 տարի անց՝ Ստալինի մահից հետո՝ 1954 թվականին, երբ արդեն «ձնհալ» էր, իսկ մեկ տարի անց՝ 1955 թվականին, Եղիշե Չարենցը հետմահու արդարացվում է:

Comment here