ԳլխավորԼուր

Հանրակրթության նոր չափորոշիչներում փոփոխություններ կարվեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն թվականի սեպտեմբերից՝ փորձարկվել Տավուշի մարզի դպրոցներում: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը կներդրվի փուլային տարբերակով ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Միաժամանակ, հաշվի առնելով փորձարկման երկու տարվա փորձը՝ նախագծով չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են լավարկելու գործընթացը:

«Դրանք հիմնականում երկու պատճառ ունեն՝ առաջինը բուն փորձարկման գործընթացն է, որի ժամանակ նկատել ենք բարելավման կարիք ունեցող հարցեր, օրինակ՝ կրթական տարբեր աստիճաններում ժամաքանակի բաշխման, սովորողների գնահատման, նախագծային ուսուցման և տարբեր առանձնահատկությունների հետ կապված ձևակերպումների խմբագրումներ: Երկրորդը հիմնված է այս ընթացքում օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վրա. օրինակ՝ փոխվել է «Հանրակրթության մասին» օրենքը: Այս փոփոխությամբ ամբողջությամբ համահունչ կդարձնենք օրենսդրությունը և դրանով ավելի հստակ դաշտ կստեղծենք դպրոցների համար»,- ներկայացնելով նախագիծը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Տավուշի դպրոցներում փորձարկման գործընթացի արտաքին անկախ գնահատում է իրականացվել, որի վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին, սակայն նախնական տվյալները բավականին ոգևորիչ են. «Դրանք ցույց են տալիս, որ նոր չափորոշիչն իրապես լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման ու որակյալ կրթության կազմակերպման վրա, ինչպես նաև ստեղծվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր միջավայր»:

Մանրամասները՝ տեսանյութում։