ԳլխավորԼուր

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Բրիտանական թանգարան

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ։

Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Ցուցադրությունը բացվել է մայիսի 4-ին և գործելու է մինչև օգոստոսի 13-ը:

Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։

Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոն են մեկնել՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: